Լրահոս

24.03.2013 13:19


Բաց նամակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Բաց նամակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

2012 թ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը հայտարարվեց գրքի համաշխարհային մայրաքաղաք: Սակայն, ցավոք սրտի, մեր մայրաքաղաքում քիչ են գրախանութները, իսկ գրքի տոնավաճառները իսպառ բացակայում են:

Սրան գումարվում է նաև այն, որ Մետրոյի <<Երիտասարդական>> կայարանին հարող գետնանցումի վերանորոգման պատճառով գրավաճառները ստիպված են եղել դուրս գալ այնտեղից: Արդյունքում գրքերը մնացել են բարձիթողի վիճակում: Ուզում ենք հիշեցնել, որ յուրաքանչյուր մայրաքաղաքի պատիվն է ունենալ գրքի մի քանի տոնավաճառներ: Հատկապես հայոց պետականության պատիվն է Երևանում ունենալ գրքի գեթ մեկ մշտական տոնավաճառ:

Երևանի քաղաքապետարանը գրավաճառներին առաջարկել է երկու վայր, որտեղ հնարավոր չէ գիրք վաճառել` տարածքով փոքր են, կեղտոտ և հեռու են ԲՈՒՀ-երից:

Մե՛նք, որպես գրքասեր և ընթերցանության ջատագով ուսանողներ, պահանջում ենք.

  • Բացել տոնավաճառ ուսանողներին հարմար վայրում, ինչպիսին կարող է լինել Նալբանդյան փողոցի սկզբում գտնվող ընդարձակ տարածությունը:
  • Մինչև տոնավաճառի բացումը գրավաճառներին արագ տրամադրել ժամանակավոր տարածք հետևյալ վայրերից մեկում` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախասրահներից մեկում, Մետրոյի <<Հանրապետության Հրապարակ>> կայարանի գետնանցումի փակ տարածքում, Մետրոյի <<Երիտասարդական>> կայարանի հարևանությամբ գործող սրճարանների տարածքում (սրճարանի տերերը համաձայն են աջակցել քաղաքապետարանի թույլտվության առկայության դեպքում):
  • Վերահսկողություն իրականացնել գրավաճառներից գանձվող տարածքի վարձի և հարկերի վրա, որպեսզի ապահովվի գրքերի ցածր գինը:

Հուսով ենք` քաղաքապետարանի որոշումը կվերանայվի մեր պահանջներին համապատասխան:

<<Արատտա>> ուսանողական շարժում 

Այս խորագրի վերջին նյութերը