Լրահոս

21.03.2013 16:58


«Բացահայտվեց» Երևանի ավագանու «Ժառանգության» ցուցակը. այն գլխավորում է Արմեն Մարտիրոսյանը

«Բացահայտվեց» Երևանի ավագանու «Ժառանգության» ցուցակը. այն գլխավորում է Արմեն Մարտիրոսյանը

Քիչ առաջ Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հրապարակեց նրա խոսքերով՝ «Բարև Երևան» ցուցակը։ 64 հոգուց բաղկացած համամասնական այս ցուցակով «Ժառանգությունը» մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին։

Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ այդ ցուցակում ընդգրկված են «Ժողովրդավարական հայրենիք», ՀԱՍԿ, ԺՈՒԿ, Պահպանողական կուսակցությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, մշակութային գործիչներ, լրագրողներ, քաղաքացիական այլ ակտիվիստներ։

Ցուցակը գլխավորում է «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Ցուցակում ընդգրկված են նաև ժառանագականներ Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը, Դավիթ Սանասարյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Դանիել Իոաննիսյանը և այլք։

«Ժառանգության» ցուցակով ավագանու ընտրություններին մասնակցելու են նաև «Ես» ամսագրի հիմնադիր Անի Քոչարը, պրոդյուսեր Ալեն Սիմոնյանը, բլոգեր Իզաբելլա Աբգարյանը, ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը, «Պետության կարիքների զոհեր» ՀԿ–ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանը, բնապահպան Գագիկ Սուխուդյանը (Մարիամ Սուխուդյանի հայրը) և ուրիշներ։

Ի դեպ, նշենք, որ Սուրեն Զոլյանը երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել էր, թե խնդրել է իր անունը ցուցակի վերջին համարի տակ գրել, որովհետև Երևանի ավագանի դառնալու այդքան էլ մեծ ցանկություն չունի: Բայց այսօր պարզ դարձավ, որ «Ժառանգության» ցուցակը եզրափակում է Արմեն Վիրաբյանը։

Ինչ վերաբերում է անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա այսօր հրավիրված ասուլիսում նա հայտարարել է, որ չի մասնակցելու քաղաքապետական ընտրություններին, որովհետև ունի ա՛յլ պարտականություն՝ արդեն գրանցված ժողովրդի կողմից, և պատրաստ է այն իրացնել մինչև վերջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը