Լրահոս

03.04.2013 20:03


Հեդվիգ Բյուլ. ծննդյան 125-ամյակի առիթով

Հեդվիգ Բյուլ. ծննդյան 125-ամյակի առիթով

Հեդվիգ Բյուլը ծնվել է 1887թ. Էստոնիայի Հաապսալու փոքրիկ քաղաքում: Լինելով բարեկեցիկ ընտանիքի զավակ` Հեդվիգը ստացել է հիանալի կրթություն (Սանկտ Պետերբուրգում բարձրագույն մանկավարժական, իսկ Գերմանիայում` միսիոներական կրթություն): Նա տիրապետել է մայրենի էստոներենին, ռուսերենին, ֆրանսերենին, անգլերենին, գերմաներենին, իսկ Կիլիկիայում միսիոներական առաքելությունն իրականացնելու ընթացքում` նաև թուրքերենին և հայերենեին: 

1909թ. երիտասարդ Հեդվիգը եվրոպական մամուլի էջերից տեղեկանում է Ադանայում հայկական կոտորածների սարսափազդու լուրերին և կայացնում իր համար ճակատագրական որոշում. մեկնել հեռավոր երկիր` կոտորածների հետևանքով որբացած քրիստոնյա երեխաների փրկության գործին մասնակցելու համար: 1911թ. նա ժամանում է Կիլիկիա և անցնում աշխատանքի Մարաշի ծնողազուրկ հայ երեխաների համար գերմանացի ավետարանական քարոզիչների կողմից բացված «Բեյթել» որբանոցում` որպես ուսուցչուհի: Այստեղ չորս տարի պաշտոնավարելուց հետո` 1915թ. նա ականատես եղավ երիտթուրք իշխանությունների կողմից իրականացվող հայկական կոտորածերին: 1916-19թթ. Հեդվիգ Բյուլն աշխատել է նույն միսիոներական առաքելությանը պատկանող Հարունիե գյուղի (Մարաշից հարավ) գերմանական որբանոցում: 1918թ. երիտասարդ միսիոներուհին իր գործադրած գերմարդկային ջանքերի շնորհիվ կարողացավ թուրքական աքսորից փրկել որբանոցի սաներին և նրանց ազատել վերահաս վտանգից: 1919թ. հաշվի առնելով Կիլիկիայում ստեղծված քաղաքական իրավիճակը` Հ. Բյուլը հարկադրված էր մեկնել Էստոնիա: Սակայն նրա բաժանումը իր սիրելի հայ ժողովրդից երկար չտևեց: 

1922թ. սկսվում է Հ. Բյուլի հայասիրական գրոծունեության երկրորդ փուլը: Նա անդամագրվում է Ստասբուրգ քաղաքում հիմնադրված «Քրիստոնեական առաքելություն Արևելքի մեջ» ավետարանական մարդասիրական կազմակերպությանը և մեկնում Հալեպ: Այդ ժամանակ Սիրիայում կար ավելի քան 160 000 գաղթական, որոնք հիմնականում ապաստան էին գտել Հալեպի Սուլեյմանիե և Ռամատանիե արվարձաններում կառուցված հյուղակներում («Հայկական քեմփ») և ապրում էին ծայրահեղ աղքատության ու թշվառության մեջ: Կենցաղային տարրական պայմաններից զուրկ հայ գաղթականության շրջանում խիստ տարածված էին վարակիչ զանազան հիվանդություններ, որոնք օրական հարյուրավոր մարդկային կյանքեր էին խլում: Անհրաժեշտ էր շտապ կերպով կազմակերպել հիվանդների փրկության գործը: Հալեպում Հ. Բյուլի նախաձեռնությամբ բացվում է հիվանդանոց, որտեղ աշխատում են Սիրիայի նշանավոր հայ բժիշկները (Ավետիս Ճեպեճյան, Ֆիլիպ Հովնանյան և այլն): «Հայկական քեմփ»-ում ապրող հայ գաղթականների վիճակը թեթևացնելու ուղղությամբ կարևոր քայլերից մեկը եղավ աշխատատեղերի ստեղծումը: Հ. Բյուլն իր մարաշցի ծանոթների օգնությամբ հիմնում է ջուլհականոց և ձեռագործի արհեստանոց: Այստեղ աշխատանք գտան մոտ 500 հայ կանայք և աղջիկներ, որոնց ստեղծած կարպետներն ու ձեռագործները վաճառվում էին եվրոպական երկրներում, իսկ ստացված հասույթը տրվում էր հայ կանանց` իրբև աշխատավարձ:

Հեդվիգ Բյուլի նախաձեռությամբ Հալեպի տարբեր դպրոցներում սովորող ավելի քան 250 հայ երեխաների համար սահմանվում են կրթաթոշակներ: Նա մշակեց նաև երեխաների որդեգրման մի յուրօրինակ ձև, որի համաձայն եվրոպական բարերար ընտանիքները պետք է որդեգրեին Հալեպում հաստատված հայ գաղթական ընտանիքի երեխաներից մեկին և ամսեկան մեկ ոսկի ուղարկեին որդեգրվածի հարազատներին: Իր կատարած բազմաթիվ հայանպաստ աշխատանքների համար Հ. Բյուլն անչափ սիրված էր Հալեպի հայ համայնքի կողմից, որի համար արժանացել է §Բյուլ Մայրիկ» պատվավոր կոչմանը:

1947թ. աշխարհասփյուռ հայության համար Խորհրդային Հայաստան ներգաղթելու առիթ է ընձեռնվում: Բազմաթիվ սիրիահայեր, այդ թվում նաև Հ. Բյուլին հարազատ դարձած մարդիկ, հաստատվում են Մայր հայրենիքում: Հայասեր էստոնուհու նվիրական երազանքն էր իր սիրիահայ բարեկամների հետ բնակություն հաստատել Հայաստանում, սակայն ներգաղթի կոմիտեն մերժում է նրա խնդրագիրը:

Գրեթե 40 տարի իր կյանքն անմնացորդ նվիրելով հայ ժողովրդին` Հ. Բյուլը 1951թ. 64 տարեկան հասակում հեռանում է Հալեպից` այդպես էլ չունենալով սեփական ընտանիքը: Սակայն նա չի կարողանում վերադառնալ հայրենի Էստոնիա, քանի որ այն Խորհրդային Միության կազմում էր, հետևաբար մուտքի թույլտվություն ստանալն` անհնար: Հ. Բյուլը հաստատվում է Եվրոպայում: Այստեղ նա շարունակում է նամակագրական կապը իր նախկին սաների հետ, որոնք ցրվելով աշխարհով մեկ` չէին մոռանում սիրելի Բյուլ Մայրիկին: Նրանցից մեկին ուղղված նամակում Հեդվիգ Բյուլը գրել էր. «…իմ սիրտը հայ է…»: 

1965թ. 78-ամյա Բյուլը կրկին ժամանեց Սիրիա, ապա Լիբանան` մասնակցելու Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին Հալեպում և Բեյրութում: Կյանքի վերջին տարիները Հ. Բյուլն անցկացրեց գերմանական ծերանոցներից մեկում: 90-անց զառամյալ կինը` մահվան մահճում պառկած, մոռացել էր այն վեց լեզուները, որոնց նա ազատորեն տիրապետում էր և ծերանոցի աշխատակիցների հետ հաղորդակցվում էր միայն իրեն հարազատ դարձած հայերենով: Բյուլ Մայրիկը մահացավ 1981թ. հոկտեմբերի 3-ին` 94 տարեկան հասակում:

2003թ. նրա գերեզմանից բերված հողը ամփոփվեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի Հուշապատի մեջ: 

http://www.genocide-museum.am/arm/04.03.2013.php
Օգտագործված գրականություն
Վարդան Գրիգորյան, Հայությանը նվիրված կյանք, Երևան, 1996թ., 87 էջ:
 

Այս խորագրի վերջին նյութերը