Լրահոս

29.03.2013 16:00


Պետական բյուջեի եկամուտները կազմել են 155.7 մլրդ դրամ

Պետական բյուջեի եկամուտները կազմել են 155.7 մլրդ դրամ
2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 155.7 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 131.7 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 70%-ով և 58.6%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում հունվար-փետրվար ամիսներին պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասինե ՀՀ օրենքի 9‑րդ հոդվածի 11‑րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Մասնավորապես` արտաբյուջետային եկամուտները կազմել են շուրջ 3.4 մլրդ դրամ կամ առաջին եռամսյակում նախատեսված մուտքերի 76.9%‑ը, իսկ ծախսերը` 1.6 մլրդ դրամ կամ եռամսյակային ծրագրի 36.1%-ը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 15.1%-ով, ծախսերի գծով` 13%-ով:

ՀՀ պետական բյուջեի եկամուտները

2012 թվականի հունվար-փետրվար ամիսների համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 30.5%‑ով կամ 36.4 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:
Պետական բյուջեի եկամուտների 94.8%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 4.9%-ը` այլ եկամուտների, 0.3%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 147.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 69.8%-ը: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 30.5%‑ով կամ 34.5 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքի գծով մուտքերի աճով: Բացի այդ, 2013 թվականից հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ նախկինում սահմանված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն ներդրվել է մեկ միասնական` եկամտային հարկ, որի գծով անցած երկու ամիսների ընթացքում պետական բյուջե է մուտքագրվել 24.1 մլրդ դրամ: Նշված մուտքերը` հաշվետու ժամանակահատվածում մուտքագրված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հետ միասին (որոնք մուտքագրվել են նախորդ տարվա պարտավորությունների գծով) 20.9%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մուտքագրված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մուտքերը: 2013 թվականից ներդրվել է ևս մեկ նոր հարկատեսակ` շրջանառության հարկը, որի գծով հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 991.4 մլն դրամ:
2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 45.3%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է շուրջ 66.8 մլրդ դրամ և 47.3%-ով կամ 21.5 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը, ինչն ապահովվել է ևԲ ներքին շրջանառությունից, ևԲ ներմուծումից ստացված եկամուտների հաշվին:
Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 5.2%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով շուրջ 7.7 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 3.9 մլրդ դրամ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` շուրջ 3.8 մլրդ դրամ: Ընդ որում, տեղական արտադրության ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 13.4%-ով` հիմնականում պայմանավորված ծխախոտի և օղու գծով մուտքերի նվազմամբ, իսկ ներմուծվող ապրանքների գծով մուտքերը` ավելացել 26.8%-ով. արդյունքում ակցիզային հարկի ընդհանուր մուտքերն աճել են 3.2%-ով կամ 241.3 մլն դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 8.5%‑ը ձևավորվել է շահութահարկի հաշվին` կազմելով 12.5 մլրդ դրամ: Նախորդ տարվա հունվարի համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 0.6%-ով կամ 73.1 մլն դրամով:

2013 թվականի հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա պարտավորությունների գծով ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 6.3 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի և տուրքերի 4.3%-ը:

Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են 7.6 մլրդ դրամ կամ հարկերի և տուրքերի 5.2%-ը և 2.2 անգամ գերազանցել 2012 թվականի համապատասխան ցուցանիշը:
2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 3.5 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով առաջին եռամսյակի ծրագրի 65.7%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 10.2%-ով կամ 326.5 մլն դրամով:
Հաշվետու տարում գործունեության առանձին տեսակներից գանձվել են շուրջ 1.8 մլրդ դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 1.2%-ը: Նշված ցուցանիշը նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ նվազել է 44.8%‑ով:
2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 4.4 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ` կազմելով հարկերի և տուրքերի 3%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 53.7%-ով` հիմնականում պայմանավորված արդյունահանված մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար վճարվող ռոյալթիի և այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար գանձվող վճարների աճով:

2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 2 մլրդ դրամի այլ հարկեր` կազմելով հարկերի և տուրքերի 1.3%-ը: Մասնավորապես` 971.8 մլն դրամ են կազմել արտոնագրային վճարները` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 21.3 մլն դրամի դիմաց: 40 մլն դրամ է կազմել «Կոնցեսիայի մասինե ՀՀ օրենքով սահմանված ռոյալթին, 655.1 մլն դրամ` ճանապարհային վճարները, 29.1 մլն դրամ` ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) վճարները, շուրջ 37.9 մլն դրամ` հարկային օրենսդրության խախտման համար «Հարկերի մասինե ՀՀ օրենքով սահմանված տուգանքները, 130.8 մլն դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 4.2 մլն դրամ` կոնցեսիոն վճարը, և 120.2 մլն դրամ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ այլ հարկերի փաստացի ցուցանիշն աճել է 16.3%‑ով կամ 277.6 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է արտոնագրային և ճանապարհային վճարների աճով:

2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում նախորդ տարվա պարտավորությունների գծով ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 9.9 մլրդ դրամ պարտադիր սոցիալական ապահովության վճարներ:

Պետական հիմնարկների արտաբյուջետային ծրագրերի շրջանակներում պետական բյուջե են մուտքագրվել 419.2 մլն դրամի դրամաշնորհներ` կազմելով եռամսյակային ծրագրային ցուցանիշի 83%-ը:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են ավելի քան 7.7 մլրդ դրամ` 103.5%-ով ապահովելով առաջին եռամսյակի ծրագրային ցուցանիշը: Նշված գումարից շուրջ 2.9 մլրդ դրամը կազմել են ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները, որոնց եռամսյակային ծրագիրը կատարվել է 73.1%-ով: Առանց արտաբյուջետային միջոցների այլ եկամուտները 36.9%-ով գերազանցել են առաջին եռամսյակի ծրագիրը:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերը կազմել են 59.3 մլն դրամ, որոնք 2013 թվականի պետական բյուջեով չեն նախատեսվել:
Բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների գծով մուտքերը կազմել են 656.9 մլն դրամ` 217.3%-ով գերազանցելով եռամսյակային ծրագրային ցուցանիշը:
Պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 470.1 մլն դրամ տոկոսավճար` 0.2%-ով գերազանցելով եռամսյակային ծրագրային ցուցանիշը և 11.4%-ով զիջելով 2012 թվականի նույն ժամանակահատվածի փաստացի ցուցանիշը:
Հաշվետու ժամանակահատվածում ավելի քան 1.1 մլրդ դրամ է մուտքագրվել իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից` կազմելով եռամսյակային ծրագրով կանխատեսված ցուցանիշի 229.4%-ը և 50.9%-ով կամ 376.6 մլն դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտների գծով մուտքերը կազմել են 5.4 մլրդ դրամ` կազմելով եռամսյակային ծրագրով կանխատեսված ցուցանիշի 134.4%-ը (իսկ առանց արտաբյուջետային միջոցների` 309%-ը)` 40.1%-ով կամ 1.5 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

2012 թվականի հունվար-փետրվար ամիսների համեմատ այլ եկամուտներն աճել են 27.7%-ով կամ շուրջ 1.7 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտների և իրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատճամիջոցներից մուտքերի աճով:

ՀՀ պետական բյուջեի ծախսերը

2013 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.1%‑ով կամ 16.2 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ևԲ ընթացիկ ծախսերի, ևԲ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 128.2 մլրդ դրամ` 59.4%-ով ապահովելով եռամսյակային ծրագրի կատարումը: Նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 13.7%-ով կամ 15.4 մլրդ դրամով:

Ընթացիկ ծախսերից 11.9 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը կազմել է եռամսյակային ծրագրի 54.9%-ը և 20.5%-ով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով 2013 թվականի հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեից օգտագործվել է 23.1 մլրդ դրամ, որը կազմել է եռամսյակային ծրագրի 51.1%-ը և 31.7%-ով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը` հիմնականում պայմանավորված նյութերի վրա կատարված ծախսերի աճով:
Պետական պարտքի սպասարկմանը հաշվետու ժամանակահատվածում տրամադրվել է շուրջ 7.5 մլրդ դրամ` կազմելով եռամսյակային ծրագրի 72.6%-ը: Մասնավորապես` նշված գումարից 5.8 մլրդ դրամ տրամադրվել է ներքին, 1.7 մլդ դրամ` արտաքին պարտքի սպասարկմանը: Պետական պարտքի սպասարկման ծախսերը 18.4%-ով կամ 1.2 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը` պայմանավորված ևԲ ներքին, ևԲ արտաքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են 5.4 մլրդ դրամի սուբսիդիաներ` կազմելով եռամսյակային ծրագրի 23.5%-ը և 45.7%-ով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:
2013 թվականի հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեից տրամադրված դրամաշնորհները կազմել են 14.9 մլրդ դրամ, որից շուրջ 14.6 մլրդ դրամը տրամադրվել է պետական հատվածի այլ մակարդակներին, 324.8 մլն դրամը` միջազգային կազմակերպություններին: Մասնավորապես` համայնքների բյուջեներին տրամադրվել են 6 մլրդ դրամ դոտացիաներ, որոնք նախորդ տարվա համեմատ աճել են 11.6%‑ով: Դրամաշնորհների եռամսյակային ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 62.2%‑ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված ծախսերն աճել են 22.4%‑ով կամ 2.7 մլրդ դրամով:
Ընթացիկ ծախսերի 35.9%-ը` 46 մլրդ դրամ, ուղղվել է սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանը` ապահովելով ներկայացված բոլոր պարտավորությունների կատարումը և արձանագրելով եռամսյակային ծրագրի 62% կատարողական: Մասնավորապես` 32.8 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները, 13.2 մլրդ դրամ` նպաստները: Նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ նպաստների և կենսաթոշակների ծախսերն ավելացել են 4%-ով կամ 1.8 մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի միջոցներից 19.3 մլրդ դրամ տրամադրվել է այլ ծախսերին` կազմելով եռամսյակային ծրագրի 59%‑ը և 2.5%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները 2013 թվականի հունվար-փետրվար ամիսներին կազմել են շուրջ 3.6 մլրդ դրամ կամ եռամսյակային ծրագրի 38.6%‑ը: Մասնավորապես` 4 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը, որոնց եռամսյակային ծրագիրը կատարվել է 41.4%-ով: 425.4 մլն դրամ է մուտքագրվել ոչ ֆինանսական ակտիվների օտարումից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցուցանիշն արձանագրել է 28.8% կամ 796.2 մլն դրամ աճ` հիմնականում պայմանավորված շենքերի և շինությունների վրա կատարված ծախսերի աճով:

ՀՀ պետական բյուջեի հավելուրդը

2013 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 24.0 մլրդ դրամ հավելուրդով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 2.4 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Մասնավորապես` ներքին ֆինանսավորումը կազմել է -15.2 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` -8.8 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում պակասուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 17.7 մլրդ դրամով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 30.2 մլրդ դրամ օգտագործման փոխարեն:
Ներքին աղբյուրներում 4.8 մլրդ դրամ են կազմել փոխառու զուտ միջոցները, որոնք ստացվել են գանձապետական պարտատոմսերից, ‑20.0 մլրդ դրամ` ֆինանսական զուտ ակտիվները: 41.0 մլն դրամ է մուտքագրվել բաժնետոմսերում և կապիտալում այլ մասնակցության իրացումից, որը բյուջեով նախատեսված չէ: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են 3.0 մլրդ դրամի վարկեր: Ավելի քան 752.4 մլն դրամ ստացվել է տրամադրված ներքին վարկերի վերադարձից:
Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորումը կազմել է -8.8 մլրդ դրամ: Արտաքին աղբյուրներում -1.9 մլրդ դրամ են կազմել փոխառու զուտ միջոցները: Հունվար-փետրվար ամիսների ընթացքում արտաքին աղբյուրներից ստացվել են 5.5 մլն դրամի վարկային միջոցներ: Շուրջ 1.9 մլրդ դրամ ուղղվել է արտաքին պարտավորությունների մարմանը, որից 714.2 մլն դրամը հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 135.2 մլն դրամ` ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի նկատմամբ ունեցած պարտքի մարմանը, 235.2 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 650.9 մլն դրամ է տրամադրվել Էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը, 159.5 մլն դրամ` Գերմանիայի Դաշնային Հանրապետության նկատմամբ պարտավորությունների մարմանը: -6.9 մլրդ դրամ են կազմել ֆինանսական զուտ ակտիվները, որից 6.6 մլրդ դրամը հատկացվել է ԼՂՀ‑ին` որպես միջպետական վարկ: Վրաստանի կողմից միջպետական վարկի գծով առաջին եռամսյակում նախատեսված գումարն ամբողջությամբ վճարվել է` կազմելով 92.8 մլն դրամ: 401.5 մլն դրամով ավելացել է արտաքին աղբյուրներից ստացված արտաբյուջետային դրամաշնորհային միջոցների մնացորդը:

Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:

Այս խորագրի վերջին նյութերը