Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ
1983թ. ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի 22-րդ Գլխավոր կոնֆերանսի հավանությանն արժանանալուց հետո Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը /ԻԿՕՄՕՍ/ ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր` կոչ անելով հնագիտական և մոնումենտալ ժառանգության վայրերն այդ օրը նշանավորել հատուկ նախաձեռնություններով ու միջոցառումներով: Միջազգային հանրությանն առաջարկվել է այս ապրիլի 18-ը նշել «Կրթության ժառանգությունը» խորագրի ներքո` անդրադառնալով կրթությանն առնչվող ժառանգության տեսակներին:
Կրթությունն անբաժանելի է հայ ժողովրդի պատմությունից: Նախաքրիստոնեական շրջանից մեզ հայտնի վաղագույն հայ կրթատունը եղել է Երազամույն տաճարի քրմերի դպրոցը, որը ենթադրաբար գործել է Զվարթնոցի տեղում: Մեսրոպյան դպրոցներին նախորդել են հունարեն, մասամբ էլ ասորերեն ուսուցմամբ դպրոցներ: Սակայն հայոց կրթարանների բուն պատմությունը կապվում է հայոց գրերի ստեղծման հետ, երբ Մեսրոպ Մաշտոցը Սահակ Պարթև կաթողիկոսի աջակցությամբ ձեռնամուխ եղավ դպրոցներ հիմնելու գործին: Առաջին դպրոցը` վարդապետարանը բացվեց Վաղարշապատում: Մեր բազմադարյա պատմության ընթացքում քրիստոնեական վանքերն ու տաճարները դարձան դպրանոցներ և հռչակվեցին նաև որպես կրթական կենտրոններ` Գեղարքունի գավառի Մաքենյաց ուխտը, Խորանաշատի վանքի Հովհ. Տավուշեցու դպրոցը, Մխիթար Գոշի դպրոցը` Գոշավանքում, Վարդան Արևելցու դպրոցը Կարնո բերդում /այնուհետև տեղափոխվել է Խոր վիրապ/, Հառիճավանքի, Հաղարծնի վանքի դպրոցները, Հերմոնի դպրոցը Սյունաց աշխարհում և այլն: Միջնադարում բարձրագույն կրթության առաջամարտիկներ էին Սանահինի, Գլաձորի, Տաթևի համալսարանները: 19դ. և 20-րդ. դարասկզբին հռչակված էին Մոսկվայի Լազարյան ճեմարանը, Աստրախանի Աղաբաբյան, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցները, Վենետիկի Մուրադյան, Զմյուռնիայի Մեսրոպյան վարժարանները: Նշանավոր էին նաև Շուշիի Մարիամ-Ղուկասյան, Երևանի ու Թիֆլիսի Գայանյան, Ախալցխայի Եղիսաբեթյան, Ալեքսանդրապոլի Արղության օրիորդաց դպրոցները: Ուսումնակրթական շենքերի լայնածավալ կառուցմամբ նշանավորվեց նաև խորհրդային ժամանակշրջանը:
Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում գրանցված կրթության ժառանգության շատ օրինակներ այսօր էլ օգտագործվում են նախնական նշանակությամբ`Երևանի Հ. Աճառյանի, Ստ. Շահումյանի, Ե. Չարենցի անվ.դպրոցների, Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվ. Երաժշտական դպրոցի, ԵՊՀ, Մ. Հերացու անվ. Բժշկական, Երևանի ճարտարագիտության ու ճարտարապետության և շինարարության, Երևանի տնտեսագիտական համալսարանների, Երևանի ուսուցչական սեմինարիայի, Գյումրու մանկավարժական ինստիտուտի շենքերը և այլն:
Մեր մշակութային կրթությունն ապահովում են գրադարանները, թանգարանները, թատրոնները, կինոթատրոններն ու համերգասրահները, որտեղ յուրաքանչյուրս հաղորդակցվում ենք մշակութային արժեքներին ու արվեստին, ստանում մշակութային գիտելիքներ և կրթվում բազմակողմանիորեն. պատմություն, երաժշտություն, գրականություն, պար, կերպարվեստ և այլն: Ուստի այս նպատակով կառուցված շենքերը ևս անուղղակիորեն համալրում են կրթության հետ աղերսվող ժառանգության տեսակները:
Ապրիլի 18-ին ընդառաջ` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում, այս համատեքստում անդրադառնանք Հայաստանի կրթության անշարժ ժառանգության օրինակներին և միասին նպաստենք այդ խումբ կառույցների պահպանությանը, ճանաչմանը և հանրահռչակմանը:

ԻԿՕՄՕՍ/Հայաստան Հ/Կ