Հարցազրույց

03.04.2013 12:09


Վահան Բաբայան

Վահան Բաբայան

Հարցազրույց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հետ

–«Ընդդիմադիր» մամուլը, ինչպես նաև իշխանական թևի շատ ներկայացուցիչներ, հատկապես վերջին շրջանում, կրկին «հիշել» են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ու իրենց ամենօրյա թիրախը դարձրել։ Ինչո՞վ եք սա բացատրում և ինչպե՞ս եք գնահատում։

Դա պայմանավորում եմ նրանով, որ «Բարգավաճ Հայաստանը» իրոք այլընտրանք է իշխանությանը, հասարակությունն էլ դա այսօր հասկանում է, ինչը պայմանավորված է հասարակական լայն շերտերի մեջ մեր հանդեպ ունեցած վստահությամբ և նվիրվածությամբ:

ԲՀԿից բազմաթիվ անգամներ զգուշացրել են, որ նմանօրինակ հարձակումվիրավորանքները կրկնակի պատասխան են ստանալու։ Բայց արդյոք դա՞ է ճիշտ լուծումը։ Արդյոք այդ վիրավորանքներին նույնաբովանդակ պատասխաններ տալով՝ Դուք  հենց նրանց ջրաղացին ջուր չե՞ք լցնում։ Այլ լուծում չկա՞։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երբեք թույլ չի տվել, որ իր հասցեին նման արտահայտություն անողները մնան անպատասխան, և իհարկե, համամիտ եմ այն կարծիքին, որ յուրաքանչյուր ստոր ապատեղեկատվություն, անվայել արտահայտություններ և քաղաքական հարթությունից դուրս հնչող ձևակերպումներ արժանանալու են նույնիսկ եռակի ու քառակի հակադարձման, քանի որ մենք երբևէ առաջինը մեզ թույլ չենք տալիս քաղաքական էթիկայից դուրս որևէ գնահատական տալ քաղաքական դաշտի մեր ընդդիմախոսներին:

Երեկ տեղի ունեցած միջադեպին, երբ ԲՀԿական երիտասարդներից մեկը հրավիրվել էր ոստիկանություն, և տեղեկություն տարածվեց, թե ԲՀԿականներին ձերբակալել են, իր ֆեյսբուքյան էջում արձագանքել էր ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ նշելով, թե սրանով ոստիկանությանը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու հերթական փորձն է արվում՝ դրանից դիվիդենտներ շահելու հեռակա նպատակով: Այս մասի՞ն ինչ կասեք։

Ինչպես ես, այնպես էլ կուսակցության մամուլի խոսնակը, եթե ուշադիր եք եղել, ձերբակալությունների մասին հայտարարություններով հանդես չենք եկել, այլ ընդամենը հետաքրքրվել, այցելել ու արձագանքել ենք մեր ակտիվիստների նկատմամբ տեղի ունեցող ինչ-ինչ իրադարձություններին, բայց միևնույն ժամանակ ասել ենք, որ կան խնդիրներ, և մենք հետևողական ենք լինելու մեր գործընկերների հետ ցանկացած խնդրահարույց իրադարձություններին և մեր ամբողջ թիմով կանգնելու ենք մեր ակտիվիստների կողքին: Աշոտ Ահարոնյանին հուշեմ նաև, որ կուսակից ընկերների ճակատագրով հետաքրքրվելը ամենևին չի նշանակում ոստիկանության հաշվին դիվիդենտներ շահել:

Ի վերջո ի՞նչ պարզվեց, ինչո՞ւ էին ձեր կուսակցին հրավիրել ոստիկանություն, և ընդհանրապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ տարատեսակ ճնշումներ կա՞ն։

Զերծ կմնամ առայժմ գնահատականներ տալուց, ժամանակը ցույց կտա, բայց կուզեմ նաև նշել, որ պաշտոնական տեղեկատվություններն ու արձագանքները միշտ ավելի գեղեցիկ են ձևակերպվում, քան բուն ժողովրդի հետ շփման ընթացքում ստացած տեղեկատվությունը:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը