Լրահոս

21.03.2013 00:05


Քաղաքացիական հասարակության ինստիտուտի արձագանքը ՀՀ ոստիկանության հրապարակած քննադատական նյութին

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի արձագանքը ՀՀ ոստիկանության հրապարակած քննադատական նյութին

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, ծանոթանալով ս/թ. մարտի 14-ին ՀՀ ոստիկանության կողմից հրապարակած տեսանյութին, այսօր ուղարկել է պատասխան նամակ՝ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի անունով։

Վերոհիշյալ տեսանյութում ոստիկանությունը քննադատորեն անդրադարձել է ՀՀ–ում անչափահասների հանդեպ դաժան վերաբերմունքի և խոշտանգումների ուսումնասիրությանը[1], որը պատրաստվել է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի կողմից՝ ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի (UNICEF) և «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Ուսումնասիրությունը հանրության է ներկայացվել ս/թ. մարտի 13-ին։ Այն բացահայտել է նախաքննության և դատաքննության փուլերում, ինչպես նաև՝ ազատազրկված անչափահասների իրավունքների ոտնահարման դեպքեր։

Որպես հետազոտության համահեղինակ` ինստիտուտն իր նամակում ողջունում է ՀՀ ոստիկանության համագործակցության կոչը և պատրաստակամություն է հայտնում շարունակելու համատեղ աշխատանքը՝ կառուցվածքային փոփոխություններ բերելու նպատակով։

Միևնույն ժամանակ, ՔՀԻ–ն շեշտել է, որ խոշտանգումները, որպես երևույթ, գոյություն ունեն Հայաստանում, և դա վերաբերում է թե՛ անչափահասներին, թե՛ չափահասներին, որոնք առնչվել են ոստիկանության հետ։ Հիմնականում խոշտանգումների զոհերը մինչև մեղադրանքի առաջադրումը չեն բարձրաձայնում իրենց նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքի  մասին՝ վախենալով, որ իրենց վիճակը կարող են վատթարացնել: Բազմաթիվ հայտարարություններ լինում են դատական փուլում, որոնք արվում են տուժողների կողմից: Սակայն դատական մոնիտորինգը ցույց է տալիս, որ այդ հայտարարությունների հետ կապված օրենքով սահմանված կարգով գործին ընթացք չի տրվում:

Ի պատասխան ոստիկանության խնդրանքին ներկայացնել կոնկրետ փաստեր, ՔՀԻ–ն նշել է, որ այս ուսումնասիրությունն իրականացվել է անանուն հարցազրույցների հիման վրա, որոնք անցկացվել են թվով 86 անչափահասների, այդ թվում կալանավորվածների, դատապարտյալների և ոլորտի մասնագետների հետ (դատավոր, փաստաբան, քննիչ, դատախազ, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի, Հանրապետական N1 հատուկ կրթահամալիրի, տարբեր հասարակական կազմակերպությունների աշխատակիցներ)։ Հարցազրույցների անցկացումը նպատակ է ունեցել բացահայտել երևույթը:  

Եվ չնայած այս ուսումնասիրության մեթոդաբանությունը թույլ չի տալիս բացահայտել տեղեկատվական աղբյուրները, այնուամենայնիվ ՔՀԻ–ի մեկ այլ ուսունասիրության՝ Անչափահասների գործերի դատավարությունների դիտարկման ընթացքում վերհանել է մի շարք խնդիրներ։ ՔՀԻ–ն ՀՀ ոստիկանության ուշադրության է ներկայացրել երկու դեպք, երբ անչափահաս անձինք դատարանում բարձրաձայնել են իրավապահ մարմինների կողմից վատ վերաբերմունքի, մասնավորապես՝ ծեծի մասին։ Արված հայտարարությունների վերաբերյալ պատշաճ քննություն չի իրականացվել: Նամակին կից ոստիկանությանը ուղարկվել է այդ երկու գործերի տվյալները և ձայնագրությունը։

Ուսումնասիրության մեջ տեղ են գտել մի շարք առաջարկություններ, որոնք ՔՀԻ–ն առաջարկել է քննարկել ՀՀ ոստիկանության համապատասխան մասնագետների հետ։

            Ի դեպ, ուսումնասիրության բյուջեն ոստիկանության հայտարարության մեջ չափազանցված է գրեթե 200 անգամ:

 

–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը երկար տարիներ զբաղվում է Հայաստանում խոշտանգումների և մարդու իրավունքների խնդիրներով։ Ակտիվ մասնակցություն է ունեցել ՄԱԿ–ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացման խթանմանը։ Տարիներ շարունակ ՔՀԻ նախագահ Արման Դանիելյանը գործել է որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի նախագահ։ Կազմակերպությունն իր www.hra.am կայքէջի միջոցով համապարփակ տեղեկատվություն է տարածում ոլորտում տեղ գտած իրադարձությունների մասին։ ՔՀԻ–ն մասնակցում է ոլորտին վերաբերող ուսումնասիրությունների և հաշվետվությունների պատրաստմանը։



[1] ՀՀ–ում անչափահասների հանդեպ դաժան վերաբերմունքի և խոշտանգումների ուսումնասիրությանը՝ հայերեն և անգլերեն, ինչպես նաև նյութին վերաբերող հավելյալ տեղեկատվությունը զետեղված է www.hra.am կայքում։

 

Այս խորագրի վերջին նյութերը