Լրահոս

22.03.2013 09:23


Պարբերական գիսավորների տեղեկատու էջը

Պարբերական գիսավորների տեղեկատու էջը

Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համացանցային կայք-էջի «Իրադարձությունների օրացույց» բաժնում (Calendar of Events) այժմ առկա է պարբերական գիսավորների ամբողջական ցանկը, որից կարելի է տեղեկանալ, թե առաջիկա տարիներին որ գիսավորներն են մոտենալու Արեգակին և Երկրին:
Գիսավորները Արեգակնային համակարգի փոքր անդամներից են, նրանք գտնվում են այսպես կոչված Կոյպերի գոտում` Նեպտունի ուղեծրից այն կողմ: Ենթադրվում է, որ ավելի հեռավոր գիսավորները գալիս են սառցե երկնային մարմիններից կազմված Օորտի ամպ կոչվող վիթխարի տարածությունից, որը թաղանթի նման շրջապատում է Արեգակնային համակարգը և գտնվում է մոտավորապես 1 լուսատարի (մոտ 1013 կմ) հեռավորության վրա: Գիսավորները սառույցից, փոշուց և քարերից կազմված մի քանի հարյուր մետրից մինչև մի քանի տասնյակ կմ չափեր ունեցող բեկորներ են` շրջապատված փոշային թաղանթով: Ժամանակ առ ժամանակ նրանք մոտենում են Արեգակին, և Արեգակի ճառագայթման և արեգակնային քամու ազդեցության տակ նրանց փոշին տարածվում է և երկար պոչի կամ գեսի տպավորություն թողնում, որից էլ առաջացել է «գիսավոր» անվանումը: Գիսավորները շարժվում է ձգված էլիպսաձև կամ պարաբոլական ուղեծրերով և համապատասխանաբար, ժամանակ առ ժամանակ մոտենում են Արեգակին (պարբերական գիսավորներ) կամ մեկ անգամ մոտենում և ընդմիշտ հեռանում են (ոչ պարբերական գիսավորներ): Ամենահաճախ դիտված և ամենահայտնի պարբերական գիսավորը Հալլեյի գիսավորն է, որն Արեգակի շուրջ պտտվում է 76 տարի պարբերությամբ և հայտնաբերվել է դեռևս մ.թ.ա. 240թ. (վերջին անցումը դիտվել է 1986թ., իսկ հաջորդ անցումը սպասվում է 2061թ.): Մի քանի պայծառ գիսավորներ դիտվեցին 1990-ականներին, որոնք նոր հետաքրքրություն առաջացրին, իսկ վերջին 15 տարում բախտ չի վիճակվել դիտել որևէ պայծառ գիսավոր:
Տեղեկատու էջում բերված են 470 պարբերական գիսավորների տվյալներ, որոնց պարբերություններն ընկած են 3.3 տարուց (Էնկեի գիսավոր) մինչև 364.5 տարի (Իկեյա-Ժանգի գիսավոր) միջակայքում: Գիսավորների պարբերությունները կարող են հասնել մինչև հազարավոր տարիների, սակայն մարդկության կողմից դիտումների տևողության պակասի պատճառով նրանք դեռևս բացահայտված չեն: Ամեն տարի տեղի է ունենում մոտ 40-50 գիսավորի անցում: Օրինակ 2013թ. ընթացքում Արեգակին կմոտենա 44 գիսավոր, որոնց մեծ մասը կարելի է դիտել նույնիսկ փոքր աստղադիտակներով: Անզեն աչքով դիտվում են միայն ամենապայծառ գիսավորները, և բարեբախտաբար, 2013թ. նոյեմբեր-դեկտեմբերին սպասվում է գերպայծառ Իսոն գիսավորը, որը գիշերային երկինքը կարող է լուսավորել համարյա Լուսնի նման: Եվ չնայած նախկինում գիսավորների երևալը գույժ էր համարվում, սակայն իրականում դրանք միայն գեղեցիկ տեսարան են առաջացնում:
Կայք-էջի հասցեն է http://www.aras.am/Calendar/calendar.htm:
Հայկական աստղագիտական ընկերություն

Այս խորագրի վերջին նյութերը