Լրահոս

30.03.2013 14:20


Բանակի հզորությունից է կախված մեր սահմանների անվտանգությունը

Բանակի հզորությունից է կախված մեր սահմանների անվտանգությունը

ՀՀ սահմանների անվտանգության ապահովումը ՀՀ զինված ուժերի ամենակարևոր խնդիրներից է: Հայկական բանակի սպան և զինվորը վստահորեն մարտական հերթապահություն են իրականացնում շփման գծի ամբողջ երկայնքով: Հերթական անգամ իրենց լավագույնս դրսևորած մի շարք զինծառայողներ մարտի 30-ին պարգևատրվել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից:

ՀՀ սահմանները պաշտպանելիս, մարտական հերթապահության, բարդ իրավիճակներում արագորեն կողմնորոշվելու, ինչպես նաև զգոնություն, վճռականություն և խիզախություն ցուցաբերելու համար ՀՀ զինված ուժերի զինծառայողներ, կապիտան Սմբատ Վարդանյանը, ավագ լեյտենանտ Ապետ Սարգսյանը, ինչպես նաև պայմանագրային զինծառայողներ ավագ Արթուր Վարդումյանը, սերժանտ Հայկ Մարտոյանը, կրտսեր սերժանտ Նահապետ Ղևոնդյանն ու շարքային Արմեն Շախիկյանը պարգևատրվել են «Մարտական հերթապահության համար» 1-ին աստիճանի, «Վազգեն Սարգսյան» և «Ծովակալ Հ. Ս. Իսակով» մեդալներով:

Շնորհավորելով զինծառայողներին պարգևատրման կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ բանակի հզորությունից է կախված մեր ժողովրդի անվտանգությունը և կարևորել է զինծառայողների ցուցաբերած խիզախությունը: Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ նրանց խիզախությունը օրինակելի պետք է լինի ազգային բանակի բոլոր զինծառայողների համար: 

Անմիջական զրույցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զինծառայողների թե՛ նյութական ապահովվածության, թե՛ սոցիալ-կենցաղային հարմարավետության պայմաններին, խոսել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ: Սեյրան Օհանյանը հայրենիքի պաշտպաններին մաղթել է ոգու արիություն, տոկունություն, առողջություն և բարի ծառայություն:

Այս խորագրի վերջին նյութերը