Քաղաքական

28.03.2013 13:50


«ժառանգության» անդամները խորհրդապահական շփումների մեջ են իշխանության տարբեր հատվածների հետ (տեսանյութ)

«ժառանգության» անդամները խորհրդապահական շփումների մեջ են իշխանության տարբեր հատվածների հետ (տեսանյութ)

Երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ բացահայտեց իր և Ազատության հրապարակում հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանի միջև նամակագրական կապը, Րաֆֆի Հովհաննիսյանն այդ փաստը ժողովրդից թաքցնելը բացատրեց իր պարտավորությունները կատարել կարողանալով։ Իսկ Սերժ Սարգսյանի հետ այդ նամակագրական շփումն անվանեց խորհրդապահական։

Պարզվում է, որ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ խորհրդապահական շփման մեջ է իշխանության «ողջախոհ երիտթևի» հետ։

Այսօր Ազատության հրապարակում հրավիրված բացօթյա ասուլիսի ժամանակ «7օր»–ը Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ կոնտակների մեջ է իշխանության «ողջախոհ երիտթև»–ի հետ, և «ողջախոհ երիտթև» ասելով՝ ո՞ւմ նկատի ունի, արդյոք Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի՞ն և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՞ն.

–Անուններ չեմ տա, բայց ձեր նշած անունները իմ կոնտակների մեջ չկային,–պատասխանել է նա։  

Հիշեցնենք, որ 2013թ. մարտի 15–ի  հանրահավաքի ժամանակ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, թե իշխանությունում լուռ պայքարի մեջ գտնվող թևեր կան։ Երիտասարդներից կազմված ու քաղաքական մտածողությամբ օժտված ողջախոհ թևն ամեն ինչ անում է, որ Սերժ Սարգսյանը գնա Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ (տե՛ս կից տեսանյութը)։

Թե որտեղի՞ց Արմեն Մարտիրոսյանին այդ թևերի միջև առկա լուռ պայքարի մասին տեղեկությունը, մեր հարցին այսօր նա արձագանքել է, թե ինքը քաղաքական դաշտում ոչ միայն ՀՀԿ–ի, այլև ուրիշ կուսակցությունների վերաբերյալ ևս տեղեկություններ ունի, ինչպես և իրենց գործընկերները «Ժառանգություն»–ից տեղեկություններ ունեն.

–Քաղաքական զրույցները, խողովակների բաց լինելը, մտքերի փոխանակությունը որևէ ձևով արգելված չէ, և միայն ողջունելի են նմանատիպ քննարկումները։ Իմ նախորդ գործունեության արդյունքում կան այդ կապերը, որոնց հետ զրույցների ընթացքում նմանատիպ տեղեկություն ունեմ։

«7օր»–ի մյուս հարցին՝ ինչո՞ւ է Արմեն Մարիտորսյանը հրաժարվում անուններ տալուց, ինչո՞ւ է դա գաղտնի պահում ժողովրդից, նա պատասխանել է.

–Եթե դուք փորձում եք ժողովրդի մեջքի ետևում կանգնելով՝ ինձ ստիպել, որ ես անուններ տամ, չարաչար սխալվում եք։ Դա կապ չունի այն պայքարի հետ, որը մենք իրականացնում ենք։ Սրանք ընդամենը խորհրդապահական քննարկումներ են, և բնակաբար՝ այդ անունները տալու շանտաժին ես չեմ ենթարկվի։ Կարևորը՝ գործն առաջ գնա։

Հիշեցնենք, որ Արմեն Մարտիրոսյանը հանրահավաքներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ հրապարակում հավաքվածները պետք է օգնեն, որպեսզի իշխանության «ողջախոհ երիտթևը» հաղթի և Սերժը կգա ու կհանդիպի Րաֆֆիին, ով ձեռքը մեկնել է ու պատրաստ է հանդիպման։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը