Լրահոս

20.03.2013 17:33


Դեսպան Սեյրանյանն իր հավատարմագրերը հանձնեց Սլովակիայի նախագահին

Դեսպան Սեյրանյանն իր հավատարմագրերը հանձնեց Սլովակիայի նախագահին

Մարտի 20-ին Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը (նստավայրը՝ Պրահա) հանդիսավոր պայմաններում իր հավատարմագրերը հանձնեց Սլովակիայի Հանրապետության նախագահ Իվան Գաշպարովիչին:

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո առանձնազրույց տեղի ունեցավ նախագահ Գաշպարովիչի եւ ՀՀ դեսպանի միջեւ: Նախագահը, շնորհավորելով դեսպան Սեյրանյանին հավատարմագրման կապակցությամբ, գոհունակություն հայտնեց երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունների առնչությամբ: Պարոն Գաշպարովիչը հույս հայտնեց,  որ Հայաստանի նորանշանակ դեսպանն իր կարեւոր ներդրումը կունենա Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ համագործակցության ընդլայնման եւ ամրապնդման գործում:

ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց նախագահի նստավայր Գրասալկովիչի պալատում ջերմ ընդունելության համար եւ պատրաստակամություն հայտնեց ջանքեր չխնայել երկու պետությունների միջեւ բազմակողմ հարաբերությունների զարգացման համար: Շուրջ կես ժամ տեւած զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ Հայաստանի եվրաինտեգրման օրակարգին, բարձր մակարդակով փոխադարձ այցելություններին, Հայաստան-Սլովակիա քաղաքական երկխոսությանը, երկկողմ տնտեսական համագործակցությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային խնդիրներին: Օգտվելով առիթից` դեսպան Սեյրանյանը շնորհակալություն հայտնեց Սլովակիայի խորհրդարանի կողմից 2004թ. նոյեմբերի 30-ին Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու համար:

Բրատիսլավա կատարած այցի ընթացքում դեսպան Սեյրանյանը հանդիպումներ ունեցավ նաեւ Սլովակիայի Արտաքին եւ Եվրոպայի գործերի նախարարության պետական քարտուղար (նախարարի տեղակալ) Պետեր Յավորչիկի, ինչպես նաեւ նախարարության այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը