Լրահոս

20.03.2013 15:22


Վերջին շրջանում «Արջերի» և «Մոզրովի» քարանձավներ որեէ մեկը մուտք չի գործել

Վերջին շրջանում  «Արջերի» և «Մոզրովի» քարանձավներ որեէ մեկը մուտք չի գործել

 “Գլաձորի համալսարան” պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ  Բարիս Քոչարյանը, “Արփի” բնապատմական արգելոցի աշխատակից  Հայկ Սարգսյանը, Արենի գյուղի բնակիչ Արսեն Մարտիրոսյանը, Գնիշիկի  գյուղապետ  Մեսրոպ Մելքոնյանը ս. թ. մարտի 18-ին եղել են “Արջերի” /պետ ցուցիչ` 9.12.4/  եւ “Մոզրովի” / պետ. ցուցիչ` 9.12. 5/ քարանձավների տարածքներում  եւ արձանագրել, որ երկու  քարանձավների շրջակայքում  որեւէ ոտնահետք չկա, նախորդ տարվա մարտ ամսին տեղադրված / մուտքն  արգելող/  ցուցանակները  տեղում են, քարանձավների մուտքը փակ է: Վերջին շրջանում “Արջերի” եւ “Մոզրովի” քարանձավներ որեէ մեկը մուտք չի գործել: “Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն” ՊՈԱԿ-ի ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության նախաձեռնությունը պայմանավորված է օրերս քարանձավագետների  ու հնագետների հնչեցրած այն հայտարարությամբ, թե “Արջերի” քարանձավում ոչնչացվել է աշխարհում ընդամենը մի քանի նմանօրինակ ունեցող հելեկտիտը:  Մարզային ծառայության պատասխանատուները նաեւ տեսա ու լուսանկարահանումներ են  իրականացրել քարանձավների  մուտքերի շրջակայքում, որով փաստվում է ոտնահետքի  բացակայությունը: 

“Ինկար” ՍՊԸ-ի նախագահ Սմբատ Դավթյանը մարտի 17-ի ասուլիսում հայտարարել էր, թե Մագիլի քարանձավը պետական պահպանության հուշարձանների ցանկում չկա:

Հայտնում ենք, որ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի տարածքում հաշվառված  Մագելանի քարանձավը  2003 թ. ՀՀ կառավարության հունիսի 26-ի N 754- Ն  որոշմամբ ընդգրկված է ՀՀ պատմության եւ անշարժ հուշարձանների պետական ցուցակում /պետ. ցուցիչ` 9.8.11/:  ՀՀ կառավարության 2007 թ. մարտի 15-ի N 385 -Ն որոշմամբ էլ Մագելանի քարանձավն ընդգրկված է  ՀՀ պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

Բանախոսները նաեւ հայտարարել էին, թե “չկա համապատասխան փաստաթուղթ, որով Մագելի քարանձավն ամրացված է “Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն” ՊՈԱԿ-ին”:

Տեղեկացնում ենք, որ 1998թ. նոյեմեբերի 11-ին ՀՀ ԱԺ-ի ընդունած “Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության ու օգտագործման մասին օրենքի համաձայն, հանրապետության տարածքում գտնվող հուշարձանները  գտնվում են պետության պահպանության ներքո: ՊՈԱԿ-ը տվյալ դեպքում իրականացնում է պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային անշարժ հուշարձանների, հուշարձանախմբերի պահպանությունը:  Սա նշանակում է, որ Մագելանի, Արջերի, Մոզրովի քարանձավները գտնվում են ՊՈԱԿ-ի պահպանության ներքո: Վայոց ձորի մարզի ՊՄՊ ծառայությունն ունի 14 պահապան եւ իրականացնում է շուրջ 1400  հուշարձանի պահպանություն: «Արփի» բնապատմական արգելոցի տարածքը, որում ներառված են “Մոզրովի”,  “Արջերի”,  “Մագելանի” եւ “Թռչունների քարայր”  /Արենի-1/ քարանձավները  գնտվում են Արփի բնապատմական արգելոցի աշխատակիցների պահպանության ներքո:

Քարանաձավները զբոսաշրջային նպատակներով օգտագործելու տեսակետին,   ի դեպ համամիտ են նաեւ պատկան մարմինները: “Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն” ՊՈԱԿ-ի տնօրինությունը բազմիցս հայտարարել է, որ քարանձավներում այժմ զբոսաշրջության համար անհրաժեշտ պայմաններ չկան։ «Մոզրովի», «Արջերի» եւ մյուս քարանձավներն, անշուշտ,  կարող են զբոսաշրջային լուրջ կենտրոններ դառնալ: Խնդիրը պետական հոգածության ներքո է եւ մշակվում է «Արփի» բնապատմական արգելոցի տարածքի զարգացման ծրագիր, որում կներառվի նաեւ քարանձավներն անվտանգ օգտագործելու  հարցը: 1980 թ. բացված «Մոզրովի» քարանձավում չկան մշակված երթուղիներ, որոնք հնարավորություն կտան զբոսաշրջության նպատակով օգտագործելու հուշարձանը: Դրանք կմշակվեն մասնագետների համապատասխան գիտական ուսումնասիրությունից, ապա եզրակացությունից հետո:  Այդ նպատակով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը գործնական քայլեր  կատարել է եւ պատրաստ է համագործակցել  ՀՀ քարանձավագիտական կենտրոնի,  ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի, հայաստանյան ու արտասահմանյան անկախ փորձագետների հետ: Ի դեպ, Մագելանի քարանձավի զբոսաշրջության նպատակով օգտագործման ու զարգացման ծրագիրը ՊՈԱԿ-ն արդեն ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարություն: Քարանձավների անվտանգ օգտագործումն  անշուշտ կնպաստի հուշարձանների հանրահռչակմանն ու զբոսաշրջության զարգացմանը:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի` հասարակայնության հետ կապերի գծով օգնական Մարինե Ավանեսյան 

Այս խորագրի վերջին նյութերը