Քաղաքական

27.03.2013 13:02


Նաիրա Զոհրաբյան. «Քաղաքացին իր ապագան չի տեսնում սեփական երկրում»

Նաիրա Զոհրաբյան. «Քաղաքացին իր ապագան չի տեսնում սեփական երկրում»

Ազգային ժողովի Եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը  «Zham.am»-ի հետ զրույցում մեկնաբանել է այն մտավախությունները, որ առկա են Հայաստանի ու ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման պարագայում` կապված արտագաղթի աճի հետ.
«2013թ-ի սկզբից արդեն գործում է Վիզաների դյուրացման ռեժիմը սոցիալական մի քանի խավերի, և այո՛, առաջին տպավորությունը կարող է այն լինել, որ սա կխթանի միգրացիոն հոսքը: Մենք այսօր պետք է ընդունենք, որ արտագաղթը ահռելի չափերի է հասել ու, իմ համոզմամբ, դարձել է մեր ազգային անվտանգությանը լրջագույն հարված հասցնող խնդիր: Եվրամիությունը ևս հրաշալի տեղյակ է, թե ինչ կատաստրոֆիկ չափերի է հասնում Հայաստանից տեղի ունեցող արտագաղթը ու խորը վերլուծություն է կատարում պատճառների մասին: Արևելքի և Արևմուտքի միջև կապերի եվրոպական ասոցացիայի փորձագետ Էրիկա Լերների տեղեկություններով, ով բավականին լավ իրազեկված է Հարավային Կովկասի և Եվրամիություն միջև ընթացող գործընթացներից, նշում է, որ ԵՄ-ն ներքին հարցում է արել Հարավային Կովկասի երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում, որ եթե թե վիզաների դյուրացում լինի և սահմանները բացվեն, միգրացիոն ինչ հոսքեր կլինեն: Վերջին ամսվա տվյալների համաձայն` Ադրբեջանից 470 հազար մարդ, Վրաստանից 250, իսկ Հայաստանից 350 հազար քաղաքացի պատրաստ է ընտանիքով լքելու իրենց երկրները: 350000-ը կատաստրոֆիկ թիվ է Հայաստանի համար, որով ԵՄ-ն ևս անհանգստացած է: Ըստ փորձագետի պնդման` չնայած վիզաների դյուրացմանը` ԵՄ-ն իր դեսպանատներին ներքին հրահանգ է տվել Հայաստանի հետ աշխատել նույն ռեժիմով, ինչ եղել է մինչ այս դյուրացումը, այսինքն` խստացված ռեժիմով: Ես չեմ ուզում պնդել, որ փորձագետի այս տեղեկատվությունը միանշանակ համապատասխանում է իրականությանը, սակայն ԵՄ-ն ևս անհանգստացած է այս թվերով, ես կարող եմ պնդել`հենվելով իմ և ԵՄՆ-ի տարբեր պաշտոնյաների հանդիպումների վրա»,- հայտնեց տիկին Զոհրաբյանը:
Նա նաև նկատեց, որ մարդիկ ունեն արտագաղթի տրամադրություններ երկրում տարվող խայտառակ սոցիալ-տնտեսական քաղաքականության պատճառով. «Սա պետք է մտահոգի Հայաստանի իշխանություններին: Քաղաքացին իր ապագան չի տեսնում սեփական երկրում: Սակայն, ցավոք, ես չեմ տեսնում այդ կամքը` իրապես հասկանալու արտագաղթի պատճառները և գործուն մեխանիզմներ կիրառելու`արտագաղթը կանխելու համար: Մենք կարող ենք Եվրամիության հետ նախաստորագրել ցանկացած Ասոցացման համաձայնագիր: Քաղաքական դեկլարացիաների մակարդակով մենք ամեն ինչ կարող ենք անել, բայց քանի դեռ իրական ու գործուն քայլեր չեն արվել, երկիրը մտնելու է կատարյալ փակուղի: Մենք բազմիցս առաջարկել ենք լուծումներ: Ցավոք սրտի ձայն բարբառոյ անապատի»,- եզրափակեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Այս խորագրի վերջին նյութերը