Լրահոս

21.03.2013 20:05


Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին

Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմակերպած միջազգային այս գիտաժողովը նպատակ է հետապնդում Մեծ Եղեռնի հարյուրամյակի նախօրեին քննարկումներ սկսել և եզրակացություններ տալ երեք հիմնական ուղղություններով տարվող աշխատանքներին: Դրանք են`

 ա. Հայոց ցեղասպանության գիտական ուսումնասիրության և թանգարանային ցուցադրությունների կազմակերպման հետագա հեռանկարներն ու ուղղությունները,

բ. Ժխտողականության դեմ արդյունավետ պայքար մղելու աշխատաեղանակներն ու հրամայականները,

գ. Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների իրավահաջորդներին փոխհատուցման ու դրա հետ կապված խնդիրների իրավական հիմնավորումների քննարկում:

Գիտաժողովը կարևոր հանգրվան կհանդիսանա Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ շահեկան գիտական քննարկումների ու անհրաժեշտ հետևությունների համար, որի ընթացքում կձևակերպվեն հստակ եզրակացություններ ու առաջարկներ Հայոց ցեղասպանության տակավին չուսումնասիրված կամ նվազ ուսումնասիրված ոլորտների ուղղությամբ գիտական աշխատանքների իրականացման ու դրանց աջակցություն ցուցաբերելու համար:

Այս գիտաժողովը հնարավորություն կընձեռնի նաև հանգամանալիորեն քննարկելու թուրքական ժխտողականության դեմ առավել արդյունավետ հակազդեցության մեխանիզմների ու աշխատաեղանակների մշակման համար: Վերջապես, այս գիտաժողովը կոչված է մասնագիտական հեղինակավոր կարծիքների հիման վրա մշակել ու ծրագրել հարյուրամյա տարելիցի կապակցութ-յամբ Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում անցկացվելիք տարաբնույթ միջոցառումների ընդհանուր ռազմավարությունը:

Գիտաժողովի անցկացումը հարմար առիթ է նաև Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանն առնչվող հիմնահարցերի ճշգրտման ու հետագա քայլերի ռազմավարության մշակման համար:

Նման գիտաժողովի կազմակերպումը, որին իրենց մասնակցությունն են բերելու Հայոց ցեղասպանության հիմնախնդիրներով զբաղվող մասնագետները,  կարևոր ստուգատես է համարվելու 2015թ. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության երևանյան համաժողովի անցկացման նախօրեին, ինչպես նաև կոչված է լրջորեն նպաստելու Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում գիտական սերնդափոխության գործընթացին:

Այս խորագրի վերջին նյութերը