Լրահոս

30.03.2013 11:26


Սոցիալական ոլորտի չարաշահումների «քույր» գործերով մեղադրանքները հիմնավորվում են

Սոցիալական ոլորտի չարաշահումների «քույր» գործերով մեղադրանքները հիմնավորվում են

«Փաստինֆոյի»–ի փոխանցմամբ՝ մինչ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործը նոր-նոր թափ է առնում, իսկ գլխավոր ամբաստանյալը փորձում է հասկանալ ինչում են իրեն մեղադրում, մայր գործի զավակ գործերով կայացվում են դատական ակտեր: Ավելին, արդեն գործեր կան, որոնք քննվել են նաև վերաքննության կարգով վերաքննիչ դատարանում, որոնց արդյունքում հիմնավորվել են առաջադրված մեղադրանքները:

Այսպես, ըստ նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքի՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարումների ծառայության Երևանի «Էրեբունի-2» տարածքային ստորաբաժանման տեսուչ-վճարող Արթուր Վարդանյանը 2005-2010թթ. ընթացքում կեղծելով պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող և իրավունք վերապահող վճարային ցուցակներում ընդգրկված 26 կենսաթոշակառուների ստորագրությունները, նրանց անվամբ անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 4 417 871 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարները:

2013թվականի հունվարի 21–ին, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Վ.Գրիգորյանի նախագահությամբ, Արթուր Վարդանյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3 մասի 1–ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը, և ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1–ին մասով՝ փաստաթուղթ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը:

Դատավճռով Արթուր Վարդանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 3 տարի 11 ամիս ժամկետով` 3.613.583 ՀՀ դրամը չգերազանցող գույքի բռնագրավմամբ: Այդ գումարը Արթուր Վարդանյանից հօգուտ պետական բյուջեի պետք է բռնագանձվի՝ որպես հանցագործության հետևանքով պետությանը պատճառված գույքային վնասի հատուցում:

Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3 մասի 1–ին կետով նա դատապարտվել է ազատազրկման 5 տարի 3 ամիս ժամկետով` 3.613.583 ՀՀ դրամը չգերազանցող գույքի բռնագրավմամբ: Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20–րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ Ա. Վարդանյանի նկատմամբ նշանակված պատժաչափը կրճատվել է մեկ քառորդով: Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1–ին մասով նշանակված 1 տարվա ազատազրկման պատիժը կրելուց նա ազատվել է՝ հիշյալ համաներման որոշման կիրառման արդյունքում:

Առաջադրված մեղադրանքներում ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և մինչ դատաքննությունը սկսելը միջնորդել դատարանին` դատական քննություն անցկացնել արագացված կարգով: Մեղադրող Հ.Ենոքյանը չէր առարկել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին ամբաստանյալ Ա.Վարդանյանի և նրա պաշտպան Վ.Գևորգյանի միջնորդության դեմ, և դատարանը բավարարել էր միջնորդությունը:

Պատժի տեսակ և չափ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալ Ա.Վարդանյանը նախկինում արատավորված և դատապարտված չի եղել, իրեն լիովին մեղավոր է ճանաչում, անկեղծորեն զղջում կատարածի համար, բնութագրվում է դրականորեն, պետությանը պատճառված գույքային վնասից կամովին հատուցել է 804.288 ՀՀ դրամ, որից 729.288 ՀՀ դրամը վերականգնել է նախաքննության փուլում, իսկ 75.000 ՀՀ դրամը` դատաքննության ընթացքում: Որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ դատարանը համարել է պատիժ նշանակելու պահին ամբաստանյալ Ա.Վարդանյանի խնամքի տակ մինչև 14 տարեկան երկու երեխաների առկայությունը:

Դատավճիռը՝ պատժաչափի մասով, Արթուր Վարդանյանը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ խնդրելով բեկանել և փոփոխել, մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նշանակել նվազագույն պատժից ավելի մեղմ պատիժ և պայմանականորեն այն չկիրառել:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Ռեհանյանի նախագահությամբ, 2013թ. մարտի 29-ի որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը և ստորադաս դատարանի դատական ակտը թողել անփոփոխ:

Այս խորագրի վերջին նյութերը