Լրահոս

19.03.2013 13:47


Սերժ Սարգսյանի հանդիպումը մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ (մաս 2-րդ)

Սերժ Սարգսյանի հանդիպումը մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ (մաս 2-րդ)

Հարցազրույցի սկիզբը կարող եք կարդալ այստեղ

Արտակ Ալեքսանյան, Արմնյուզ հ/ը – Պարո՛ն Նախագահ, իմ հարցը վերաբերում է այն դրվագին, որ քիչ առաջ Դուք ինքներդ ասացիք: Նախընտրական շրջանում սովորաբար կոռեկտ եղաք բոլոր թեկնածուների վերաբերյալ, բացի մեկ էպիզոդից, երբ Րաֆֆի Հովհաննիսյանի արտահայտած մտքի առիթով ասել եք, որ դա արկածախնդրություն է: Մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում էր ճանաչել ԼՂՀ անկախությունը: Ո՞րն է Ձեր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ և Ձեր կարծիքով, ինչո՞վ է վտանգավոր այս թեզը:

Սերժ Սարգսյան – Ինչո՞ւ միանգամից կտրուկ էր արձագանքը: Որովհետև դա նոր թեմա չի, և մենք բազմաթիվ անգամ մեր դիրքորոշումը բացատրել ենք: Խելամիտ պաշտոնյան, խելամիտ քաղաքական գործիչը մինչև որոշում ընդունելը, մինչև խոսելը չեմ ասում, մինչև որոշում ընդունելը՝ պետք է հասկանա, թե ի՞նչ արդյունքների է հասնելու, ի՞նչ գին է վճարելու այդ որոշումն իրականացնելու համար և ո՞ւր է հասնելու: Ես ուզում եմ, Արտա՛կ, որպեսզի բոլորս միասին մտածենք՝ ի՞նչ է տալու այսօր ԼՂՀ անկախության ճանաչումը ԼՂ քաղաքացիներին և ՀՀ քաղաքացիներին: Արդյո՞ք ճանաչումը դարձնելու է այդ քաղաքացիների կյանքն ավելի անվտանգ: Եթե այո, ասացեք, խնդրում եմ, արդյո՞ք այդ ճանաչումն ավելացնելու է ներդրումների հոսքը կամ Լեռնային Ղարաբաղ ուղղվող վարկային միջոցները: Այսինքն, այդ որոշումը բարելավելո՞ւ է ԼՂ բնակիչների կյանքը, այդ որոշումը ճանապարհներն ավելի լա՞վն է դարձնելու: Ի՞նչ է տալու, ուզում եմ մեկն ու մեկդ ինձ ասեք: Խնդրում եմ ասեք, ի՞նչ է տալու ԼՂ բնակչությանը ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչումը: Հարցը հռետորական չի, իրական հարց է: Այստեղ նստած եք մարդիկ, ովքեր արդեն 2 տասնամյակ է այդ խնդրի մասին խոսում եք, գրում եք, ասացեք, ի՞նչ օգուտ է տալու: Մի օգուտ ասեք: Եթե լռություն է, անցնեմ ՀՀ քաղաքացիներին. ի՞նչ է տալու այդ որոշումը ՀՀ քաղաքացիներին: Ի՞նչ ենք մենք դրանից ստանալու: Դրանից Հայաստանն ավելի անվտա՞նգ է դառնալու: Դրանից մեր զինվորների կյանքն ավելի անվտա՞նգ է դառնալու: Դրանից Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրանալո՞ւ է: Դրանով մենք շահելո՞ւ ենք մեր գործընկերների վստահությունը: Մենք ասելու ենք, որ միջազգային հանրության լիիրավ և պատասխանատու անդա՞մ ենք: Չեմ տեսնում մի բան, որ տալու է ՀՀ քաղաքացիներին կամ ՀՀ-ին: Հիմա, խնդրեմ, հարցին անդրադառնանք մյուս կողմից: Որքանո՞վ է վտանգելու այդպիսի որոշումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Կարծում եմ, այստեղ տարակուսելու բան չկա: Բայց ավելի կարևոր հանգամանք կա: Այսինքն՝ որևէ մեկը տարակույս չպետք է ունենա: Եթե մենք այդպիսի որոշում կայացնենք, ուրեմն բանակցությունները դադարեցվելու են: Դուք կասկածո՞ւմ եք դրանում: Կարծում եմ, որևէ մեկը չի կասկածում: Հակառակ պարագայում ինչի՞ մասին պետք է բանակցենք: Այսինքն, դա ապտակ է լինելու ոչ միայն բանակցող մյուս կողմին, այլ նաև համանախագահներին: Առավել ևս, երբ մենք հրապարակից վիրավորական խոսքեր ենք հնչեցնում Մինսկի համանախագահներին, այդ երկրների ղեկավարներին: Բա, հանկարծ, եթե պատերազմ սկսվի, մենք միայնակ ամբողջ աշխարհի դե՞մ ենք կռվելու: Գիտեք, այդպիսի կոչեր, այդպիսի հայտարարություններ կարող են անել մարդիկ, ովքեր պատասխանատվություն չունեն որևէ բանի հանդեպ: Նրանց թվում է, թե ժողովրդի ականջին դա շատ հաճելի մի բան է: Միգուցե, Տորոնտոյում ապրող մի հայի համար կարող է շատ հաճելի լինել, եթե ՀՀ-ն ճանաչի ԼՂՀ անկախությունը: Բայց արդյո՞ք դրա համար արժե վտանգել հազարավոր մարդկանց կյանքեր: Դրա համար արժե՞ ձախողել 20 տարի տևող բանակցությունները, որի արդյունքում մեր հակառակորդ Ադրբեջանը հրաժարվում է փաստաթղթից, որ սեղանի վրա է, իսկ մենք ասում ենք՝ սա ինչ-որ չափով մեզ բավարարում է: Այսինքն, մի անխոհեմ որոշմամբ մենք ջո՞ւրը լցնենք հազարավոր մարդկանց կյանքի գինը: Մարդ պետք է հասկանա՝ ի՞նչ է պատերազմ: Պետք է տեսած լինես, որ իմանաս: Պատճառը սա էր, որ ես միանգամից կոշտ արձագանքեցի, որովհետև ավելի անխոհեմ քայլ ԼՂ խնդրի հարցում չի կարելի մտածել: Ուղղակի, չի կարելի, անհնար է: Բայց ես ասել եմ և ես ասել եմ հրապարակավ, ասել եմ միջազգային հարթակներում, ՀՀ-ում, որ, նորից եմ կրկնում, մենք ճանաչելու ենք ԼՂՀ անկախությունը, եթե սկսվեն ռազմական գործողություններ: Այն ժամանակ կորցնելու ոչինչ չունենք և մենք, այո, հայտարարելու ենք, որ մենք միասնական պետություն ենք կամ ԼՂ-ն անկախ պետություն է, և մենք ԼՂ բնակչության անվտանգության երաշխավորն ենք: Բայց ինքնե՞րս առիթ դառնանք ռազմական գործողություններ սկսելու: Ոչ: Մենք ճանաչելու ենք ԼՂՀ անկախությունը, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի կամ էլ ստեղծի այնպիսի անելանելի դրություն, որ մենք այլընտրանք չունենանք: Մնացած բոլոր պարագաներում նույնիսկ այդ մասին մտածելը դավաճանություն է մեր զինվորների նկատմամբ, մեր քաղաքացիների նկատմամբ: Մենք խոսում ենք արտագաղթի մասին, հրահրում ենք պատերա՞զմ: Մենք խոսում ենք մայրերին խրախուսելու մասին և ասում ենք պատերա՞զմ ենք սկսում: Մենք խոսում ենք ժողովրդավարության մասին և այնպիսի անխոհեմ որոշմամբ ամեն ինչը դնում ենք վտանգի տա՞կ:

Արտյոմ Երկանյան, Շանթ հ/ը – Պարո՛ն Նախագահ, ՀՀ նախագահի թեկնածուներից ոչ մեկը կասկածի տակ չի դրել Հայաստանի եվրաինտեգրացման, ինչպես նաև Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները զարգացնելը: Գոնե այս հարցում որոշակի կոնսեսուս կա: Ձեր առաջին այցերը ընտրվելուց հետո եղան, ինչպես և սպասվում էր, Մոսկվա և Բրյուսել: Ենթադրում եմ՝ Բրյուսելում քննարկել եք Հայաստանի՝ Եվրամիության ասոցացված անդամ դառնալու հեռանկարը և Մոսկվայում, իհարկե, նաև Եվրասիական միությանը և Մաքսային միությանը միանալու հնարավոր հարցերը: Կուզենայի Ձեր շուրթերից լսել, արդյո՞ք այստեղ համատեղելի են այս երկու գործընթացները, և արդյո՞ք կարող ենք հուսալ, որ դեկտեմբերին Հայաստանը կդառնա Եվրամիության ասոցացված անդամ:

Սերժ Սարգսան – Նախ, ես պետք է կրկնեմ, որ իմ առաջին արտասահմանյան այցելությունը եղավ Մոսկվա, որն օրինաչափ է: Օրինաչափ է, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական գործընկերն է, մեր դաշնակիցը, իսկ դա նշանակում է, որ մենք շաղկապված ենք ինչպես ռազմական անվտանգության, այնպես էլ տնտեսական անվտանգության խնդիրներով: Եվ պատահական չի, որ Ռուսաստանի Դաշնության հետ մեր առևտրա¬շրջա-նառությունը գերազանցում է ամենամեծն է: Այսինքն, մեր տնտեսությունները շատ սերտորեն փոխկապակցված են: Եվ նոր ընտրությունները ոչ մի բանի ավարտ չեն հայտարարում: Այսինքն, ընտրություններով ոչինչ չի վերջանում: Ընտրություններով նոր-նոր սկսվում է աշխատանքը: Եվ մենք պետք է հասկանանք, թե ինչ ակնկալիքներ ունենք մեր գործընկերներից: Հարցը վերաբերում է և՛ գազին, և՛ նոր միջոցներին, Նաիրիտին, հարցը բազմաթիվ ենթահարցեր ունի: Իհարկե, հարցը վերաբերում է նաև քաղաքական ինտեգրացմանը, վերաբերում է և՛ ՀԱՊԿ-ին, և՛ Մաքսային միությանը, վերաբերում է շատ կարևորագույն խնդրի՝ աբխազական երկաթուղու գործարկմանը: Այսինքն, հայ-ռուսական համագործակցության օրակարգն այնքան հարուստ է, որ մեկ այցելությամբ, նույնիսկ տևական զրույցով հնարավոր չի քննարկել հարցերի նույնիսկ մի չնչին մասը, նույնիսկ այն հարցերի, որ արժեր քննարկել նախագահական մակարդակով: Այնպես որ՝ բոլոր հարցերն էլ շատ թե քիչ շոշափել ենք, բայց որը՝ խորությամբ, որն էլ՝ մակերեսորեն: Մի բան ձեզ պետք է ասեմ՝ մի հավատացեք բոլոր այն մարդկանց, հանդես գան նրանք լրատվամիջոցներում, թե հանրահավաքներում, խոհանոցներում, թե թատրոններում, միևնույն է, մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա այդպիսի բան: Որքա՞ն կարելի է կրկնել: Մենք հակառակը կարող ենք ասել՝ Մաքսային միության անդամները դեռևս ցանկություն չունեն որևէ մեկին ներգրավելու, գոնե մեր մասով ես չեմ տեսել այդպիսի ցանկություն: Ես չեմ կարող չէ՞, հենց այնպես խոսել, որովհետև ես իմ մտածածների մասին չեմ ասում, ես ասում եմ բանակցությունների մասին, ասում եմ իրականության մասին: Այլ խնդիր են ինտեգրացիոն պրոցեսները: Իսկ ինչպե՞ս մենք կարող ենք չշարունակել ինտեգրացիոն գործընթացները: Ինչպե՞ս մենք կարող ենք մեր ռազմական անվտանգության խնդիրները կապել ՀԱՊԿ-ի հետ, կապել Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ տնտեսական կամ քաղաքական մեր հետագա ճակատագիրը կապել մեկ այլ երկրի կամ մեկ այլ միության հետ՝ ի հաշիվ մյուսի: Իհարկե, ոչ: Ես սա ասացի, որպեսզի ընդգծեմ, որ մենք շարունակելու ենք այդ ինտեգրացիոն պրոցեսները նաև եվրոպական կառույցների հետ: Եվ Բրյուսել այցելության նպատակը հենց դա էր: Գիտեք, ԵԺԿ կուսակցության գագաթնաժողովն էր: Բայց դա կուսակցական ժողով անվանելը մի քիչ հարաբերական է, որովհետև այնտեղ նստած էին եվրոպական գրեթե բոլոր երկրների ղեկավարները, որոնց հիմնական մասը ներկայացնում են ԵԺԿ-ն: Եվ ինձ համար չափազանց հաճելի է, որ և՛ այնտեղ, և՛ ընդհանրապես ԵԺԿ ղեկավարի շնորհավորական ուղերձում Հայաստանը դիտարկվեց որպես մոդել, որպես օրինակ ուրիշների համար: Մենք սև-սպիտակի խնդիր չենք լուծում: Կամ-կամի խնդիր չենք լուծում: Մենք ազնիվ ենք մեր մղումներում, իսկ մեր մղումները բխում են մեր ժողովրդի շահերից, ուզում ենք, որպեսզի մեր երկիրը զարգանա և այդ պրոցեսում օգտագործի և՛ Մաքսային միության, և՛ Եվրասիական միության, և՛ Եվրամիության կողմից ցուցաբերվող աջակցությունը: Մենք ազնիվ ենք մեր վարքում, մեր գործունեության մեջ: Մենք մեկին չենք խոստանում, որ վաղը վազելով գալու ենք ու հետո գնում մյուսին ասում՝ ոչ ձեզ մոտ ենք գալիս: Այդպիսի մարդիկ քաղաքականության մեջ շատ կարճ կյանք են ունեցել: Եվ այդպես էլ լինելու է: Մեր երկրի օրինակներում էլ կան այդպիսիք: Երբ պատասխանատու անձը գնում է մի տեղ և իր երկրի Նախագահի արած հայտարարությանը հակառակ հայտարարություն է անում, հետո գալիս, ասում է՝ ուրիշ բան եմ ասել: Չի լինի այդպես ո՛չ ներքին կյանքում, ո՛չ արտաքին քաղաքականության մեջ:

Արտյոմ Երկանյան, Շանթ հ/ը-Ասոցիացիայի գաղափարը մինչև դեկտեմբեր…

Սերժ Սարգսյան – Ասոցիացիայի գաղափարը հետևյալն է՝ մենք արդեն ստորագրել ենք Եվրամիության հետ մուտքի արտոնագրերի դյուրացման պրոցեսների մասին պայմանագիր և եթե չեմ սխալվում, մինչև հունիսի 1-ը կոնկրետ ժամկետներ կան, Եվրամիության անդամ երկրները պետք է վավերացնեն այդ պայմանագիրն ու այն մտնելու է ուժի մեջ: Խորը, ազատ և համապարփակ առևտրի գոտու պայմանագիրը գրեթե ավարտելու վրա ենք և տա Աստված մեզ կարողություն, որպեսզի այս տարի ավարտենք և ստորագրենք: Եթե չեմ սխալվում, այս շաբաթվա ընթացքում Երևան է ժամանելու Եվրամիության պատվիրակությունը, որպեսզի ավարտենք Ասոցացման համաձայնագրի մնացած ընդամենը մեկ գլուխը: Այսինքն, դա էլ արդեն գրեթե պատրաստ կլինի: Ասեմ նաև ապրիլի հավանաբար առաջին տասնօրյակում կամ երկրորդ տասնօրյակի սկզբներին Հայաստան է ժամանելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավարը, և Հայաստանի կառավարությունը, ամենայն հավանականությամբ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հետ ստորագրելու է հուշագիր համագործակցության մասին: Ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր ձեռքերը շփելով սպասում են սև-սպիտակի պատմությանը, սպասում են, թե երկրներից որը թշնամի կդառնա Հայաստանին: Զարմանում ես: Որպեսզի իրենք չարախնդան, ուզում են, որ այս երկիրը խնդիրներ ունենա: Ախր, այդ խնդիրը միայն Սերժ Սարգսյանը չի ունենալու, այդ խնդիրն ունենալու է ամբողջ հայ ժողովուրդը: Այդ մարդկանց բոլորովին չի հետաքրքրում, թե այսօր Հայաստանի Հանրապետությունը գազ է ներկրում երկու անգամ ավելի էժան գնով, քան Ուկրաինան ու Մոլդովան: Հազարավոր հերյուրանքներ, բամբասանքներ թանկանալու մասին: Այո, կարող է նաև թանկանալ, կարող է և չթանկանալ: Բայց որ թանկանա, իրենց համար լա՞վ է լինելու: Մի օրինակ էլ կարող եմ Եվրամիությունից բերել, բայց չեմ ուզում ծանրանալ սրա վրա: Մարդիկ շատ դեպքերում ղեկավարվում են չարությամբ: Սակայն իրականությունն է վկա՝ չար մարդիկ երբեք լուրջ հաջողությունների չեն հասնում: Նրանք կարող են կարճաժամկետ ընթացքում իրոք մեծ հաջողությունների հասնել, բայց երկարաժամկետ հատվածում նրանք չեն կարող հաջողություն ունենալ:

Գեղամ Մանուկյան, Երկիր Մեդիա – Հայաստանի խորհրդարայնացման հետևանքների մասին կարելի է մեծ դիսկուրս անցկացնել, բայց, թերևս, տեղին չէ: Քիչ առաջ խոսեցիք կառավարության գործունեության մասին: Մի քանի ամիս առաջ շատ մեծ արձագանք ստացավ այդ հայտնի «ատկատների» շուրջ Ձեր ելույթը և իրար հաջորդող մի քանի ելույթներ: Դրան հետևեցին մի քանի ցուցադրական նիստեր՝ կառավարության, գործադիր մարմնի տարբեր կառույցների, բայց ամիսներ հետո, երբ ամփոփում ենք՝ գոմեշի մսի գործով գործն ամբողջությամբ մինչև վերջ բացահայտված չէ, մեկ-երկու հոգու հարց է, դեռ ավելին՝ բանտարկված մարդը նորից տենդեր է շահում: Դեղերի շուկայում, կարգավորման փոխարեն որոշ դեղերի գները բարձրացել են, պետգնումների համակարգում մեկ-երկու կադրային փոփոխություններից հետո, թեև շատ մեծ փոփոխությունների մասին էին ասում, ամեն ինչ, կարծեք, մնաց նույնը: Այդ ելույթներում Դուք մի քանի անգամ կրկնեցիք, որ պարբերաբար այդ հարցերին անդրադառնալու եք: Ի վերջո, մինչև ե՞րբ է շարունակվելու այդ աշխատաձևը՝ երբ կտրուկ հանձնարարություններ են լինում, մի քիչ դրա շուրջ ակտիվացում է լինում, հետո ամեն ինչ հանդարտվում է, ամեն ինչ գնում է նույն հունով:

Սերժ Սարգսյան – Կարծում եմ, ուղղակի մի քիչ գույները սևացնում եք: Ես չեմ կարծում, որ ընդհանրապես մեր երկրում փոփոխություններ չեն եղել: Եթե եղել են, ուրեմն որոշակի հանձնարարականներ կատարվել են, իսկ եթե չեն եղել, ես լավ չեմ հասկանում, այդ ինչպե՞ս է ստացվում, որ հեռուստաընկերություններից գոնե երկուսը ինչ ասես կարող են Հանրապետության նախագահի, վարչապետի, բոլորի հասցեին ասել, ազատության աստիճանն այնքան մեծ է, որ դա ամենաանվտանգ զբաղմունքն է դարձել: Չգիտեմ, եթե այդ ոլորտում ոչինչ չի փոխվել, ապա ինչպես է ստացվում, որ Հանրապետության նախագահին գրպանահատ են անվանում, այս բառը հնչեցնող հեռուստաընկերության ներկայացուցիչը նստած է նախագահականում և հարց է ուղղում Հանրապետության նախագահին: Արդյո՞ք հինգ տարի առաջ, յոթ տարի առաջ, տասը տարի առաջ այդ բաները հնարավոր էին: Ես կարող եմ նաև տասնյակ այլ բաներ ասել: Ասածս հետևյալն է՝ մեր երկիրը փոփոխվում է, ով աչք ունի՝ կտեսնի: Ով աչք ունի և ցանկություն ունի՝ շատ կտեսնի: Իսկ ով չունի՝ առավոտից երեկո կարող է ասել, որ ոչինչ չի փոխվել: Կոնկրետ այդ խորհրդակցության հետ կապված՝ նախ պետք է տեղեկացնեմ, որ մեկ-երկու հոգու չեն հարցաքննել գոմեշի մսի պատմության հետ կապված, այլ հարցաքննվել են հարյուրավոր մարդիկ: Ի գիտություն Ձեզ ասեմ, որ դա շատ դժվարին աշխատանք է, այդքան հեշտ չի, առավել ևս, որ գոմեշի մսի խնդիրը բարձրաձայնել է ձեր դիմաց նստած մարդը, այսինքն՝ ես, և ոչ թե ուրիշ որևէ մեկը, և այդ գործն ունենալու է իր ավարտը՝ դատական ավարտը: Ես ձեզ կարող եմ հավաստիացնել, բայց գոմեշի մսի պրոբլեմն այն պրոբլեմը չի, որ հեռուստաընկերությունները և մեր տպագիր, էլեկտրոնային մամուլը փորձում են շրջել և այլ տեսանկյունից ներկայացնել, իբրև թե՝ գոմեշի միսը օձի կամ թունավոր միս է: Հարցն այլ կերպ էր հնչել: Ես այլ կերպ եմ խնդրին մոտեցել: Հաջորդ՝ մեր խորհրդակցությունից հետո, որտեղ, ի դեպ, խոսակցությունը միայն «ատկատների» մասով չի գնացել, հսկայական աշխատանք է կատարվել: Հաստատվել է նոր կանոնակարգ: Այդ կանոնակարգը բարեփոխվել է, որպեսզի լինի ավելի թափանցիկ, ավելի վերահսկելի: Ես վստահ եմ, եթե Դուք հարց ուղղեք վարչապետին, վարչապետը մանրամասնորեն կասի: Ես չեմ ուզում այսօր այստեղ այդ մանրամասների վրա ժամանակ ծախսել: Եվ ի գիտություն Ձեզ՝ մեկ, երկու հոգի չեն փոխվել: Եվ ընդհանրապես այդ գործակալությունում կամ այդ գործով հազարավոր մարդիկ չեն զբաղվում: Երեք տասնյակ մարդիկ էին կազմակերպում այդ հարթակի աշխատանքները և հիմա էլ են այդքան մարդիկ կազմակերպում և դրանց առնվազն 1/3-ը փոխվել է: Հիմա ի՞նչ խնդիր կա: Որպես նախնական արդյունք, մենք, օրինակ, Պաշտպանության նախարարության 24 մլրդ մրցույթներում ունեցել ենք 2,5 մլրդ-ի տնտեսում: Առողջապահության ոլորտում անցկացված, եթե չեմ սխալվում 1,4 մլրդ-ի մրցույթի գործընթացում ունեցել ենք 240 մլն-ից ավելի տնտեսում և այդպես շարունակ: Ի գիտություն Ձեզ՝ ՀՀ պետական բյուջեով նախատեսված է մոտավորապես 350 մլրդ դրամ պետական գնումների համար: Ես ձեզ վստահեցնում եմ` առանց շատ լուրջ ջանքեր գործադրելու, ի նկատի ունեմ՝ ձեզ համար տեսանելի ջանքեր, մենք տարվա վերջին ունենալու ենք 35-40 մլրդ դրամ տնտեսում: Դա արդյունք է, թե՞ արդյունք չի: Թե՞, ուղղակի, մենք ասում ենք, օդը տատանվում է, մարդիկ մի քիչ վախենում են, հետո գնում ենք: Այդպես չի: Բայց նաև խորապես համոզված եմ, որ իմ ոչ բոլոր ցուցումներն են կատարվում և ոչ բոլոր ծրագրերն են իրականացվում: Իհարկե, այդպես պետք է լինի: Եթե ես միջին չափի, փոքր, փոքր խնդիրներ դնեմ, բոլորն էլ կլուծեն: Հանրապետության նախագահը նրա համար է, որպեսզի այնպիսի մի նշաձող սահմանի, որ դրան հասնելն ու անցնելը շատ դժվար լինի: Սա էլեմենտար քաղաքականություն է, սա էլեմենտար կառավարման տեխնոլոգիա է: Ու շատ-շատերն օգտվում են և սկսում են ամեն ինչ սևացնել: Դա է աշխատանքի ձևը, և այդ ձևն էլ շարունակվելու է: Իհարկե, կատարողական կարգապահությունն ավելի ուժեղանալու է: Ես կարծում եմ, որ ընդհանրապես իմաստ ունի 2013թ. արդյունքներով դուք, որպես հեռուստաընկերություն, ուսումնասիրեք, այնուհետև, եթե հարցեր կունենաք, մենք կզրուցենք: Ինչ վերաբերում է դեղերի էժանանալուն: Ես այդպիսի բան կառավարության նիստում չեմ հայտարարել: Ես դրա մասին ասել եմ քարոզարշավի ընթացքում, նշել եմ կոնկրետ ժամկետներ, ցավոք սրտի, Դուք տեղյակ չեք դրանից, որովհետև ձեր եթերում ես չեմ տեսել, չեմ լսել: Այդ որոշակի ժամկետներում ես ձեզ խոստանում եմ, որ այդ սոցիալական փաթեթն անպայման լինելու է: Իսկ ինչ վերաբերում է գնաճին, ես ասացի իմ խոսքի սկզբում և հիմա էլ ձեզ համար ուզում եմ կրկնել՝ մեր երկրում 2012թ-ին մեծ գնաճ չի եղել: Բյուջեով նախատեսված սահմաններում է եղել: Եղել է 3-3,5 տոկոսի միջակայքում: Հիմա ստույգ ամեն ինչը կճշտեն, և կլինի պաշտոնական հաղորդագրություն: Ասածս չի նշանակում, որ բացառված է դեղատեսակներից որոշները թանկացած լինեն: Հնարավոր է: Բայց եթե ուշադիր լինեիք, որոշներն էլ էժանացել են: Ես դա անձամբ գիտեմ: Ասածս չի նշանակում, որ մեր երկրում ապրանքներն էժանանում են: Դա շատ դժվար գործընթաց է և աշխարհում ընդհանրապես քիչ ընդունված: Հիմա այստեղ դրա մասին չխոսենք: Ասածս հետևյալն է, Գեղա՛մ ջան, իրոք, որոշակի փոփոխություններ եղել են` ոչ այնքան արագ և ոչ այն չափերով, որ առաջին հերթին ես եմ ցանկանում, բայց, իրոք, մենք նաև դրականը պետք է տեսնենք: Մեր երկրի ամենամեծ պրոբլեմը մարդկանց մեջ չի, մեր երկրի ամենամեծ պրոբլեմը կաշառակերները չեն, մեր երկրի ամենամեծ պրոբլեմները հանցագործները չեն, մեր երկրի ամենամեծ պրոբլեմը գաղջ մթնոլորտն է: Այդ գաղջ մթնոլորտը պետք է վերանա: Օգնեք, որպեսզի վերանա այս մթնոլորտը: Դա միայն իշխանությունների պատասխանատվության ոլորտում չի: Արտագաղթի համար առաջին պատասխանատուն իշխանությունն է, բայց միայն իշխանությունը չի, որովհետև Հայաստանից արտագաղթում են ոչ թե նրա համար, ինչպես հաճախ ասում եք՝ արդարության պակասի կամ աշխատատեղ չլինելու հետևանքով: Եթե մի քիչ նեղություն տաք ձեզ, տեսնեք, թե արտագաղթողներն ո՞ւր են գնում և համոզվեք, որ նրանց ճնշող մեծամասնությունը գնում է Ռուսաստան, ապա պիտի եզրակացնեք, գոնե այս պարզ տրիվիալ բանը պետք է տեսնեք, որ հայերի համար Ռուսաստանում արդարությունն ամենահասանելին չի, որ Հայաստանում հայի համար արդարությունն ավելի հասանելի է, քան Ռուսաստանում: Եթե պատճառը դա է, ապա ինչո՞ւ են գնում Ռուսաստան: Իսկ այն մարդիկ, ովքեր 16 ժամ աշխատում են, եթե Հայաստանում 16 ժամ աշխատեն, չե՞ն կարող իրենց ընտանիքները պահել: Կարող է մի փոքր քիչ ստանան, ինչին ես կասկածում եմ, բայց հնարավորություն կունենան իրենց ընտանիքները պահելու: Արտագաղթի բուն պատճառը հենց այդ գաղջ մթնոլորտն է, այն, որ մարդիկ լույս չեն տեսնում, հույս չեն տեսնում: Ինչո՞ւ, որովհետև երկար տարիների ընթացքում առնվազն երկու հեռուստաընկերություն, տասնյակ տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներ խոսում են միայն վատ երևույթների մասին, միայն սևացնում են: Դառնում ենք շախմատի օլիմպիական չեմպիոն՝ ասում են պատահականություն է: Ֆուտբոլում հաղթում ենք, իրար հետևից և ուժեղ թիմերի՝ ասում են բախտները բերեց: Ինչ անում ես՝ բախտները բերեց կամ պատահականություն է: Ափսոս է մի անգամ էլ ձեր բախտը բերի: Բերում է այն մարդու բախտը, ով առավոտից երեկո բախտի հետևից վազում է, այլ ոչ թե նստում է թախտին, սպասում բախտին: Օգնեք խնդրում եմ, բոլորիդ է վերաբերում, փոխենք այս մթնոլորտը: Ես իմ կողմից ամեն ինչ անելու եմ, որպեսզի պաշտոնյաները հոգատար վերաբերմունք ցուցաբերեն և ոչ թե հոգատարություն խաղան: Ամեն ինչ անելու եմ, որպեսզի պաշտոնյաները կաշառք չվերցնեն, բայց օգնեք բացահայտենք կաշառակերներին: Որոշ լրատվամիջոցներ օրինակներ են բերում 2000 դրամ, 3000 դրամ: Եղբա՛յր, դա՞ է մեր երկրում ամենամեծ կաշառակերությունը: Դա՞ է մեր պրոբլեմը: Գիտե՞ք, մարդիկ, օրինակ 10 մարդ, որ կգան ցուցմունք կտան դատարանում կաշառակերության մասին: Գիտե՞ք: Ում ասում ես, ականջիդ ասում է, բայց հետո հրաժարվում է հրապարակավ ասել: Եթե չկա քաղաքացիների ակտիվությունը, ինչպե՞ս վարվեմ: Եթե չկա ձեր օժանդակությունը, միայն խոսում եք, կոնկրետ չեք օգնում, ինչպե՞ս դա անեմ: Անելու եմ, բայց եթե օգնեք, ավելի արագ մեր գործը կստացվի:

Քրիստինե Սուքիասյան, Կենտրոն հ/ը – Պարո՛ն Նախագահ, առջևում Երևանի ավագանու ընտրություններն են: Ինչպես հայտնի է, որոշ քաղաքական ուժեր արդեն իսկ հայտարարել են իրենց մասնակցության մասին, այդ թվում՝ առաջ քաշելով նաև իրենց թեկնածուներին: Ինչպիսի՞ համագործակցության եզր եք տեսնում այլ քաղաքական ուժերի հետ ու նաև մրցակցային ի՞նչ մթնոլորտ է ապահովվելու՝ հաշվի առնելով այն, որ գործող քաղաքապետը Հանրապետական կուսակցության անդամ է:

Սերժ Սարգսյան – Մենք պատրաստ ենք համագործակցելու բոլոր քաղաքական ուժերի հետ կոնկրետ ընտրական գործընթացում: Ընդհանրապես, պատրաստ ենք համագործակցելու, բայց այս գործընթացում պատրաստ ենք շատ սերտ համագործակցելու: Այստեղ ուզում եմ մի թեմայի անդրադառնալ, որ ինձ շատ է մտահոգում: Ես հասկանում եմ Ձեզ էլ է հետաքրքրում, դրա համար էլ այդ հարցը տվեցիք: Ի՞նչ է նշանակում ընտրական պրոցես. նշանակում է ընտրողների, քաղաքացիների մասնակցություն: Ընտրական պրոցեսին մասնակցում են պետական մարմիններ, պետական օղակներ, մասնակցում են նաև քաղաքական ուժեր: Վերջինները մասնակցում են իրենց կուսակցականների միջոցով և դա անում են հանձնաժողովներին անդամներ տրամադրելով և վստահված անձանց ձևով: Համաձա՞յն եք ինձ հետ: Ուրեմն, կուսակցությունը ընտրությունների որակի մասին ինֆորմացիան առաջին հերթին ումի՞ց պետք է ստանա: Պետք է ստանա իր կուսակցականներից, ում ուղարկել է այդ հանձնաժողով: Ի՞նչ պատկեր ունենք հիմա: Նախագահական ընտրություններում «Ժառանգություն» կուսակցությունը և ընդդիմադիր երեք կուսակցություններ ունեին, այսպես ասենք, 7000-ի մոտ ներկայացուցիչներ: Մենք ունեինք 1988 ընտրական տեղամաս: 1988 ընտրական տեղամասի նախագահների և քարտուղարների կեսը «Ժառանգություն» և գումարած երեք ընդդիմադիր կուսակցություններն էին: Այսինքն, ունենալով հանձնաժողովներում ղեկավարության ուղիղ կեսը, ունենալով հազարավոր ներկայացուցիչներ այդ հանձնաժողովներում՝ ընդամենը մեկ հոգի է դիմել վերահաշվարկի պահանջով: Իսկ ընտրական տեղամասերում աշխատել են Հայաստանի Հանրապետության 15000 քաղաքացիներ, հանձնաժողովի անդամներ՝ Հայաստանի հանրապետական կուսակցություն, «Օրինաց երկիր» կուսակցություն և գումարած այս չորս կուսակցությունները: Ընտրական տեղամասերում աշխատել են զանգվածային լրատվամիջոցների գրեթե 2000 ներկայացուցիչներ: Ընտրական տեղամասերում աշխատել են միջազգային 640 դիտորդ և 6000-ին մոտ տեղական դիտորդ: Այսինքն, յուրաքանչյուր ընտրական տեղամասում կարող էր աշխատել 2-3 մարդ և աշխատել է: Եվ այդ պարագայում, երբ կուսակցությունները վարկաբեկող հայտարարություններ են անում ընտրությունների մասին, ես չեմ կարծում, որ դրանով իրենք բարձրացնում են իրենց կուսակցությունների հեղինակությունը: Լավ, կուսակցության 3000 անդամ աշխատել է այդ հանձնաժողովներում, ի՞նչ է՝ այդ 3000 անդամները կամազուրկ մարդի՞կ են: Այդ 3000-ը կաշառակե՞ր են: Այդ 3000-ը անբա՞ն են, թե կապ չկա կուսակցության ղեկավարության և կուսակցականների միջև, գուցե ա՞յլ հանգամանքներ: Դե, եթե այդպիսի իրավիճակ է, եթե Նախագահի թեկնածուներից մեկ ուրիշը հաղթեր, այդպիսի կուսակցականներով, այդպիսի մարդկանցով ինչպե՞ս էր կառավարելու Հայաստանը: Եթե մարդը չունի 10, 15, 20 վստահված անձ, ով կարող է գոնե 20 տեղամասում կանգնել, կրծքով փակել յուրաքանչյուր ընտրախախտի ճանապարհը… Սա ինչի՞ համար եմ ասում, որովհետև ես վստահ եմ, որ եթե Երևանի ավագանու ընտրությունները լինեն, ներողություն օտարալեզու բառիս համար, նույնիսկ ստերիլ, ապա միևնույն է, հավատացեք, որ գտնվելու են քաղաքական ուժեր, ովքեր վարկաբեկելու են այդ ընտրությունները: Իմ մտադրությունը, իմ ցանկությունն այնպիսին է, որ Երևանի ընտրություններն իրենց թափանցիկությամբ, արդարությամբ, որակով գերազանցեն նախագահական ընտրություններին: Եվ կարծում եմ, որ այդպես էլ լինելու է: Ես կարծում եմ, որ առաջադրելով յուրաքանչյուրս մեր թեկնածուներին, չի նշանակում, որ անպայման պետք է թշնամություն անենք, չի նշանակում, որ իրար պետք է վարկաբեկենք, մանավանդ, որ վստահ եմ՝ արժանի մարդիկ են առաջադրվելու: Մենք՝ որպես Հանրապետական կուսակցություն, մեր որոշումն արդեն կայացրել ենք: Մեր ցուցակն ամբողջովին պատրաստ է: Մեր ցուցակը գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս ընթացքում աշխատելով քաղաքապետ, իսկ դրանից առաջ քաղաքապետի տեղակալ, դրանից առաջ թաղապետ, ես չեմ տեսել մի դեպք, երբ Տարոն Մարգարյանը սուտ խոսի, անազնիվ որևէ քայլ նրա կողմից չեմ տեսել: Որևէ մեկը, կարծում եմ, օբյեկտիվ լինելու պարագայում, չի կարող ասել, որ այս տարիների ընթացքում Տարոն Մարգարյանը հղփացել է, որևէ մեկը չի կարող ասել, որ Տարոն Մարգարյանը մեծ թվով թիկնապահներով է շրջում: Որևէ մեկը չի կարող ասել, որ Տարոն Մարգարյանը կտրվել է ժողովրդից և որևէ մեկը, օբյեկտիվ լինելու պայմաններում, չի կարող ասել, որ այսօրվա Երևանն ավելի վատն է, քան անցյալ տարվանը, նախանցյալ տարվանը, քան 5 տարի առաջվանը: Եվ այս բոլորը հաշվի առնելով՝ մենք միաձայն որոշել ենք Տարոն Մարգարյանին առաջադրել քաղաքապետ, ի տարբերություն մնացած այլ քաղաքական ուժերի, ովքեր միգուցե ցուցակի առաջատարին արդեն որոշել են, բայց դեռևս չեն որոշել, թե ո՞վ պետք է լինի Երևանի քաղաքապետը: Այսինքն, երևանցին պետք է քվեարկի այդ ցուցակի համար՝ չիմանալով, թե առաջին հերթին ո՞վ է լինելու իր կենցաղային հոգսերը հոգացողը: Առավելությո՞ւն է դա մեզ համար, թե՞ ոչ: Կարծում եմ՝ այո: Եվ այսպիսի բազմաթիվ առավելություններ մենք ունենք: Դրա համար էլ ես վստահ եմ, որ Երևանի բնակչության մեծ մասն իր քվեն տալու է Տարոն Մարգարյանին: Դեռևս չի սկսվել ընտրապայքարը, դրա համար էլ ես հանգիստ կարող եմ սա ասել: Կարծում եմ մենք լավ ընտրություններ ենք ունենալու:

Արամ Աբրահամյան, «Առավոտ» թերթ – Պարո՛ն Նախագահ, պաշտոնյաները երկու տարվա ընթացքում խոսում են բիզնեսը և քաղաքականությունը բաժանելու մասին և նաև Դուք եք խոսել այդ մասին, նաև խոսում էիք խորհրդարանական ընտրություններից առաջ, որ օլիգարխների, հարուստ պաշտոնյաների մուտքը խորհրդարան արգելվելու է, չի թույլատրվելու: Բայց նրանք, այնուամենայնիվ, մտան խորհրդարան: Ի՞նչն էր խանգարում Ձեզ Ձեր կուսակցության մասով հորդորել Հանրապետական օլիգարխներին՝ չմտնել խորհրդարան և ի՞նչ է խանգարում հիմա, որ Դուք դա անեք, հորդորեք, խնդրեք, որ նրանք դուրս գան խորհրդարանից և հնարավորություն տալ, որ խորհրդարանում աշխատեն ավելի կրթված, ավելի զարգացած մարդիկ, որովհետև նրանց կրթական ցածր մակարդակը և նրանց ներկայությունը խորհրդարանում զայրացնում է մարդկանց:

Սերժ Սարգսյան- Նախ պետք է ասեմ` ինձ համար տարօրինակ է, երբ ինձ այդպիսի հարց եք տալիս: Որովհետև Դուք չեք կարող նշել այդպիսի մարդկանց` Հանրապետական ցուցակը մատնանշելով: Հանրապետականի ցուցակում չկան այդպիսի մարդիկ, և դա մեր դիրքորոշումն է: Այսինքն` կուսակցության դիրքորոշումը խնդրի, կոնկրետ պարագայում՝ խորհրդարանի մասով, ամբողջովին արտացոլվում է իր համամասնական ցուցակում: Այո, ես դրա մասին ասել եմ և իրագործել եմ ասածս: Ես երբեք չեմ ասել, որ Հանրապետական որևէ գործարար չի գալու: Գործարար ասածը ոչ թե իրականության մեջ, այսինքն՝ այդպես ընկալվող, թեև փաստաթղթերով ամեն ինչ կարգին է, նրանք գործարար չեն, բայց իրականության մեջ, այո, զբաղվող: Ես այդպես չեմ ասել և չէի էլ կարող ասել: Ինչու չէի կարող ասել, որովհետև ինձ ճանաչողները շատ լավ գիտեն` ես հարցերը լուծում եմ ոչ թե պարտադրանքի միջոցով, ոչ թե մահակով, եթե դա ծայրահեղ անհրաժեշտությունը չի, այլ այնպես, ինչպես հիմա ասացիր` խնդրանքով, հորդորով: Բայց խնդրել, հորդորել չես կարող բոլորին կամ բոլորի առջև փակել խորհրդարանի դուռը: Մենք մեր ասածն արել ենք: Մնացած քաղաքական ուժերն էլ թող գան, հասնեն մեզ, և այս պարագայում կարծում եմ, որ խորհրդարանը միգուցե ավելի որակյալ կլինի, ինչպես ասացիր քո խոսքում: Թեև, նորից եմ կրկնում, ես չեմ համարում, որ այսօրվա մեր խորհրդարանը վատ խորհրդարան է կամ խորհրդարանի ճնշող մեծամասնությունը գիտելիք կամ կրթություն չունեցող մարդիկ են: Այդպես չէ: Կարծում եմ, ճիշտ կլինի այդ մարդկանց հետ շփվել, ճիշտ կլինի, որպեսզի այդ մարդկանց հետ շփվեն հասուն, վաստակ ունեցող, իրենց գործն իմացող լրագրողները, այլ ոչ թե, չեմ ուզում ինչ-որ մասնավոր մի բուհի անուն տալ, երեք ամիս առաջ այդ բուհն ավարտած, երիտասարդ աղջնակները կամ տղաները, ովքեր ուղղակի դժվար թե կարողանան իրողությունը ճիշտ ներկայանել, գոնե, դժվար թե կարողանան լուրջ խոսակցություն ծավալել այդ մարդկանց հետ, որպեսզի տեսնեք: Բայց մենք նաև մեկ այլ խնդիր էլ ենք լուծել և շարունակելու ենք լուծել: Մենք, այստեղ արժե անգամով էլ ասել՝ 4,5 անգամ ավելացրել ենք Հանրապետական կուսակցությունը ներկայացնող կանանց թիվը խորհրդարանում: Մենք մեր համամասնական ցուցակում ընդգրկել ենք անկուսակցականների, մեր համամասնական ցուցակում ընդգրկել ենք այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների և նպատակը հենց դա էր, որպեսզի խորհրդարանը լինի հասարակության արտապատկերը: Այդպես պետք է լինի: Եթե բոլորը մտածում են, որ խորհրդարանում պետք է հավաքվեն ամենախելացի մարդիկ, մեր հանրապետության բոլոր ամենալավ մարդիկ, միգուցե ես սխալվում եմ, բայց ես այդպես չեմ համարում: Ես համարում եմ, որ, իրոք, խորհրդարանը պետք է լինի հասարակության արտապատկերը: Իհարկե, անպայման պետք է խորհրդարանը քայլ առաջ լինի բոլոր պրոցեսներից, նաև իր կարողություններով, բայց եթե այնտեղ հավաքենք միայն գիտնականների, այդպիսի խորհրդարանը չի կարող իր դերը կատարել: Խորհրդարանականների գործը միայն օրենք ընդունելը չէ: Խորհրդարանի դերակատարությունը շատ ավելի բարձր է: Օրինակ, իմ կարծիքով, հասարակական համերաշխության ձևավորման գործում խորհրդարանն ուղղակի անգնահատելի դերակատարություն պետք է ունենա: Ցավոք, մեր իրականության մեջ հակառակն է: Որովհետև բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր քիչ են ներկայացված խորհրդարանում, համարում են, որ ընտրությունները կեղծվել են, որ իրենց խաբել են, որ իրենք անմասն են մնացել: Այդ չարությամբ գնում են խորհրդարան և իրենց խնդիրն են համարում առավոտից երեկո միայն չարախոսելը: Գիտեք, պետք է անդրադառնամ այդ թեմային. իրոք, մեր երկրում, ցավոք սրտի, չարախոսությունը փոխարինել է առողջ քննադատությանը: Մեր երկրում բարությունը չի գնահատվում, հասկանո՞ւմ եք: Ձևական բարեգործությունը դարձյալ փոխարինել է բարիությանը և բարեգործությանը: Նորից եմ կրկնում՝ իհարկե, այդ գործերի համար թիվ մեկ պատասխանատուն ես եմ, ամենամեծ պատասխանատուն իշխանությունն է, բայց միա՞յն իշխանությունն է, այլ քաղաքական ուժեր այստեղ առնչություն չունե՞ն, լրատվամիջոցներն այստեղ որևէ մասնակցություն չպե՞տք է ունենան: Ընդհանրապես, քաղաքացիական հասարակությունը որևէ մասնակ-ցություն չպե՞տք է ունենա: Ես կարող եմ թվարկել մարդկանց, ովքեր 10 տարվա ընթացքում մի դրական բան չեն տեսել այս երկրում, գոնե մեկ դրական բան: Կարող եմ լրատվամիջոցներ թվարկել, որոնք ևս մեկ դրական բան չեն տեսել: Կոչ չեմ անում իրենց չհայհոյել ինձ, իմ թիմակիցներին, ուրիշներին, իմ եղբայրներին, իմ երեխաներին: Եթե ես ստանձնել եմ Հանրապետության նախագահի պաշտոնը` պարտավոր եմ կուլ տալ ցանկացած դառը բան: Բայց բոլոր չեն չէ՞ ստանձնել Հանրապետության նախագահի պաշտոնը: Ինչո՞ւ մարդը, ով չի ուզում դասադուլի գնալ, չի ուզում դասադուլ անել, պետք է ծաղրանքի ենթարկվի: Եվ իրենց անաչառ համարող մարդիկ լռեն, ինչո՞ւ ոչ ուսանողը պետք է գա ուսանողին պարտադրի դասադուլ անել: Բա դա միայն ի՞մ գործն է: Ինչո՞ւ պետք է ուրիշները շանտաժի միջոցներ կիրառեն ու դրանում մեղադրեն պետությանը, ինչու: Բոլորս միասին չէ՞ պետք է այդ գործն անենք: Սա միայն իշխանության երկիրը չէ, միայն իմ երկիրը չէ` բոլորիս երկիրն է: Ինչո՞ւ 20 մարդ չի գնում այնտեղ և ասի` ինչու եք այստեղ նստել, ա՛յ ոչ ուսանողներ, ինչո՞ւ եք եկել Երևանի պետական համալսարանում ստիպում եք այս մարդկանց դասադուլ անել: Որովհետև դուք ժամանակին մինչև վերջ չե՞ք սովորել այստեղ, վիրավորվա՞ծ եք այս բուհից, թե՞ ձեզ խնդրել են, որ այդպես անեք կամ վճարել են, որ այդպես անեք: Ախր, պետք է հասարակությունը ակտիվ լինի: Չի կարող այլ կերպ լինել: Եվ ամբողջ մեղքը դնենք պատգամավորների վրա՞ ու ասենք, որ եթե այսպիսի պատգամավորներ չլինեին մեր երկիրը միանգամից դրախտի կնմանվեր: Իրականությանը չի համապատասխանում: Ես գիտեմ բազմաթիվ հարուստ մարդկանց, ում միտքը պայծառ է, ովքեր ազնիվ մղումներ ունեն: Ես հարուստների պաշտպանը չեմ, ես չեմ ասում` բոլոր հարուստները լավ մարդիկ են, բայց չի կարելի ասել, եթե դու հարուստ ես, ուրեմն օլիգարխ ես, չի կարելի ասել եթե դու հարուստ ես, դու վատ մարդ ես, եթե դու հարուստ ես, դու իրավունք չունես պատգամավոր լինելու: Ինչ է ստացվում` մենք 70 տարի խոսել ենք, որ հարուստ լինելն ընդհանրապես վատ բան է, հետո մի 15-16 տարի խոսել ենք, որ, ախր, հարուստ լինելը լավ բան է: Հիմա էլ նորից վերադառնանք, ասենք, որ հարուստ լինելը վատ բան է: Ուղղակի, իմ կարծիքով, պետք է ասենք, որ հարստություն դիզելու ճանապարհը պետք է ազնիվ լինի: Եվ ոչ թե այդ կարգավիճակը համարենք վատ բան: Ասածս հետևյալն է` ես ինչ խոստացել եմ` կատարել եմ: Ապագայում մենք ավելի ենք բյուրեղանալու: Ապագայում, նորից եմ ասում, գոնե խորհրդա-րանում մենք չենք ունենալու մարդ, ում ժողովուրդը կամ լրատվամիջոցները, նույնիսկ եթե իրականության մեջ նրանք այդպիսին չեն, անվանում է օլիգարխ: Չենք ունենալու: Բայց միանգամից վերցնել, կտրել`կարող է խնդիրներ ունենանք: Ես կարծում եմ, որ դուք շատ լավ գիտեք, որ մեր տարածաշրջանում եղել են ղեկավարներ, ովքեր փորձել են կտրուկ փոփոխություններ անել, դրանից միգուցե ժողովրդի մի հատվածը կարճաժամկետ ընթացքում շահել է, բայց շատ բան են կորցրել: Ես չեմ ուզում մեր եղածը կորցնենք, ես չեմ ուզում վտանգի ենթարկել մեր երկիրը միայն նրա համար, որ ասեն` նայեք, տեսեք ոնց կտրեց, ոնց տվեց, սպանեց: Ով չի հասկանում, որ Հանրապետության նախագահը ամենամեծ հնարավորությունն ունեցող մարդն է: Ով չի հասկանում, որ ես կարող եմ ջղայնանալ յուրաքանչյուրի վրա, կարող եմ շատ մարդկանց շատ բաներ պարտադրել: Բայց չեմ ուզում դա անել, եթե դրա ծայրահեղ անհրաժեշտությունը չկա: Ճիշտ ճանապարհը սա է, սա իմ գործելաոճն է: Եթե մեր ժողովուրդը, մեր քաղաքացիները ուզում էին մարդու, ով թուրը վերցրած առավոտյան գործի կգար Բաղրամյան փողոցում արդեն մի քանի մարդու գլուխ թռցնելուց հետո, թող այդպիսի մարդու ընտրեին, գտնեին` ընտրեին: Ես կտրուկ բաների չեմ գնալու, որովհետև դրանք հղի են վտանգներով: Ես շտապելու եմ դանդաղ:

Արամ Աբրահամյան, «Առավոտ» թերթ - Կներեք, խոսքը, կոնֆլիկտների, բախման մասին է: Շահերի բախման մասին, այսինքն՝ ոչ թե հարուստ մարդը, այլ բիզնեսմենը: Եթե ես օղու բիզնեսմեն եմ, ես ընդունելով օրենքներ օղու մասին՝ դրա մասին չեմ մոռանա:

Սերժ Սարգսյան- Համաձայն եմ, բայց չի կարող խորհրդարանի 131 պատգամավորներից 66-ը ունենալ օղու բիզնես: Հիմա կասեք` մեկն էլ մեկ ուրիշ բիզնես ունի, ընդհանուր շահերով կմիավորվեն: Դրա համար գոյություն ունի կուսակցություն, դրա համար գոյություն ունի քաղաքական ղեկավարություն, դրա համար գոյություն ունի կառավարություն, որպեսզի այդ խնդիրները հենց այդպես չլուծվեն: Միգուցե ես իրավունք չունեմ այդպես ասելու, որ խորհրդարանում օղու բիզնեսով 2-3 զբաղվողներ կան, ոչ` ես ասում եմ, որ խորհրդարանում մարդկանց պատկերացմամբ օղու բիզնեսով 2-3 զբաղվողներ կան: Նրանք չեն կարող եղանակ ստեղծել, չեն կարող: Նրանք, միգուցե, ավելի շատ իրենց պաշտոնը փորձում են օգտագործել այլ մարմինների հետ իրենց հարաբերություններում, միգուցե, այդ պաշտոնը նրանք փորձում են օգտագործել իրենց ունեցածի ապագան ավելի անվտանգ դարձնելու: Այսինքն, այստեղից եզրակացությունը ո՞րն է. եթե մենք կարողանանք նաև արագ տեմպերով կատարելագործել մեր վերահսկող, ֆիսկալ մարմինների աշխատանքը, եթե մենք կարողանանք մեր մարդկանց գիտակցության մեջ մտցնել, որ սեփականության իրավունքն անձեռնմխելի է Հայաստանում, ինքնըստինքյան այդ մարդիկ խորհրդարանից դուրս են գալու, որովհետև դրա անհրաժեշտությունն այլևս չկա: Սա է զարգացման տեսլականը: Այլ ոչ թե կանչես, ասես` Պողո՛ս Պողոսյան, դու իրավունք չունես պատգամավոր դառնալու, գնա: Պողո՛ս Պետրոսյան, դու էլ չունես, դու սա ես, դու նա ես… Այդ դեպքում մենք ինչո՞վ ենք տարբերվելու բոլշևիկներից, որ կանչում էին 37 թվականին և ասում, որ դու վատ երաժշտություն ես գրել, հակասովետական երաժշտություն ես գրել: Հետո՞: Մենք անպայման պետք է մեզ վրա վերցնենք դատավորի ֆունկցիանե՞րը: Դրանից հասարակությունն ավելի համերա՞շխ է դառնալու: Լավ, վերցրինք և ուժով 10 հոգու վտարեցինք: Կարող է 1000, 5000 հոգի ծափ տան, հասարակությունը ավելի համերա՞շխ է դառնալու: Բայց մեր նպատակը, թիվ մեկ նպատակը պետք է լինի հասարակության համերաշխությունը, չէ՞: Ես այդպես եմ կարծում: Ես իմ առաքելությունը տեսնում եմ նրանում, որ այս հասարակությունը լինի համերաշխ:

Հարցազրույցի շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Այս խորագրի վերջին նյութերը