Քաղաքական

27.03.2013 14:02


Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն Արթուր Բաղդասարյանին չի նմանեցնում

Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն Արթուր Բաղդասարյանին չի նմանեցնում

Այսօր Ազատության հրապարակում հրավիրված բացօթյա ասուլիսի ժամանակ ԿԸՀ–ի տվյալներով նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է գնահատել 2008թ. հետընտրական շրջանում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի քայլը, երբ վերջինը միացավ նախագահ Սերժ Սարգսյանին և նրանից պաշտոն ստացավ։ «7օր»–ի հարցին Րաֆֆի Հովհաննիսյանն ընդամենը պատասխանել է.

–Ուրիշների մասին չեմ խոսում։

Իսկ մեր մյուս հարցին, թե արդյոք այսօր Սերժ Սարգսյանից պաշտոններ ուզելով՝ նա նույն ճանապարհով չի՞ գնում, ինչ այն ժամանակ Արթուր Բաղդասարյանը, Ր. Հովհաննիսյանն արձագանքել է

–Ո՛չ, նույն ճանապարհը չէ։ Ես պաշտոն չեմ հայցում, պաշտոն չեմ ստանձնելու որևէ այլ կառավարության մեջ՝ ո՛չ կոալիցիոն, ո՛չ որպես անհատ։ Եվ համալիր մեր առաջարկն արտացոլում է այդ հանձնառությունը և կամքը։ Համալիր, անբաժանելի լուծում և ոչ երբեք մասնակի։ Բացառո՛ւմ եմ։

Ր. Հովհաննիսյանն ավելացրել է, որ իր առաջարկներում իշխանության և ժողովրդի միջև պատասխանատվության կիսում կա։

–Չարաճճի չարակամներին, ովքեր սա 3 կամ 8 պաշտոնի մասին ինչ–որ առևտուր են իրենց քաղաքական պատվերից ելնելով կամ իրենց ընթերցողներին ներկայացնում, պարզապես համեստաբար ասեմ, որ սխալ է, համաձայն չեմ,–նշել է նա,–ես հրապարակային եմ, և այդ հրապարակայնությունը, ինչպես նաև իմ բնավորությունը, խիղճը թույլ չեն տալիս որևէ գործարք։ Ամեն ինչ լինելու է բաց։

Րաֆֆի Հովհաննիսյանը որևէ հակասություն չի տեսնում իրավատեր, հետևողական, սահմանադրական պայքարի և բանակցային օրակարգ իրացնելու միջև.

–Մեկը մյուսին պիտի օժանդակի։ Այն համալիր հանգուցալուծումը, որն ուղարկեցի պարոն Սարգսյանին, ինչպես գրված է՝ անբաժանելի է։ Դա մեր նվազագույն շեմն է։ Դա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը չի կարող առաջարկել՝ ինչ–որ մի կետ հանել, բայց եթե մի կետ հանեց, պիտի համարժե՛ք կետն ավելացնի։ Սա կոալիցիա չէ, սա համալիր լուծում է,–հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը