Լրահոս

25.03.2013 19:22


Կանխարգելիչ միջոցառումներ ցրտահարությունների դեմ

Կանխարգելիչ միջոցառումներ ցրտահարությունների դեմ

Հանրապետության ցածրադիր գոտում ծիրանենիների  զանգվածային ծաղկումը  այս տարի համընկել է գարնանային ցրտահարությունների հետ: Հաշվի առնելով հնարավոր վտանգը` երեկ ողջ օրը ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայություններն ու մասնագետները`  նախարար Սերգո Կարապետյանի և փոխնախարարների գլխավորությամբ,  եղել են Արարատի և Արմավիրի մարզերում, խորհրդատվական հանդիպումներ ունեցել համայնքների ղեկավարների և այգետերերի հետ:

 Հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով` խորհուրդ է տրվել այգիների հարակից հատվածներում, քամու ուղղությամբ, օգտագործելով բուսական կիսաչոր մնացորդները, ստեղծել կայուն ծխածածկույթ: Հատկապես մեծ է ցրտահարության վտանգն  առավոտյան ժամը  չորսից  յոթն ընկած ժամանակահատվածում:

Նախնական տվյալներով`  վտանգի գոտում հայտնված տարածքների մեծ մասում, հաշվի առնելով մասնագետների հորդորները, ողջ գիշեր իրականացվել են համապատասխան աշխատանքներ: Մասնագետների կարծիքով`  կայուն ծխածակույթի ապահովումը ճիշտ և ժամանակին   իրականացնելը    մեծապես կրճատում է կորուստների հավանականությունը:

 Ըստ օթերևութաբանների՝  այս գիշեր  ևս  ցրտահարման վտանգ կա: Ուստի խնդրում ենք այգետերերին  ուշադրությամբ հետևել գիշերային ջերմաստիճանների տատանումներին և անհրաժեշտության դեպքում այգիներում շարունակել կայուն ծխածածկույթի ստեղծումը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանձնարարությամբ  այսօր ևս  մասնագետների խմբերը`  ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարների գլխավորությամբ, գտնվում են համայնքներում, ուր  դիտարկումների են անում և համապատասխան խորհուրդներ ու ցուցումներ են տալիս այգետերերին:

Այս խորագրի վերջին նյութերը