Լրահոս

29.03.2013 13:51


Սփյուռքահայ գործարարին թալանած կալանավոր Վլադիսլավ Մանգասարյանը հարցաքննվել է

Սփյուռքահայ գործարարին թալանած կալանավոր Վլադիսլավ Մանգասարյանը հարցաքննվել է

 Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց Մաշտոցի 33/1 շենքում բնակարանի համար վճարած, սակայն բնակարանը չստացած, խաբված գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով դատաքննությունը, որով դատարանում հարցաքննվեց քաղաքացու բնակարանը այլ անձի տված Վլադիսլավ Մանգասարյանը:  Թե ներկաներից ով կարողացավ որևէ լուրջ բան հասկանալ Մանգասարյանի դատարանում տված ցուցմունքներից, դա դեռ հարց է, սակայն միանշանակ է այն հանգամանքը, որ Վլադիսլավ Մանգասարյանի շոուն այս անգամ դատարանում հաջողություն չունեցավ: Ցուցմուքնների հենց սկզբից Մանգասարյանը ամեն կերպ փորձում էր դատավորի և ամբաստանյալ Էդուարդ Եսայանի պաշտպան Կարինե խաչատրյանի հարցադրումներին պատասխանել իր լավագույն մեթոդներից մեկով` երկար բարակ նախադասություններով, որոնց վերջն անհայտ է և որևէ ընդհանուր եզր չունի հնչած հարցի հետ: Ինչպես դատավորի, այնպես էլ մեղադրող դատախազ Լևոն Չարխիֆալակյանի բազմաթիվ փորձերը` ստիպելու Մանգասարյանին կոնկրետ հարցերին պատասխանել, անհաջողության մատնվեցին: Մանգասարայանի խոսքերում հնչած անթիվ հակասությունները նկատեցին ինչպես տուժող կողմի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը, այնպես էլ մեղադրող դատախազն ու ամբաստանյալ Էդուարդ Եսայանի պաշտպան Կարինե Խաչատրյանը:

Այս գործով կարևորագույն վկան, ով ինչպես վերջին դատաքննությունից հետո էր պարզ դարձել, որ իրականում պետք է ամբաստանյալների շարքում լինի, հնարավոր և անհնարին բոլոր միջոցներով դատարանում ի վերջո փորձեց խուսափել վճռորոշ հարցերի կոնկրետ պատասխաններից, սակայն տրված մոլորեցնող ու խճճված պատասխաններից էլ մեղադրող դատախազն ու նախագահող դատավորը հասցրեցին հետևություններ անել:

Ներկայացնել Վլադիսլավ Մանգասարյանի վկայությունը բառացիորեն անիմաստ է, քանի որ դրանից ոչինչ հանարավոր չէ հասկանալ, բացի դատախազի և դատավորի անընդհատ փորձերից` բացատրելու Մանգասարյանին, որ ոչ թե ինքն է եկել դատարանին հարցեր տալու, այլ եկել է պատասխանելու տրվող հարցերին: Սակայն լրատվամիջոցների ցանկության դեպքում նախաձեռնությունը կարող է տրամադրել Վլադիսլավ Մանգասարյանի ցուցմունքի ողջ ձայնագրությունը: Հիշեցնենք, որ Վլադիսլավ Մանգասարյանին ՊԵԿ-ի քննչական վարչությունում հարցաքննելուց և ինչպես ինքը Մանգասարյանը դատարանում հայտարարեց` Եսայանի տված ցուցմունքից հետո ձերբակալել էին, իսկ այժմ դատարանի որոշմամբ նա երկամսյա կալանքի մեջ է: Վլադիսլավ Մանգասարյանը մեղադրվում է խարդախության, փողերի լվացման և կանխամտածված սնանկության համար: Նա ներգրավված է մի քանի քրեական գործերում ևս:

Նշենք, որ տուժող լուսինե Գյուլխասյանի փաստաբան Լուսինե Հակոբյանի միջնորդությամբ հաջորդ` ապրիլի 11-ի դատական նիստում դատարանում կհարցաքննվի սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հիմնադրած ընկերության թալանում իր մասնաբաժինն ունեցած Ղևոն Ղալումյանը, ում անունը խառն է նաև Լուսինե Գյուլխասյանի բնակարանի թալանի պատմության մեջ: Այս անձը նաև որոշ բարեկամական կապեր է ունեցել տուժողների հետ, ինչը, ըստ տուժողների իրենց վստահություն է ներշնչել Ղալումյանի հանդեպ, իսկ հետո պարզվել է, որ ապարդյուն: Նշենք նաև, որ այս քրեական գործով նշանակված փորձաքննությամբ, ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից 2012 թվականի հոկտեմբերի 01-ին տրված 21 թերթից բաղկացած փորձագիտական եզրակացության  20-րդ էջում հստակ արձանագրվել է, որ 07.12.2007թ.  <<Արին Կապիտալ>> ՍՊ ընկերության բանկային հաշվին, իրոք, մուտքագրվել է Լուսինե Գյուլխասյանի կողմից բնակարանի համար տրված 37 մլն 200 հազար դրամը, որից 15 մլն 891 հազար դրամը` Վլադիսլավ Մանգասարյանի եղբոր` Ռուբեն Մանգասարյանի անվամբ, իսկ  21 մլն 309 հազար դրամը` Ղևոնդ Ղալումյանի անվամբ:

Դատական հաջորդ նիստում դատարանը պետք է ապահովի Ղևոնդ Ղալումյանի ներկայությունը:

Այս խորագրի վերջին նյութերը