Քաղաքական

28.03.2013 15:22


«Ժառանգության» համար 25 տարվա կուսակցական Լիլիթ Գալստյանն ընկալելի է եղել, Արմեն Ռուստամյանը՝ ոչ

«Ժառանգության» համար 25 տարվա կուսակցական Լիլիթ Գալստյանն ընկալելի է եղել, Արմեն Ռուստամյանը՝ ոչ

Արձագանքելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, թե Երևանի ավագանու ընտրությունների համար իրենք՝ որպես կոնսենսուս, ՀՅԴ-ին առաջարկել են, որ ցուցակը գլխավորի Լիլիթ Գալստյանը, բայց ՀՅԴ–ն չի համաձայնել՝ ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը պարզաբանել էր.

«Հարցն ունի նախապատմություն: Պետք է ասել ամբողջը: Եթե ասում ենք «գիմ»-ը, պետք է արդեն ասած լինենք «այբ»-ն ու «բեն»-ը... Մենք «Ժառանգությանն» առաջարկել ենք` ամենաճիշտ տարբերակն այն է, որ միասնական ցուցակը գլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանը, մենք պատրաստ ենք լինել երկրորդը: Բայց պարոն Հովհաննիսյանը որոշ տատանումներից հետո հստակեցրել է` ինքը չի ցանկանում գլխավորել ցուցակը... Դրանից հետո «Ժառանգություն»-ն առաջարկել է, որ ցուցակը գլխավորի Արմեն Մարտիրոսյանը: Մենք ասել ենք` ճիշտ լուծում չէ` նույն նկատառումներից ելնելով: Եթե գնում ենք միասին, և այս ընտրությունները դիտում ենք հանգրվան, պետք է կուսակցության ղեկավարը, առաջնորդը ցուցակը գլխավորի: Նաև ասել ենք` եթե Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ-ինչ պատճառներով չի ուզում, ապա երկրորդ ուժի ղեկավարը` ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը պետք է գլխավորի ցուցակը: Սա ոչ թե ամբիցիայի խնդիր է, այլ քաղաքական պայքար տանելու հանգրվան: Ցավոք, մեր գործընկերներն այս տարբերկը չընդունեցին... Հետո, երբ արդեն պարզ էր, որ ՀՅԴ-ն գնալու է առանձին, և ցուցակը գլխավորելու է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, մեզ առաջարկություն է եղել` պրն. Հովհաննիսյանն ասում է՝ թող ցանկը գլխավորի Լիլիթ Գալստյանը: Մենք ասել ենք` Լիլիթ Գալստյանը մեր ընկերուհին է, Երևանի հարցերով բազմիցս ելույթներ է ունեցել, բայց մեր սկզբունքը հետևյալն է` սա քաղաքական պայքար է, և քաղաքական առաջնորդները պետք է ղեկավարեն, սա պետք է լինի քաղաքական, այլ ոչ թե քաղաքացիական նախաձեռնություն: Մենք նորից պնդել ենք մեր առաջարկությունը` Րաֆֆի Հովհաննիսյանը գլխավորի ցուցակը: Բացի այդ, մենք «Ժառանգության»-ը նաև ասել ենք` մենք հարգում ենք Ձեր տեսակետը, գնահատում ենք Րաֆֆի Հովհաննիսյանի դերը, բայց որևէ մեկը չի կարող ՀՅԴ-ին թելադրել, թե դաշնակցականներից ով լինի ցանկում»:

Այսօր Ազատության հրապարակում պատասխանելով «7օր»–ի հարցին, թե ինո՞ւ «Ժառանգությունը» չի համաձայնել Արմեն Ռուստամյանի թեկնածության տարբերակին և ինչո՞ւ չի ուզել, որ ավագանու ընտրությունները քաղաքական պայքարից չվերածվեն քաղաքացիականի, «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասել է.

–Քանի որ փակագծերը իրենք մի փոքր բացել են, ասեմ, որ ի սկզբանե մեզ համար պարզ է եղել, որ սա պետք է լինի Ազատության հրապարակի ցուցակ։ Սյսինքն՝ այն ուժերը, քաղաքացիները, խմբերը, որոնք այսօր պայքարում են Հայաստանի քաղաքացու իրավունքների համար, իրենցից կազմված ցուցակ պետք է լինի։ Ստիպված եմ այլևս փակագծերը բացել՝ ամենաառաջին տաբերակը եղել է հետևյալը. որ ցուցակը պետք է գլխավորեի ես, 2–րդ համարը՝ Լիլիթ Գալստյանը, 3–րդ և դրանից հետո ամեն մի 3–րդը՝ քաղաքացիական հասարաության դաշտի ներկայացուցիչ։ Այսինքն՝ մենք տեսնում էինք 33, 33, 33 համամասնություն։

Արմեն Մարտիրոսյանը պատմել է, որ ՀՅԴ–ն առաջարկել է՝ ցուցակը գլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց դա իրենց համար ընդունելի չէ, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանն այլևս ընտրված նախագահ է։ Սրանից հետո ՀՅԴ–ն առաջարկել է Արմեն Ռուստամյանի թեկնածությունը, որը նույնպես ընդունելի չի եղել «Ժառանգության» համար.

–Այստեղ առաջնորդների խնդիրն էր, մենք այս դեպքում որևէ առաջնորդ չէինք նախատեսել, առավել ևս՝ կարծում ենք, որ փոփոխությունների ձգտող քաղաքական ուժերը ունեն այն կադրային բազան, որ կարող են նոր քաղաքական դեմքեր բերել կառավարման համակարգ։

«Ժառանգությունը» Լիլիթ Գալստյանին համարում է հենց բացառապես քաղաքական դեմք՝ մտահոգ քաղաքացիների խնդրով։

–Մեզ համար ընկալելի էր 25 տարվա դաշնակցության կուսակցական քաղաքական գործիչ Լիլիթ Գալստյանի՝ առաջին համարը ցուցակում։ Ընդ որում՝ ես այդ դեպքում ընդամենը 2–րդ էի լինելու,–ավելացրել է Ա. Մարտիրոսյանը։

7or.am   

Այս խորագրի վերջին նյութերը