Լրահոս

29.03.2013 12:48


Ռուբեն Հայրապետյանը ոստիկաններին չի մեղադրում Հայաստան–Չեխիա խաղի միջադեպի համար

Ռուբեն Հայրապետյանը ոստիկաններին չի մեղադրում Հայաստան–Չեխիա խաղի միջադեպի համար

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստան-Չեխիա ֆուտբոլային հանդիպմանը բազմաթիվ երկրպագուներ՝ տոմսերը ձեռքներին, չեն կարողացել ներկա գտնվել, քանի որ ոստիկանները նրանց թույլ չեն տվել ստադիոն մտնել։

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ողջ պատասխանատվությունը դնում է «Արմմոբիլ» ընկերության վրա։

–Իրենք են մեղավոր, որ բազմաթիվ երկրպագուների հետ առանց տոմսի ստադիոն են մտել բազմաթիվ մարդիկ ու զբաղեցրել են մյուսների տեղերը, ու նման իրավիճակ է առաջացել,-այսօր հրավիրված ասուլիսում նշել է Ռ. Հայրապետյանը՝ պնդելով, որ տոմսերի վերավաճառք չի եղել, իսկ միջադեպից տուժած երկրպագուներին, հնարավոր է, փոխհատուցում տրվի:

Փոխարենը, ավելի վաղ մասնավորապես «Epress.am»-ին ՀՖՖ–ի հասակայնության հետ կապերի բաժնից ասել էին, որ իրենք ֆուտբոլասերների իրավունքների ոտնահարման համար պատասխանատվություն չեն կրում, և որ մարզադաշտ չմտած երկրպագուների համար ոչ մի փոխհատուցում չի նախատեսվում:

«Այո, կազմակերպիչը մենք ենք, բայց նման հանրային միջոցառումների ժամանակ մենք դիմում ենք ոստիկանությանը, հրշեջներին, շտապ օգնությանը՝ մեզ օգնելու համար: Ի՞նչ անենք, չեն կարողանում իրենց գործը անել: Հիմա ի՞նչ՝ եթե մարդ մահանար խաղի ժամանակ, Աստված մի արասցե, մե՞նք էինք մեղավոր լինելու, թե՞ բժիշկները, որ օգնություն ցույց չեն տվել»,-ասել է Ֆեդերացիայի աշխատակիցը:

Իսկ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն ասել էր, որ ոստիկանությունը պատասխանատվություն չի կրում մարտի 26-ին կայացած Հայաստան-Չեխիա հանդիպման ժամանակ գրանցված միջադեպի համար։ Մալխասյանը խորհուրդ էր տվել դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, որը, նրա խոսքով, այդ միջադեպի մեղավորն է, քանի որ հենց ֆեդերացիան է եղել խաղի կազմակերպիչը:

«Ոստիկանները ընդամենը իրենց գործառույթն են կատարել. փորձել են հասարակական կարգը պահպանել»,-ասել էր Մալխասյանը:

7or.am  

Այս խորագրի վերջին նյութերը