Լրահոս

21.03.2013 12:45


«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը դիմել է էթիկայի հանձնաժողովին

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը դիմել է էթիկայի հանձնաժողովին

 21.03.2013թ. Երևան. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն (ԹԻ ՀԿ) դիմել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին` խնդրելով քննության առնել ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Անդրանիկ Միրզոյանի դրսևորած վարքագծի համապատասխանությունը բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոններին:

 2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրություններին թիվ 17/5 ընտրական տեղամասում որպես դիտորդ մասնակցել է ԹԻ ՀԿ-ում պրակտիկա անցնող ԱՄՆ-ի քաղաքացի Նարինե Էսմաելին, ով դիտորդական առաքելություն է իրականացրել «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի անունից: Նշված տեղամասում քվեատուփի լցոնման փաստով ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ, որով Նարինե Էսմաելին հանդես է գալիս որպես վկա:

2013թ.-ի մարտի 1-ին Նարինե Էսմաելիի և հանձնաժողովի քարտուղարի միջև առերես հարցաքննության ժամանակ, քննչական գործողությունը ձայնագրելու անհրաժեշտության և օրինականության շուրջ վիճաբանություն է ծագել Նարինե Էսմաելիի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Եգորյանի և գործով քննիչ Հովակիմյանի միջև: Չնայած ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի արգելում վկայի հարցաքննության ժամանակ ձայնագրառում կատարելը, այդուհանդերձ քննիչը թույլ չի տվել փաստաբանին ձայնագրելու առերեսումը: Շուրջ 40 րոպե վիճաբանելուց հետո, քննիչը դուրս է եկել սենյակից և այնուհետև ներս մտել Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի հետ, ով բարձրաձայն գոռգոռալով, վկայի և նրա ներկայացուցչի նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելով, արգելել է ձայնագրություն կատարել և կարգադրել է քննիչներից մեկին (սենյակում ներկա են եղել հինգ քննիչ), որ ձայնագրիչը նետի զուգարան: Այնուհետև, չսպասելով իր կարգադրության կատարմանը, Տիգրան Եգորյանի ձեռքից կոպտորեն խլել է ձայնագրիչը և նետել պահարանի մեջ: Իսկ ավելի ուշ պարզվեց, որ այդ ընթացում ինչ-որ մեկը հաջողացրել է ջնջել ձայնագրությունը:

Նշված միջադեպի մասին «Իրավունքի Եվրոպա միավորում» և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունները մամուլում և էլեկտրոնային լրատվամիջոցներում (www.hetq.am, www.news.am) հրապարակել են հայտարարությունը` դատապարտելով ՀՀ հատուկ քննչական ծառայության և նրա ղեկավարի ոչ իրավաչափ վարքագիծը ընտրախախտումների  գործերով քննության ընթացքում:[1]

2013թ. մարտի 6-ին ՀՔԾ-ն իր պաշտոնական կայքում և ԶԼՄ-ներով տարածել է հայտարարություն, որում, հղում կատարելով ՀՀ քրեադատավարական օրենսդրությանը, փորձել է հիմնավորել ՀՔԾ պետի և քննիչի գործողությունների իրավաչափությունը` բացարձակ սուտ որակելով մեր հայտարարության մեջ վկայակոչած հոգեբանական ճնշման և ձայնագրառումը ապօրինի արգելելու փաստերը: Սակայն, իրենց իսկ մատնանշած քրեադատավարական նորմերը (հոդված 201, հոդված 206) չեն պարունակում դրույթներ քննչական գործողությունը ձայնագրելու արգելքի մասին:

«Հանրային ծառայության մասին» օրենքը սահմանում է հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնները, այդ թվում` «հարգել օրենքը և ենթարկվել օրենքին, իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը, ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել իր պաշտոնին վայել վարքագիծ, հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է իր լիազորություններն իրականացնելիս» (հոդված 28, մաս 3, կետ1, 3,4,5):

Ակնհայտ է, որ Մ.Միրզոյանի վերոնշյալ վարքագիծը բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնների կոպիտ խախտում է, որպիսի պարագայում վտանգվում է նաև  հարգանքի և վստահության ձևավորումը նրա ներկայացրած մարմնի` ՀՔԾ-ի նկատմամբ, մասնավորապես, ընտրախախտումների գործերի օբյեկտիվ քննության և բացահայտման առումով:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը