Լրահոս

25.03.2013 10:47


Փաստաբանը դատապարտվել է երկարատև ազատազրկման` վստահորդին խաբելու համար

Փաստաբանը դատապարտվել է երկարատև ազատազրկման` վստահորդին խաբելու համար

«Փաստինֆոյի» փոխանցմամբ՝  իր պաշտպանյալի  շահերը պաշտպանելու համար  նրա հորից  խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար երկարատեւ ազատազրկման է դատապարտվել փաստաբան Կարինե Ավանեսյանը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը`  դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ,   ամբաստանյալի աթոռին հայտնված փաստաբան Կարինե Ավանեսյանին մեղավոր է  ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝  առանձնապես խոշոր չափերի խարդախության  համար և դատապարտել նրան  ազատազրկման 6  տարի 6 ամիս ժամկետով: Նրանից կբռնագրավվի նաեւ 16.296.580 ՀՀ դրամը չգերազանցող գույք, իսկ պատիժը կկրի քրեակատարողական հիմնարկում:

Փաստաբան Կարինե  Ավանեսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել 2012թ. հունվարի 16-ին, քանի որ նախաքննական մարմինը պարզել էր, որ 2009թ. նոյեմբեր ամսից մինչև 2010թ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում նա  Գուրգեն  Հակոբյանից`  նրա որդու` դիտավորյալ սպանության համար դատապարտված ամբաստանյալ Կարեն  Հակոբյանի շահերը դատական ատյաններում պաշտպանելու համար, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու միջոցով վերցրել և խարդախությամբ տիրացել է 16.296.580 ՀՀ դրամին համարժեք 43.000 ԱՄՆ դոլլար գումարին: Բացի այդ Կ. Ավանեսյանը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով անձնական կարիքները հոգալու համար 13.12.2008թ. նվիրատվություն ստանալով Աշոտ  Խաչատրյանին է ձևականորեն վաճառել Ժանետ  Արծրունյանին պատկանող 60.000.0000 ՀՀ դրամ արժողությամբ Երևան քաղաքի Նաիրի Զարյան 58 հասցեի անշարժ գույքը և խարդախությամբ տիրացել գումարին:

ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում փաստաբանն իրեն մեղավոր չի ճանաչել: Իսկ դատարանի գնահատմամբ արարքը հիմնավորվել է այդ թվում դատաքննությամբ ձեռք բերված ապացույցներով եւ փաստաբանը ենթակա է քրեական պատասխանատվության:

Դատապարտված փաստաբանը կարող է դատավճիռը բողոքարկել վերաքննիչ քրեական դատարան:

Այս խորագրի վերջին նյութերը