Քաղաքական

21.03.2013 15:18


Նաիրա Զոհրաբյանը չի բացառել, որ ավագանիում ոչիշխանական ուժերի միջև կոալիցիա կձևավորվի

Նաիրա Զոհրաբյանը չի բացառել, որ ավագանիում ոչիշխանական ուժերի միջև կոալիցիա կձևավորվի

Այսօր խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը չի բացառել, որ Երևանի նորընտիր ավագանիում ոչիշխանական ուժերի միջև կոալիցիա կձևավորվի, և հենց վերջինն էլ քաղաքապետ կընտրի:

–Մենք հակված ենք համագործակցության,-ասել է Ն. Զոհրաբյանը:

Նա անընդունելի է համարել ՀՀԿ մամուլի խոսնակի այն հայտարարությունը, թե իրենք քաղաքը չեն պատրաստվում հանձնել։

–«Մենք Երևանը չենք հանձնելու» ձևակերպումն ինձ հիշեցնում է «Ստալինգրադը չենք հանձնելու» կամ «Հետևում Կուրսկն է» արտահայտությունները: Խորհուրդ կտամ ձեռնպահ մնալ նման հայտարարություններից: Երևանցին ի՛նքն է որոշելու, թե ո՞ր քաղաքական ուժին է տալու իր քվեն, ո՞ր քաղաքական ուժն է ձևավորելու ավագանի, որն էլ կընտրի Երևանի քաղաքապետ: Որևէ մեկը Երևանն իր գրպանը չի դրել, որ հետո ասի՝ հանձնելու է կամ չի հանձնելու,-ընդգծել է Ն. Զոհրաբյանը:

Նա ամբարտավան և ՀՀ քաղաքացու նկատմամբ վիրավորանք է համարում որևէ քաղաքական ուժի այն հայտարարությունը, թե՝ առաջին տեղը մենք ենք որոշելու, երկրորդ տեղից այն կողմ որոշումը թողնում ենք Երևանի ընտրողին:

–Երևանի ընտրողն այս ամբարտավան վարքագծի պատասխանն անպայման կտա,-նշել է ԲՀԿ–ական պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը նաև ավելացրել է, որ ԲՀԿ–ն պատրաստ է կարճ ժամանակում նախաձեռնել «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումների լայն փաթեթի մշակումը՝ հիմքում ունենալով 100–տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցումը:

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի հայտնի հարցազրույցին, Ն. Զոհրաբյանը նշել է, որ եթե այնտեղ իրապես ուղերձ կար, որ այս կառավարությունը փայլուն է աշխատել, և այս վարչապետը պետք է շարունակի պաշտոնավարել, ապա սա հերթական աղետն է լինելու Հայաստանի համար.

–Այս կառավարությունը՝ այս վարչապետով, երկիրը տանում է փակուղի։ Հորդորում եմ թվերից ձերբազատվել ու խոսել փաստերով: 7 տոկոսը պետք է արտացոլվի աղքատության կրճատմամբ, որն օրեցօր աճում է: Այստեղ խայտառակ կոնֆլիկտ կա՝ հայտարարված փուչիկ թվերի և իրականության միջև,–ընդգծել է նա՝ ավելացնելով, որ կառավարությունը ղեկավարում է մի անձ, ով իր տնտեսական հեռանկարների և հայկական աշխարհի մասին պատկերացումներում իլյուզյոն մոտեցումներ ունի և որևէ գործնական, դրական բան առ այս պահը չի արել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը