Քաղաքական

29.03.2013 20:07


Կիրակի Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս կգա ծոմից և, հակառակ իր հայտարարության, դուրս կգա նաև Ազատության հրապարակից

Կիրակի Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս կգա ծոմից և, հակառակ իր հայտարարության, դուրս կգա նաև Ազատության հրապարակից

Այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ այս կիրակի՝ Սուրբ Զատկի պատարագից հետո, դադարեցնելու է իր ծոմը։

–Հարության տոնի պատարագից հետո հավատի, հայրենիքի, խաղաղության ապագայի համար իմ համեստ ծոմը ավարտելու եմ,- հայտարարել է նա։

Րաֆֆի Հովհաննիսյանն ավելացրել է նաև, որ ծոմն ավարտելուց հետո՝ առանց ընդմիջման՝ «կազդուրման», ապրիլի 1-ից վերսկսելու է մարզային հանդիպումները՝ պատրաստվելու ապրիլի 9-ին։ 

–Ինձնից այդքան շուտ չեք պրծնելու։ Մինչև կիրակի էստեղ եմ դեռ,–հայտարարել է նա։

Հիշեցնենք, սակայն, որ ընդամենը մի քանի օր առաջ՝ մարտի 27–ին, Րաֆֆի Հովհաննիսյանը պնդում էր, թե ինքը մինչև այս հանգրվանի ավարտը դուրս չի գալու Ազատության հրապարակից, և Սերժ Սարգսյանը դա գիտի, իսկ ապրիլի 9-ի ջրբաժանում ժողովրդի գերակշիռ մասը և ինքն այլևս ընդդիմություն չեն լինի։

Հիշեցնենք նաև, որ մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը չի պատրաստվում Ազատության հրապարակ գնալ։

«Իմ խորին համոզմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարելով՝ գործընթացները դուրս դրեց քաղաքական պրոցեսից: Ես գնամ ի՞նչ խոսեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Ինքս ինձ եմ հարցնում՝ գնամ ինչի՞ մասին բանակցեմ. աշխարհի վրա դառնացած և արդեն 8 օրը լրացած սոված մարդու հետ: Ինչպես Դուք եք ասում՝ հնարավոր է նաև առողջական վիճակը շատ գերազանց չլինի: Որովհետև բանակցություններ` չի նշանակում հաճոյախոսություններ փոխանակել, չէ՞: Չեմ տեսնում դրա արդյունքը, չեմ տեսնում դրա իմաստը: Եթե ես գնալու լինեի այնտեղ, միայն պետք է գնայի մի նպատակով`մեկ անգամ ևս հորդորելու, խնդրելու Րաֆֆի Հովհաննիսյանին՝ հացադուլ չանել, ընտրել պայքարի (դիտավորյալ եմ այստեղ բաց թողնում քաղաքական բառը) այլ ձևեր: Ես դա հիմա եմ անում՝ Րաֆֆի՛ Հովհաննիսյան, հորդորում եմ դադարեցրեք հացադուլը, ես Ձեզ աղաչում եմ, խնդրում եմ: Գիտեք, բայց մի կարևոր շատ էական հանգամանք էլ կա. ես չգիտեմ, թե ի՞նչ պայմանով է Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարել, կարո՞ղ եք ասել, հուշեք ինձ: Դուք ինֆորմացիայի տիրապետող մարդ եք, հուշեք` ի՞նչ պայման է դրել Րաֆֆի Հովհաննիսյանը: Ես շատ ուշադիր ծանոթացել եմ նրա ելույթին, որ, ցավոք, ապականված էր հայհոյանքներով, անձնական վիրավորանքներով, ինչը սազական չէ Րաֆֆի Հովհաննիսյանին: Բայց ես այնտեղ մի բան եմ տեսել»,–ասել էր Սերժ Սարգսյանը։

Դրանից հետո Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված նամակում Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել էր.

«Շնորհակալ եմ մեր հանդիպման ժամանակ արված իմ առաջարկությունը վերջապես ընդունելու և Ձեր մտքերը թղթին հանձնելու ու փոխանցելու համար... Իմ հորդորն է Ձեզ՝ դադարեցրեք խնդրում եմ հացադուլը, մեկ-երկու օր կազդուրվեք և մենք միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսենք աշխատել, լուրջ աշխատել՝ անգամ հիմք ընդունելով հենց Ձեր կողմից առաջարկված, այս պահին թեկուզև շատ հում շարադրանքը»։

Իսկ ՀՀ նախագահի մամլո խոսնակի վերջին արձագանքում Արմեն Արզումանյանը նշել էր, որ Սերժ Սարգսյանի՝ ս/թ. մարտի 25-ի նամակում արված առաջարկությունը դեռ շարունակում է մնալ ուժի մեջ՝ չնայած հրապարակից հնչող անհիմն վերջնագրերի լեզուն ժամ առ ժամ նվազեցնում է դրա արդիականությունը, և նախագահի հանդիպումները կազմակերպվում են վաղօրոք պլանավորված արարողակարգով, կանխավ ամրագրված ժամերի և տեղի են ունենում նախագահական նստավայրում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը