Լրահոս

25.03.2013 00:49


Ջավախքում նշվեց Ծաղկազարդը

Ջավախքում նշվեց Ծաղկազարդը

Ս. Զատկին նախորդող կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդը հռչակել է որպես մանուկների օրհնության օր:
Չնայած, որ դրսում ձնախառն եղանակ էր, ժողովրդի հոսքը դեպի եկեղեցի չէր դադարում: Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու կամարների ներքո իշխում էր հոգևոր սեր և ջերմություն: Եկեղեցին լեփ-լեցուն էր մանուկներով և հավատացյալներով:

Տեր Տաթև քահանա Մարուքյանի ձեռամբ Սուրբ Խաչ եքեղեցում մատուցվեց Սուրբ և անմահ Պատարագ, որի ավարտին կատարվեց մանուկների օրհնության կարգ և օրհնվեց  ուռենու ոստերը, որոնք  բաժանվեցին ժողովրդին:
Հոգևոր հայրն իր խոսքում մանուկներին երջանկություն, սեր և բարօրություն մաղթեց:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանը մանուկների համար անակնկալ էր պատրաստել՝ խաչեր և սրբապատկերներ:
Ծաղկազարդի ոստերը քրիստոնյաները պահպանում են ողջ տարի՝ մինչ մյուս Ծաղկազարդ:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության բոլոր գործող եկեղեցիներում ևս նշվեց  Ծաղկազարդի տոնակատարությունը:
Ջավախքի ընդհանուր առաջնորդության մամլո դիվան

Այս խորագրի վերջին նյութերը