Լրահոս

29.03.2013 10:55


«ՀՀ անկախությունն առանձնապես առնչություն չունի Հայրիկյանի հետ»

«ՀՀ անկախությունն առանձնապես առնչություն չունի Հայրիկյանի հետ»

Ռաֆայել Թեյմուրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայրենի կառավարությունն այսօր որոշել է պահուստային ֆոնդից մոտ $50.000 (20.5 մլն դրամ) հատկացնել Պարույր Հայրիկյանի բուժումն արտասահմանում կազմակերպելու համար: 
Կառավարությունը որպես որոշման ընդունման հիմնավորում նշում է, թե հաշվի է առնվել «Պարույր Հայրիկյանի ներդրած ավանդը Հայաստանի անկախացման գործում»: 
Չգիտեմ, թե հատկապես ինչ ներդրում է նկատի ունեցել կառավարությունը, բայց Հայրիկյանին Հայաստանի անկախության հայր ներկայացնելու արդեն պետական մոտեցումը կեղծիք է:
Ճիշտ է՝ պարոն Հայրիկյանը որպես այլախոհ 17 տարի անցկացրել է բանտերում, բայց նրան ներկայացնել որպես ներկայիս Հայաստանի անկախության հայր, կամ ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը կասեր, ռահվիրա, տեղին չէ:
1988-ին մեկնարկած ղարաբաղյան շարժումը, որը զուգորդվեց ԽՍՀՄ փլուզմամբ ու հանգեցրեց ՀՀ անկախությանը, առանձնապես առնչություն չունի Հայրիկյանի հետ: Շարժումը ղեկավարել, կոորդինացրել և ժամանակի կարևորագույն որոշումներն ընդունել է «Ղարաբաղ» կոմիտեն՝ սկզբից մինչև վերջ: Եթե անկախության սիմվոլի տիտղոսը պետք է մեկին վերագրել, ապա դա «Ղարաբաղ» կոմիտեն է:
Հանգամանքների բերումով՝ երկար տարիներ անկախության գաղափարակիր Հայրիկյանը շարժման ձևավորման և որոշումների կայացման հարցում որևէ նշանակալի դեր չի ունեցել: Գուցե նրա գոյությունը ոգևորել է տղաներին, գուցե նրանով հպարտացել են, բայց ընդամենն այդքանը:
Նորանկախ Հայաստանի կայացման գործում ևս Հայրիկյանի ավանդն առանձնապես մեծ չէ: 1992-ին նա նշանակվել էր Գորիսի պարետ, շատ արագ տապալել գործն ու հրաժարականի դիմում ներկայցրել:
Պետության սյուների (տվյալ դեպքում՝ Սահմանադրության) հետ Հայրիկյանի ասոցացիան 1998-ի իշխանափոխությունից հետո ձևավորված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը գլխավորելն է: Սակայն 2003-ին հանրաքվեով սահմանադրական առաջարկվող փոփոխությունները մերժվեցին, և Պ. Հայրիկյանի ավանդն ջուրը լցվեց:
Ստացվում է, որ պետությունն իր իսկ ձեռքով (քաղաքական կամ քաղքենիական հաշիվներից ելնելով), հերթական քարն է դնում սեփական պատմության խեղաթյուրման գործում:
Իսկ ահա անկախության տարիներին Հայրիկյանը վստահաբար կարող է հավակնել պոռոտախոսության սիմվոլի տիտղոսին»:

Այս խորագրի վերջին նյութերը