Լրահոս

24.03.2013 13:09


Ադամ Շիֆը Սպիտակ Տանն ու Պետքարտուղարությանը հորդորում է պատասխանել Բարաք Օբամային ուղղված Արա Մանուկյանի բաց նամակին

Ադամ Շիֆը Սպիտակ Տանն ու Պետքարտուղարությանը հորդորում է պատասխանել Բարաք Օբամային ուղղված Արա Մանուկյանի բաց նամակին
2013թ. մարտի 21–ին իրավապաշտպան Արա Խ. Մանուկյանն այցելել է ԱՄՆ կոնգրեսական ներկայացուցիչ Ադամ Շիֆի` Կալիֆորնիայի Բրբանք քաղաքում տեղակայված գրասենյակ պարզելու՝ արդյոք կոնգրեսականն արձագանքե՞լ է 2013թ. մարտի 12-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված իր բաց նամակին (տեսագրությունը)։ Շիֆի` Բրբանքում գտնվող գրասենյակի տարածքային ղեկավար Էն Մ. Փայֆերը հայտնեց Մանուկյանին, որ «նա տեղյակ է նամակի մասին»։ Սակայն ավելացրեց, որ լիարժեք պատասխան չունի մամուլին հաղորդելու համար։
2013թ. մարտի 22-ին` ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչ Շիֆի գրասենյակի այցելությունից մեկ օր անց, Արա Մանուկյանը հեռախոսազանգ է ստացել Վաշինգտոնում տեղակայված նրա գլխավոր շտաբից։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ադամ Շիֆի անձնակազմի ղեկավար Թիմոթի Բերգրինը Մանուկյանին հայտնել է, որ կոնգրեսականի հանձնարարությամբ ինքը զանգել է Սպիտակ տուն և խնդրել, որ պատասխանեն նախագահ Օբամային ուղղված Մանուկյանի բաց նամակին։ «Նա [Ադամ Շիֆը] նաև խնդրել է ինձ նամակն ուղարկել պետքարտուղարություն։ Այնպես որ, պատրաստվում ենք այն ուղարկել այնտեղի մեր գործընկերներին, և աշխատելու ենք նամակը փոխանցել անձամբ պետքարտուղարին, որպեսզի երկու տեղից էլ պատասխան ստանանք Ձեզ համար»,– ասել է նա։ Բերգրինն ավելացրել է, որ պատասխանը հավանաբար մի քանի շաբաթ անց կլինի։
Արա Խ. Մանուկյանն իր հացադուլն սկսել է 2013թ. մարտի 17–ին` բողոքելով` ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրման կապակցությամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շնորհավորական ուղերձի դեմ։ Նա հացադուլն անում է Ադամ Շիֆի` Բըրբանքի տարածքային գրասենյակի դիմաց` 245 East Olive Ave, Burbank, CA 91502: Մանուկյանը վկայակոչում է ՀՀ նախագահի փետրվարի 18–ի ընտրության հետ առնչվող և գործող նախագահի օգտին կատարված բազմաթիվ խախտումների առկայությունը։ ԿԸՀ–ի տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած ամերիկածին Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է անում 2013թ. մարտի 10–ից Երևանում` կասկածի տակ դնելով ՀՀ նախագահի ընտրության խեղաթյուրված պաշտոնական արդյունքներն ու պահանջելով Սերժ Սարգսյանի ինքնաբացարկը։

Այս խորագրի վերջին նյութերը