Լրահոս

29.03.2013 11:00


«Ինչպե՞ս է որոշվում, մարդը դերակատարություն է՞ ունեցել պետության կայացման գործում, թե՞ ոչ»

«Ինչպե՞ս է որոշվում, մարդը դերակատարություն է՞ ունեցել պետության կայացման գործում, թե՞ ոչ»

Մհեր Ղալեչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարույր Հայրիկյանի այս 50 հազարի շուրջ բավական թեժ քննարկումներ են ընթանում, որոնց վերաբերյալ մի քանի դիտարկում կցանկանայի կատարելլ: 
Բոլորս էլ Հայրիկյանին մաղթում ենք առողջություն, շուտափույթ ապաքինում: Ես չեմ հանդիպել մեկին, որը հակառակը պնդի: Բայց եթե Հայրիկյանին անհրաժեշտ է բուժումը շարունակել դրսում եւ դրա համար 50 հազար դոլար է պահանջվում, ապա ո՞րն էր ելքը: Սա ասում եմ նրա համար, որովհետեւ նաեւ այդ տեսակետն էլ կա, որ մարդուն մի բան պատահի, ի՞նչ պիտի այդ ժամանակ ասենք, էլ չեմ խոսում Հայրիկյանի սիմվոլ, պետության ակունքներում կանգնած մարդ եւ այլն հիմնավորումներին: 
Իսկ տրամաբանականը կլիներ հետեւյալը. Հայրիկյանը պետք է հաշվեհամար բացեր՝ դրամով եւ տարադրամով, հայտարարեր, որ իր բուժման համար 50 հազար դոլար էր պետք եւ խնդրեր, որ ով ինչքան կարող էր, օգներ: Մարդը կուսակցություն կարծեմ ունի, համակիրներ, Հայրիկյանի ասելով՝ հազարավոր համակիրներ, մենք էլ՝ որը 1000 դրամ, որը 1000 դոլար, ով՝ որքանով կարողանար հանգանակություն կանեինք: 
Այսինքն, Հայրիկյանը պիտի աներ այն, ինչ անում են այսօր ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ, որոնք կոպեկ կոպեկ հանգանականություն են անում իրենց երեխայի, հարազատի, ծնողի կյանքը փրկելու, պատշաճ բուժումը ապահովելու համար: Հետագայում, երբ նրա մահափորձի հետ կապված նախաքննությունը կավարտվեր, դատարանի որոշմամբ մեղավորները ի հայտ կգան, Հայրիկյանը կարող էր հայց ներկայացնել՝ իր բուժման ծախսերը հանցագործներից բռնագանձելու եւ փոխհատուցելու համար: Սա դե յուրե մասն է եւ լիովին տրամաբանական: Ոչ ոք ոչինչ հաստատ բան չէր ասի, աղմուկ չէր լինի: 
Բայց երբ կառավարությունը 50 հազար դոլար է տալիս եւ հիմնավորում, որ նա անկախության գործում ավանդ է դրել, ապա անմիջապես հարցեր են առաջանում: Նախ, ցույց տվեք Սահմանադրության այն կետը, համաձայն որի անկախության համար գործ արած մարդը իրավունք ունի արտասահմանում պետության հաշվին բուժվի, իսկ ասենք Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Վաչիկ Մելքումյանը դրա իրավունքը չունի: Արմինե Գեւորգյանը շատ ճիշտ էր այդ օրինակը բերել: Ընդհանրապես, ինչպե՞ս է որոշվում, մարդը դերակատարություն է՞ ունեցել պետության կայացման գործում, թե՞ ոչ: Ի՞նչ չափանիշներով: Բերեք ցանկացած չափանիշ եւ ես այդ չափանիշով հարյուրավոր մարդկանց կներկայացնեմ, որոնք նույնպես դեր են ունեցել պետության կայացման գործում: Հարյուրավոր ազատամարտիկներ կան, որոնք նույնպես վիրավորվել պատերազմի ժամանակ եւ առ այսօր երազում են նորմալ բուժում ստանալու մասին, այդ ազատամարտիկները արդյո՞ք դեր չեն ունեցել մեր պետության կայացման գործում: 
Երկու տարեկան երեխան, որի կյանքի համար այժմ պայքարում են, արդյո՞ք դերակատարում չի ունենալու պետության կայացման գործում: Այդ երեխան ուզում է ապրել, իսկ նրան ասում են. գիտե՞ս ինչ, բալիկ ջան, դու պետության կայացման գործում դեր չես ունեցել, կներես: Մինչդեռ այդ բալիկը եւ Հայրիկյանը մեր Սահմանադրությամբ իրավահավասար են եւ հավասար կերպով օգտվում են Սահմանադրությամբ նախատեսված իրավուքներից, դեռ երեխան մի բան ավել: Եվ եթե Հայրիկյանին 50 հազար դոլար է պետությունը տալիս բուժման կարիքների համար, ապա նույն պետությունը պարտավոր է հոգալ նաեւ այդ երեխայի, Վաչիկ Մելքումյանի եւ ընդհանրապես բոլոր նրանց բուժման կարիքները, ում դա հարկավոր է: Նրանք, ովքեր պետության կայացման գործում նվազ դեր են ունեցել, նույնպես ապրել են ուզում: Իսկ կյանքի իրավունքը վեր է ամեն ինչից, այդ թվում՝ պետության կայացման գործից»:

Այս խորագրի վերջին նյութերը