Լրահոս

26.03.2013 14:06


Սերժ Սարգսյանից պահանջվող պաշտոնների համար մարդկանց անունները կան, բայց գաղտնի են պահվում

Սերժ Սարգսյանից պահանջվող պաշտոնների համար մարդկանց անունները կան, բայց գաղտնի են պահվում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանից մի շարք պաշտոններ էր ուզել՝ նշելով, որ նրանց փոխարեն ժողովրդի՝ հանձին Րաֆֆի Հովհաննիսյանի, առաջարկած մարդիկ պետք է նշանակվեն։

Թե ո՞ւմ է առաջարկում Րաֆֆի Հովհաննիսյանն այդ պաշտոններում, չի ասվում։ Այսօր Ազատության հրապարակում հրավիրված բացօթյա ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը «7օր»–ի հարցին հետևյալ կերպ է պատասխանել.

–Նորմալ, զարգացած, կայացած պետություններում ճշգրիտ մշակույթ է ստվերային կաբինետ ունենալ և որևէ պաշտոնի մասին խոսելուց ասել, որ մեր պաշտոնյան այս ոլորտում, այս նախարարությունում սա՛ է լինելու։ Մենք չունենք այդ մշակույթը, և դուք ականատես եղաք, երբ փորձեցին նույնիսկ ենթադրաբար որոշ մարդկանց անուններ տալ քաղաքացիական ֆորումի ժամանակ, հաջորդ օրը այդ խեղճ մարդկանց վրա մի հեղեղ եկավ քննադատությունների։ Այսինքն՝ մեր մշակույթն այսօր չի ապահովում այն իրավիճակը, որ մենք կարողանանք իսկապես ներկայացնել անունները։ Բացի դա, ասեմ՝ մարդիկ կան, որոնք իսկապես կլինեն այդ ցանկում, բայց նրանք խնդրում են, որ իրենց անունը չտանք, որովհետև ինչ–որ մարդկանց անուն երբ որ շոշափվում է ընդդիմության ցանկում, այդ մարդը պետք է տնով–տեղով հասկանա, որ այլևս ինքը որոշակի խոչընդոտներ է ունենալու։

Ի դեպ, այս ասուլիսում ևս հայտարարվել է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի հետ իր բանակցությունների բովանդակությունը անպայման համաձայնեցնելու է ժողովրդի հետ։ Հատկանշական է, սակայն, որ այսօր Սերժ Սարգսյանին ուղարկած պատասխան նամակը Րաֆֆի Հովհաննիսյանը նախապես չի համաձայնեցրել ժողովրդի հետ, այլ այն ուղարկելուց հետո է միայն ներկայացրել հանրությանը։ «7օր»–ը Ռ. Հակոբյանից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ են մի բան հայտարարում, սակայն մեկ այլ բան անում։

–Ժողովրդին մենք ասել ենք, որ մենք պատրաստ ենք երկխոսության, ժողովուրդն իր համաձայնությունը տվել է, այս ուղարկված նամակի հիմնական բովանդակությունն էլ այն է, որ այո՝ մենք պատրաստ ենք երկխոսության,–պատասխանել է Ռ. Հակոբյանը։

Նա ավելացրել է, որ երկխոսության պատրաստակամության մասին իրենք ասել են նախընտրական փուլից սկսած, մինչև վերջին հանրահավաքը։

–Երբեք, որևէ պահ մենք չենք ասել, որ մենք չենք գնալու երկխոսության, որովհետև հիմքում մենք ունենք այդ տրամադրությունն ու այդ համաձայնությունը,–նշել է Ռ. Հակոբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը