Լրահոս

22.03.2013 10:12


Երկաթուղում հաճախակի են դարձել դժբախտ պատահարները

Երկաթուղում հաճախակի են դարձել դժբախտ պատահարները

 Վերջին շրջանում երկաթուղում հաճախակի են դարձել դժբախտ պատահարները՝ չնայած «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից–ի տարվող կանխարգելիչ միջոցառումներին և գծանցների ու կայարանների արդիականացմանը:

Վերջին արտակարգ պատահարը տեղի էր ունեցել մարտի 13-ին, երբ 22:50 սահմաններում Արաքս-Դալարիկ ճանապարհի 2819 կիլոմետրում գտնվող պահպանվող գծանցում ՎԱԶ-2106 ավտոմեքենան շրջանցել էր արդեն փակված արգելափակոցը և բախվել 39 վագոնից կազմված բեռնատար գնացքի 34-րդ վագոնին: 

Գնացքը մեքենան ևս 20 մետր քարշ էր տվել: Վարորդ Կարեն Պետրոսյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Այս անգամ, բարեբախտաբար, զոհեր չկան: Սակայն 2012 թվականի հունվարին տեղի ունեցած նույնատիպ միջադեպի ժամանակ, երբ Արտաշատում տաքսին, կոտրելով արդեն փակված արգելափակոցը, հայտվել էր գնացքի առաջ, զոհվել էր տաքսու ուղևորը:

Իսկ 2012 թվականի հոկտեմբերի 30-ին Արտենի-Քարակերտ ճանապարհին բեռնատար գնացքը բախվել էր OPEL մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով զոհվել էր մեկ և վիրավորվել չորս մարդ: Դժբախտ պատահարը տեղի էր ունեցել ավտոմեքենայի վարորդի մեղքով, ով անտեսել էր գնացքի մոտենլու մասին զգուշացնող ազդանշանները:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն իր կողմից ձեռնարկում է անվտանգության պահպանման համար անհրաժեշտ բոլոր միջոցները. իրականացվում է գծանցների արդիականացման և նորոգման ծրագիր, հերթապահներն անցնում են հատուկ տեխնիկական  դասընթացներ, վարորդներին բաժանվում են անվտանգության նորմերի մասին հուշաթերթիկներ, բոլոր երկաթուղային կայարաններում առկա են հետիոտների համար նախատեսված հատուկ անցումներ:

Ընկերությունը բազմիցս դիմում է բնակչությանը լինել ավելի զգոն կայարաններում, երկաթուղային գծերը հատելիս չանցնել ուղիները դրա համար չնախատեսված վայրում, չօգտագործել դրանք որպես արոտավայրեր: Վերջին շրջանում նման գործողությունները դարձել են երկաթուղու ուղևորների կյանքի և առողջության, գնացքների անվտանգության համար լուրջ վտանգ:

Ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում անվտանգության կանոնների մասին բնակչության իրազեկմանը. այս նպատակով բոլոր կայարաններում քաղաքացիների, երեխաների համար տեղադրված են հատուկ հուշաթերթիկներ: ՀԿԵ-ն նաև համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների, երկաթուղու հարևանությամբ գտնվող ձեռնարկությունների, դպրոցների հետ:

Չնայած ձեռնարկվող միջոցներին, սակայն, երկաթուղու հարևանությամբ գտնվող տների բնակիչները, միշտ շտապող և անհոգ վարորդները նախըտրում են հատել գծերը իրենց համար հարմար, սակայն դրա համար չնախատեսված տեղում՝ անտեսելով արգելող նշանները, հատուկ անցումների և գծանցների առկայությունը:

Ընկերությունը կրկին հիշեցնում է վարորդներին, որ պահպանվող երկաթուղային գծանցները պետք է հատել միայն հերթապահի թույլտվությամբ, իսկ չպահպանվողները՝ միայն համոզված լինելով, որ անցումը լինելու է անվտանգ, չփորձել անցնել գծանցը գնացքի առջև, քանի որ դա կարող է ծանր հետևանքների բերել:

Անհրաժեշտ է հիշել, որ երկաթուղային տրանսպորտը հնարավոր վտանգի դեպքում չի կարող անհապաղ կանգնել. արգելակման դեպքում մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատարինը՝ մոտ 1000 մետր: Սակայն վտանգի դեպքում որոշիչ դեր են խաղում վայրկյանները և հաշված քայլերը...  

Այս խորագրի վերջին նյութերը