Լրահոս

03.04.2013 08:34


«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը ցավակցում է Հրաչ Մուրադյանի մերձավորներին, հարազատներին ու ընկերներին

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը ցավակցում է Հրաչ Մուրադյանի մերձավորներին, հարազատներին ու ընկերներին

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբն իր խորը զայրույթն է հայտնում Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դավադիր սպանության առթիվ և ցավակցում է նրա մերձավորներին, հարազատներին ու ընկերներին:

Հրաչ Մուրադյանը Սիրիայից ներգաղթած ընտանիքի զավակ էր: Նա ՀՅԴ և նրա առաջին մարտական ջոկատների անդամ էր և մեծ ավանդ ուներ Արցախյան ազատամարտում, Շուշիի առանձնակի գումարտակի հիմնադիրներից էր: 2005 թվականից ընտրվելով գյուղապետի պատասխանատու պաշտոնում, նախկին ազատամարտիկը զբաղված էր հայրենի գյուղի առօրյա խաղաղ հոգսերով, նրա բարեկարգմամբ ու շենացմամբ:

Հրաչ Մուրադյանը տեսակով ազնիվ, անկաշառ, անարդարության և ապօրինության դեմ ընդվզող ու պայքարող մարդ էր, ինչը համատեղելի չէր մարդու կյանքը որպես արժեք չգնահատող հանցավոր համակարգի կառավարման հիմքում դրված քրեական արժեհամակարգի հետ:

Ինչպես մինչ օրս տեղի ունեցած շատ սպանություններ և բռնության այլ դրսևորումներ, Հայրենիքին ու ժողովրդին անմնացորդ կերպով նվիրված ազատամարտիկի, հանրային պաշտոնյայի և ընտանիքի հոր այս սպանությունը ևս պետական կառավարման  համակարգում ու վերնախավում գերիշխող քրեածին բարքերի, անպատժելիության և հանցավոր ամենաթողության հետևանք է:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը «ապահով» Հայաստան կառուցող վարչախմբի իրավապահ մարմիններից ու դրանց պաշտոնատար անձանցից պահանջում է ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի սպանության գործի բացահայտմանը վերաբերել խստագույն պատասխանատվությամբ և նկատի ունենալ, որ հակառակ պարագայում իր վրա կծանրանա նաև այս հանցագործության մեղքի համապատասխան բաժինը:

Այս խորագրի վերջին նյութերը