Լրահոս

28.03.2013 09:45


Բաց նամակ բոլոր «Ապահով Հայաստան» խոստացողներին

Բաց նամակ բոլոր «Ապահով Հայաստան» խոստացողներին

Պարոնա՛յք պաշտոնյաներ, չեմ կարծում, որ «Ապահով Հայաստան» ասելով` հասկանում ու առավել ևս ժողովրդին եք հրամցնում միայն ապահով սահմաններ, հանցագործությունների ցածր մակարդակ և բուն կյանքի անվտանգությանը վերաբերող հարցեր: 
Ես՝ որպես փոքրիշատե քաղաքացիական ու հասարակական ինքնագիտակցություն ունեցող ՀՀ քաղաքացի, կարծես թե ավելի շատ բան եմ հասկանում «Ապահով Հայաստան» ասելով, ինչը երևի դուք էլ եք հասկանում, սակայն չգիտես ինչու «Ապահով Հայաստան»-ի Ձեր տեսլականը կարծես թե մշուշոտ է կամ դուք այնքան գաղտնապահ եք, որ չեք ցանկանում թղթի վրայից իջեցնել և իրականացնել: 
Իմ «Ապահով Հայաստան»-ը, ի հավելումն վերոնշյալի, ներառում է նաև այնպիսի տարրական բաներ, ինչպիսիք են ՝ բազմաթիվ տարիներով ստացած ուսման արդյունքում ձեռք բերված մասնագիտական աշխատանքը, սոցիալական հավասարությունը, մաքուր բնակավայրերը, մարդկային արժանապատվությունը չվիրավորող նվազագույն աշխատավարձը, մոնոպոլիաներից զերծ շուկան և նման փոքր բաներ, որոնք ամրագրված են մեր «Մայր օրենքում», որը կարծես թե իրոք «Ապահով Հայաստան» ունենալու համար բավարար է: Այլ խնդիր է, որ վերոնշյալ ժողովրդավարական փաստաթղթի դրույթների մեծամասնությունը ուղղակի օտարներին Հայաստանը որպես ժողովրդավարական պետություն ներկայացնելու ձախողման դատապարտված փորձեր են, քանի որ ինչպես ասում է ժողովուրդը, նրանք էլ խոտ չեն ուտում ու լավ հասկանում են, թե ինչն ինչոց է, ուղղակի այս պահին ձեռք չի տալիս շատ միջամտել մեր ներքին խնդիրներին: 
Նամակիս նպատակը և արծարծվող հիմնահարցը ավելի դյուրըմբռնելի դարձնելու համար ստորև հակիրճ կներկայացնեմ ինքնակենսագրական որոշ տվյալներ:
Ծնվել եմ 1988թ., 1995–2005 սովորել եմ միջնակարգ դպրոցում: 2005թ. առանց կրկնուսույցի մոտ պարապելու ընդունվել եմ ՀՊՃՀ՝ առանց բանակից տարեկետման իրավունքի ու քանի որ չէի ցանկանում ուսմանս գործընթացը ընդհատվի, որոշեցի կրկին իմ ուժերով պարապել ու նորից փորձել: 2006-ին կրկին առանց պարապելու ընդունվել եմ ՀՊՃՀ վճարովի համակարգ (կրկնուսույցի զուբրիտ կոչեցյալն իր սև գործն արեց): Հաջորդ տարի, շնորհիվ գերազանց առաջադիմությանս, փոխվել եմ անվճար համակարգ: 2010-ին ընդունվել եմ ՀՊՃՀ մագիստրատուրա և պատրաստակամ լծվել հայրենիքիս հանդեպ պարտք կատարելու սուրբ գործին: Առանց ուսումնական գումարտակում վերապատրաստում անցնելու շարքային կոչումից, երևի լավ ծառայության համար, հրամանատարիս կողմից արժանացել եմ ավագ սերժանտ կոչման և դասակի հրամանատարի տեղակալի պաշտոն է վստահվել ինձ: Իսկ հիմա վերադարձել եմ հայոց բանակից և կրկին սովորում եմ ՀՊՃՀ մագիստրատուրայի առաջին կուրսում և անվճար(պետպատվեր): Այսքանը ինքնակենսագրականից:
Ես ու ինձ նման մի շարք այսպիսի (համեստություն չեմ անի ու կասեմ) անբասիր կենսագրություն ունեցող երիտասարդներ այսօր կա՛մ աշխատում ենք ոչ մեր մասնագիտությամբ կա՛մ ռեզյումեների հաստափոր տրցակը ձեռքներիս հաստավիզ սեփականատերերին կամ կիսագրագետ ինչ-որ մենեջերների խնդրում ենք, որ աշխատանքի ընդունեն, այնինչ պետպատվեր կոչեցյալը, եթե նույնիսկ իմաստի մեջ շատ չխորանանք, միայն բառակազմության առումով նշանակում է՝ պետության պատվեր, այսինքն՝ պետությունը պատվիրել է բուհ-ին իր համար պատրաստել տվյալ մասնագետին, վճարել է նրա ուսման վարձը, կրթաթոշակ է վճարել ու հիմա թողել բախտի քմահաճույքին, խնամիածանոթաբարեկամական կապերի հույսին: Ներեցե՛ք, պարոնա՛յք, բայց ես թեկուզ և այդ համակարգով եմ սովորում, սակայն դա պետական միջոցների անիմաստ վատնում է: Իմ 24 տարիների 1/3 մասը նվիրել եմ նպատակաուղղված ուսմանը, որ ուղղակի գոյությունս պաշտպանե՞մ: Ներեցե՛ք, բայց ես մի շարք պաշտոնյաներց շատ անգամ հայրենասեր լինելով` (ես գոնե ծառայել եմ հայոց բանակում), չեմ պատրաստվում ապրել մի երկրում, որտեղ ցանկանում եմ, բայց չեմ կարող պոտենցիալս իրացնել և ծառայեցնել ի բարօրություն հայրենիքիս: Ինչո՞ւ չեք կիրառում ի պաշոնե միայն ձեզ տրված լծակները և օրինակ մեղմացնում հարկային քաղաքականությունը այն գործատուների համար, ովքեր աշխատանքի են ընդունում ուսանողների: Եթե այնքան ապահովված լինեինք, որ ուսման տարիներին չաշխատեինք, չէինք աշխատի, սակայն այն արդարացված մտավախությունը, որ ավարտելուց հետո էլ աշխատանքային փորձ չունենալու պատճառով դառնալու ենք պոտենցիալ գործազուրկ, ստիպում է ծիծաղելի աշխատավարձով աշխատել՝ շատ կամ քիչ չափով հարցականի զոհաբերելով ուսումը: 
Որպես ՀՀ քաղաքացի, ով ի դեպ պետության համար հանդիսանում է բարձրագույն արժեք, պահանջում եմ. մի՛ խլեք մեր հայրենիքը, մի՛ ստիպեք, որ մենք էլ համալրենք օտարության ճամփան բռնած մեր միլիոնավոր հայրենակիցների ցանկը: Ի վերջո, մեզ նման շարքային քաղաքացիների համար անհատները կարևոր չեն, մեզ համար կապ չունի ով է երկրի նախագահը, մեզ պետք են մինիմալ պայմաններ` արժանապատիվ ապրելու և մեր իսկ ջանքերով «Ապահով Հայաստան» ստեղծելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը