Լրահոս

23.03.2013 10:36


«Որ երևանցի չեմ, չմասնակցե՞մ Երևանի ընտրություններին». Արագածոտնի մարզպետ

«Որ երևանցի չեմ, չմասնակցե՞մ Երևանի ընտրություններին». Արագածոտնի մարզպետ

«Հրապարակ» օրաթերթն այսօր գրել էր, որ Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների համար իշխանությունը մոբիլիզացրել է ոչ միայն երեւանյան ուժերը, այլեւ՝ մարզային: Ըստ թերթի՝ օրինակ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն անընդհատ ժողովներ է անում, տեղակալը՝ եւս. այցելում են գյուղեր, կրթության բաժնի պետը կանչում է տնօրեններին, այցելում դպրոցներ, անգամ Երեւանում են շտաբ բացել: «Ասում են մարզպետը խոստացել է 40 հազար ձայն բերել Տարոն Մարգարյանին»,-գրել է թերթը:

Ուշագրավ է, որ, մարզպետի խոստումների եւ տքնաջան աշխատանքի մասին պատմելով՝ ԱԺ այս քառօրյայում ՀՀԿ-ականները գլուխ էին գովում եւ վստահեցնում, որ ոչ միայն Սահակյանն է խառնված Երեւանի ավագանու ընտրություններին, այլեւ բոլոր մարզպետները` անխտիր:

Yerkir.am-ը, այդուհանդերձ, որոշել է լսել անձամբ մարզպետին: Նրա պատասխաններն առավել քան ուշագրավ են եւ ապշեցնող:

Մեր թղթակցից լսելով տեղեկությունը` նա նախ զայրացավ: Մտածեցինք, թե զայրանալու պատճառն այն է, որ տեղեկատվությունն «ապատեղեկատավություն է», գոնե ձեւի համար լուրը կհերքի, բայց չարաչար սխալվում էինք:

«Եթե ես ՀՀԿ անդամ եմ, էլ ո՞ւմ համար պետք է աշխատեմ: Չեմ հասկանում` պարզ չի՞: Իմ ընկերներին, իմ բարեկամներին պետք է ուղղորդեմ, որ ձայնը տան ՀՀԿ-ին, պարզ չի՞»,- զայրացած հայտարարեց մարզպետը:

Դիտարկմանը, թե, փաստորեն, չի հերքում, որ մարզում աշխատանք է տանում, որ ձայն տան Տարոն Մարգարյանին, մարզպետն արդեն գոհունակությամբ արձագանքեց` դե, իհարկե:

«Բայց Դուք Արագածոտնի մարզպետն եք, իսկ այստեղ Երեւանի ավագանու ընտրություններ են: Դուք ինչո՞ւ եք խառվում, ինչո՞ւ եք միջամտում»,-միամտաբար հետաքրքրվեցինք մարզպետից: Պատասխանը սենսացիոն էր. «Ես բարեկամներ ունեմ, մտերիմներ ունեմ, ծանոթներ ունեմ, ընկերներ ունեմ: Որ երեւանացի չեմ, չմասնակցե՞մ Երեւանի ընտրություններին: Ես Երեւանում եմ ապրում»:

Ի դեպ, մարզպետից հետաքրքրվեցինք, թե ծանոթներին ու մտերիմներին խնդրո՞ւմ, է կո՞չ անում, թե՞ սպառնում, որ քվեարկեն ՀՀԿ-ի օգտին, վստահեցրեց` խնդրում է: Մարզպետը հայտարարեց նաեւ, որ թեեւ աշխատելու է Տարոն Մարգարյանի համար, բայց ձայների քանակ ապահովելու վերաբերյալ պայմանավորվածություն չունեն:

Արագածոտնի մարզպետը վստահ է, որ Տարոն Մարգարյանի պարկեշտությունն  ու հարգանք այնքան շատ են, որ նա կհաղթի այս ընտրություններում:

Ավելացնենք, նաեւ, որ երբ փոքր-ինչ ուշ կրկին զանգահարեցինք Սահակյանին` պարզելու համար, թե Երեւանի գրանցում ունի՞, արդեն ասաց, որ  կպատասխանի միայն իրեն ուղարկված գրավոր հարցերին:

yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը