Հարցազրույց

19.03.2013 13:09


Սերժ Սարգսյանի հանդիպումը մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

Սերժ Սարգսյանի հանդիպումը մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

Բարև ձեզ: Ես հատուկ ներածական խոսք չեմ պատրաստել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք այսպիսի կազմով գրեթե չենք հանդիպել: Կարծում եմ՝ այս ժամանակահատվածում բավականաչափ հարցեր են կուտակվել և որպեսզի ավելորդ ժամանակ չծախսենք, ես հարցերին պատասխանելու ընթացքում կփորձեմ նաև իմ ասելիքն ասել: Խնդրեմ:

Գևորգ Ալթունյան, Հանրային հ/ը – Պարո՛ն Նախագահ, նախ շնորհակալություն այս հնարավորության համար: Թերևս, փորձենք առաջինը խոսել ընտրությունների մասին. կայացած նախագահական ընտրությունների արդյունքների մասին տարբեր մեկնաբանություններ և գնահատականներ հնչեցին: Իշխանությունը հայտարարեց, թե այս ընտրությունները մինչ այժմ եղած լավագույնն էին: Միջազգային դիտորդները որոշակի խնդիրներով հանդերձ, դրական գնահատական տվեցին: Ընդդիմությունը, սակայն, ի դեմս «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի, վիճարկում է ընտրությունների արդյունքները և հայտարարում, թե լայնածավալ խախտումներ են տեղի ունեցել: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը և մեկնաբանությունը:

Սերժ Սարգսյան – Ես համարում եմ, որ ընդհանուր առմամբ ընտրությունների արդյունքները գոհացուցիչ են, թեև կարծում եմ, որ մենք այդ արդյունքները պետք է գնահատենք տարբեր հարթություններում: Այն, որ ընտրություններին մասնակցածների քվեների 58,64 տոկոսը շատ սոլիդ, շատ լուրջ տոկոս է, կարծում եմ, այստեղ որևէ մեկը չի կարող կասկած հայտնել գոնե այն պատճառով, որ Դուք չեք կարող ցուցանել զարգացած ժողովրդավարությամբ որևէ երկիր կամ եթե կարող եք, դրանք կլինեն բացառություններ, որտեղ ընտրությունների առաջին փուլում որևէ անհատ կամ կուսակցություն ստացել է ձայների 58,64 տոկոսից ավելի: Ստանալ 58,64 տոկոս ընտրություններում, որը մեզ համար ուներ սկզբունքային նշանակություն և մի երկրում, որտեղ կան հազարավոր պրոբլեմներ, բարդություններ, որտեղ շարունակվում է արտագաղթը, որտեղ մարդիկ չունեն իրենց սրտի ուզած աշխատանքը, որի բնակչության 1/3-ը աղքատ է, կարծում եմ՝ մեծ պատիվ է մի իշխանության համար, որի ներկայացուցիչն առաջադրվել էր: Այսինքն ինձ համար և ով, կոնկրետ նկատի ունեմ ինձ, ուղիղ 20 տարի է, որ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում զբաղեցնում է և զբաղեցրել է կարևոր պաշտոններ: Ստանալ ձայների այդպիսի քանակ առանց, ներողություն բառիս համար, ծեծուջարդի, առանց սին խոստումների, առանց շոուների, կարծում եմ, որ դա, իրոք, մեծ հաջողություն է: Ստանալ այդպիսի տոկոս և, միևնույն ժամանակ, ստանալ միջազգային դիտորդների գերակշիռ մասի դրական գնահատականը՝ սա էլ, կարծում եմ, ոչ միայն թեկնածուի, այլ նաև երկրի համար շատ լավ գնահատական է: Ես չեմ ասում, որ ընտրությունները եղել են անթերի, բայց ամենաօբյեկտիվ գնահատականները լինում են այն դեպքում, երբ դու դա անում ես համեմատության մեջ: Համեմատեք և տեսեք՝ քանի՞ հայտարարություն և հաղորդագրություն է եղել իրավապահ մարմիններին նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ: Համեմատեք և տեսեք՝ նախորդ ընտրությունների ժամանակ եղե՞լ է համերաշխության մեծ մթնոլորտ: Եվ ունենալ այդպիսի արդյունքներ մի ընտրարշավից հետո, որի ընթացքում գոնե իմ կողմից չի հնչել որևէ լուրջ քննադատություն, սև PR չենք արել, անձնական վիրավորանք որևէ մեկին չեմ հասցրել, այսինքն՝ թշնամական մթնոլորտ չկար: Համեմատեք և տեսեք՝ նախորդ բոլոր ընտրություններում եղե՞լ է այդպիսի մթնոլորտ: Բայց դա արվել է, իհարկե, կանխամտածված, որպեսզի ընտրություններից հետո, գոնե ընտրություններից հետո այդպիսի մթնոլորտը վերանա մեր երկրից: Եվ եթե որևէ մեկը կասի, որ այսօր, երբ արդեն ընտրություններից բավականաչափ ժամանակ է անցել, կա թշնամական մթնոլորտ, ուրեմն ես իրավիճակին չեմ տիրապետում: Այո, կան դժգոհներ, կան բողոքողներ, բայց նախ՝ թշնամանք չեմ տեսնում և երկրորդ՝ նույնիսկ քանակային համեմատություն անել ուղղակի չի կարելի, որովհետև հիմա մթնոլորտն ուրիշ է: Իհարկե, ես շատ ուրախ կլինեի և չէի ասի՝ ընդհանուր առմամբ գոհացուցիչ, եթե ձայների այդ 58,64 տոկոսը բաշխված լիներ հանրապետության ողջ տարածքով հավասարաչափ: Ինձ համար, իհարկե, ցավ է, որ ես պարտվել եմ Շիրակի մարզում: Ես կանխատեսում էի, որ կարող է անհաջողություն ունենանք Գյումրի քաղաքում ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ խնդիրներներն ավելի շատ են, քան այլ տարածքներում, այլ որովհետև Գյումրիում մենք ներկուսակցական կառույցները չհասցրեցինք վերականգնել: Տեսաք՝ մենք քաղաքապետի ընտրություններում թեկնածու չառաջադրեցինք, ավելին՝ աջակցեցինք այլ կուսակցության ներկայացուցչի, բայց, ցավոք սրտի, նախագահական ընտրությունների ժամանակ մենք որևէ աջակցություն չստացանք: Սակայն, որ կպարտվեի Շիրակի մարզում, իրոք, ես չէի սպասում: Երբ ասում եմ այս մասին, դա չի նշանակում, որ ես վիրավորված կամ նեղացած եմ շիրակցիներից կամ գյումրեցիներից: Եվ քանի որ առիթ է՝ ասեմ, որ ես կրկնում եմ նույն իմ հայտարարությունը, որ արել եմ տարիներ առաջ՝ ես ինձ համարում եմ Հայաստանի բոլոր քաղաքացիների Նախագահը, ա՛յն քաղաքացիների, ովքեր քվեարկել են, ա՛յն քաղաքացիներ, ովքեր կողմ են քվեարկել, ա՛յն քաղաքացիների, ովքեր դեմ են քվեարկել և իհարկե, ա՛յն քաղաքացիների, ովքեր ընդհանրապես քվեարկությանը չեն մասնակցել: Ընդհակառակը, ես կարծում եմ, որ բոլոր այն բնակավայրերում, բոլոր այն ընտրատեղամասերում, որտեղ մենք պարտվել ենք, մենք մեր ուշադրությունը պետք է ավելացնենք: Ուրեմն, խնդիրներ կան, ուրեմն, պրոբլեմներ կան: Եվ այդ խնդիրները միայն սոցիալ-տնտեսական բնույթի չեն: Գիտեք, եթե պրոբլեմները միայն սոցիալ-տնտեսական լինեին կամ նույնիսկ արդարության կամ այլ հանգամանքների հետ կապված, սա մի հարց է: Ես կարող եմ բերել Քաջարանի օրինակը. Քաջարանում ես հաղթել եմ ձայների շատ քիչ տարբերությամբ: Քաջարանում միջին աշխատավարձը 400 հազար դրամից ավելին է: Այսինքն, գրեթե երեք անգամ ավելի, քան հանրապետության միջինն է: Քաջարանում գրեթե բոլորն աշխատանք ունեն: Քաջարանում շատ չեն քանդված փողոցները: Ի՞նչն է պատճառը: Ինչո՞ւ: Ուրեմն, այստեղ էլ այլ խնդիրներ կան: Այսինքն, այս ամբողջ ուսումնասիրություններն անելու համար անհրաժեշտ է ժամանակ, անհրաժեշտ են մարդկային ռեսուրսներ, անհրաժեշտ են մասնագետներ: Եվ մենք այդ ուսումնասիրությունը կատարելու ենք: Ես հասկանում եմ նաև հարցի ենթատեքստը, որովհետև կարծես թե ընտրություններից հետո և միգուցե հիմա էլ, (հիմա թերևս, ավելի քիչ չափով) օդում մի անբավարարության զգացողություն է կախված: Եվ այս զգացողությունը կար նաև իմ մերձավոր շրջապատում՝ թիմակիցների մեջ, Հանրապետական կուսակցությունում և, բնականաբար, նաև հանրության մեջ: Բայց սրա պատճառն ուրիշ է. պատճառն այն է, որ այդպես էլ ես չկարողացա հաղթահարել շատ մեծ պրոբլեմ՝ հեշտ հաղթանակի ակնկալիքը: Այդ սպասումները ես չկարողացա հաղթահարել, և իմիջիայլոց, պետք է ասեմ, որ այստեղ ես նաև լրատվական դաշտի մեղքի բաժինն եմ տեսնում: Բոլորը խոսում էին այն մասին, որ այս ընտրությունները լինելու էին ոչ մրցակցային, որ այս ընտրությունները հետաքրքիր չեն: Այդպես էին ասում միջազգային կառույցների ներկայացուցիչները, այդպես էին ասում այն կուսակցությունները, ովքեր կարող էին, բայց թեկնածություններ չառաջադրեցին, այդպես էին խոսում մեր լրատվամիջոցները: Ես մեծ ջանքեր եմ գործադրել իմ ամենամերձավոր մարդկանց՝ նկատի ունեմ քաղաքականության մեջ, բացատրելու, որ այդպես չի կարող լինել, անհնար է, մի սպասեք 70-80 տոկոսի: Նորմալ երկրում չի կարող այդպիսի տոկոս լինել: Չի կարող: Ցավոք, Հայաստանում բողոքավոր են և՛ աղքատները, և՛ ունևորները: Հայաստանում բողոքավոր է ընդդիմությունը, բողոքավոր է իշխանությունը: Բոլորը բողոքում են: Եվ ես մանրամասնորեն սրա մասին ընտրություններից հետո խոսել եմ իմ գործընկերների հետ ու որպես ապացույց բերել եմ խորհրդարանական ընտրությունների օրինակը: Եթե հիշում եք՝ Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում ստացավ քվեների 44 տոկոսը, և բոլոր հանրապետականները երջանիկ էին: Ինչո՞ւ: Մի՞թե 44 տոկոսն ավելին է, քան 58,64-ը: Ոչ: Որովհետև այն ժամանակ սպասումները, ակնկալիքներն ավելի քիչ էին: Այն ժամանակ, իմ մերձավորները, իմ քաղաքական գործընկերներն ասում էին, եթե մենք ստանանք 30-35 տոկոս՝ լավ է: Ես էլ այն ժամանակ ասում էի, որ վստահ եմ՝ մենք 40-ից ավելին ենք տանելու: Այդպես էլ ստացվեց: Տարանք 44 տոկոս, և բոլորը երջանիկ էին: Հիմա տարել ենք 58, կարծես թե ինչ-որ սրտնեղվածություն կա: Եթե ի մի բերելու լինեմ խոսքս, կասեմ հետևյալը՝ ընդհանուր առմամբ, ընտրությունների արդյունքներն ինձ համար գոհացուցիչ են:

Գագիկ Մկրտչյան, Արմենիա հ/ը – Պարո՛ն Նախագահ, նախագահական նստավայրում օրեր առաջ կայացած Ձեր և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման մասին շատ է խոսվել, բայց մենք մանրամասներին ավելի շատ տեղեկանում ենք, այդ հանդիպման մասին իմանում ենք պարոն Հովհաննիսյանի պատմածներից: Միգուցե բացե՞ք փակագծերը:

Սերժ Սարգսյան – Կարծես, պարտավոր եմ բացելու, որովհետև, իրոք, այդ հանդիպման մասին բազմիցս խոսեցին և՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, և՛ այն մարդիկ, ովքեր այդ զրույցին, այդ երկխոսությանը ներկա չէին: Եվ վատն այն է, որ աղճատված, ոչ ստույգ տեղեկություններ էին տալիս հանրությանը: Իրականությունը հետևյալն է՝ լրագրողների հեռանալուց հետո, մենք պարոն Հովհաննիսյանի հետ փոխադարձաբար մեկս մյուսի որպիսությամբ հետաքրքվեցինք, այնուհետև ես հարցրեցի պարոն Հովհաննիսյանին, թե արդյո՞ք նա ասելիք ունի, ի՞նչ է կատարվում, ի՞նչն է այդ հավաքների պատճառը: Նա ասաց, որ, իհարկե, ասելիք ունի և իր ասելիքը հետևյալն է՝ ի՞նչ պետք է անենք: Ես բառացիորեն ասել եմ՝ Րաֆֆի՛, մինչև անելիքներին անցնելը, ես երկու հարց ունեմ. հարց առաջին՝ դու հաղթե՞լ ես ընտրություններում: Ասաց՝ ոչ: Ասացի՝ բա ի՞նչ է եղել: Ասաց՝ մերոնք ասում են, որ Դուք էլ չեք հաղթել: Ասացի՝ Րաֆֆի՛, դու չես հաղթել, ես չեմ հաղթել, բա ո՞վ է հաղթել: Պարոն Հովհաննիսյանը ժպտաց, և ես անցա երկրորդ հարցին: Հարցրեցի՝ քարոզարշավի ընթացքում ինքն ինձնից լսե՞լ է արդյոք մի անձնական վիրավորանք, մի կոշտ ձևակերպում, բացի մեկ դեպքից, երբ ես գնահատականը տվել եմ երևույթին, որովհետև չափազանց կարևոր երևույթ էր: Եթե այդ մասին հարց լինի՝ ես կպատասխանեմ, եթե ոչ՝ ինքս կբացեմ դա: Պարոն Հովհաննիսյանն ինձ բացատրեց, որ իր խոսքի կոշտության պատճառնն այն է, որ ես ժամանակից շուտ իմ շրջապատում շամպայնով շնորհավորել եմ իմ հաղթանակը: Ես շատ զարմացած էի: Ասացի, որ այսօրվա պայմաններում, երբ ցանկացած մարդու պաշտոնական խոսք կարելի է վայրկյանների ընթացքում, վայրկյանների ճշտությամբ իմանալ, թե երբ և ինչպես է եղել, ես զարմանում եմ, որ այդպիսի բան եք ասում: Նախ՝ ես շնորհակալություն եմ հայտնել իմ գործընկերներին, ինձ կողմ քվեարկողներին, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել էր ընտրությունների նախնական արդյունքները բոլոր 1988 տեղամասերում: Եվ երկրորդ՝ իմ շնորհավորանքը եղել է առանց շամպայնի: Եվ դա տեսել է հանրապետության ողջ բնակչությունը: Ինչևէ, մենք այդ հարցն անցանք, և ես հարցրեցի պարոն Հովհաննիսյանին՝ ի՞նչ եք ուզում, լսում եմ, ասե՛ք: Ասաց, որ լավ կլինի և ճիշտ կլինի, որպեսզի անցկացնենք նախագահական նոր ընտրություններ: Ասացի, որ ես դրա հնարավորությունը չեմ տեսնում, բայց նույնիսկ եթե այն լիներ, վստա՞հ է, որ նոր ընտրություններում կգրավի, ասենք, 4-րդ տեղը: Հարցրեց՝ ինչո՞ւ: Ասացի՝ եթե նոր ընտրություններ, ապա նոր թեկնածուների առաջադրում, և պարզ չի, թե ովքեր կառաջադրվեն: Նա ասաց՝ չէ, ես դա նկատի չունեմ. ես նկատի ունեմ՝ ընտրություն մեր միջև: Ասացի՝ դրա տարբերակն էլ չկա, որովհետև միջազգային հանրությունը, մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը ընտրությունների արդյունքն ընդունել է և գնահատել է լավ: Բայց եթե հանկարծ ինչ-որ մի հրաշքով այդպիսի հնարավորություն լինի և մենք Ձեզ հետ անցկացնենք նախագահական ընտրություններ և ինչ-որ մի հրաշքով Դուք տանեք ձայների 55 տոկոսը, մնացած 45 տոկոսը ես կարո՞ղ եմ տանել: Ասաց՝ այո: Ասացի՝ այդ դեպքում, ես կարո՞ղ եմ ընդհանրապես մի 20 հազար մարդ հավաքել Ազատության կամ Հանրապետության հրապարակում: Ասաց՝ այո: Ասացի՝ դա 4 անգամ ավելին է, քան այսօր դու ես հավաքել: Այդ դեպքում, ես էլ կհավաքեմ այդ 20 հազար մարդկանց և կասեմ՝ եթե Րաֆֆի Հովհաննիսյանն իր 37 տոկոս քվեներով նոր ընտրություններ պահանջեց և անցկացրեց, ապա ես էլ եմ պահանջում նոր ընտրություններ: Այդ դեպքում ո՞ւր ենք գնալու, մինչև ե՞րբ: Նա ասաց, որ լավ, եթե չի ստացվում նախագահական ընտրություններ անցկացնել, եկեք խորհրդարանը լուծարենք, անցկացնենք խորհրդարանական ընտրություններ: Հարցրեցի` բայց ի՞նչն է պատճառը: Եթե մենք համաձայնության եկանք նախագահական ընտրությունների մասով, ապա ո՞րն է խորհրդարանը ցրելու առիթը: Բացի դրանից, Սահմանադրությամբ և մեր օրենքներով Հանրապետության նախագահը չի կարող կամայականորեն ցրել Ազգային ժողովը: Ազգային ժողովը կարող է արձակվել Սահմանադրության 74-րդ հոդվածով նախատեսված չորս դեպքերում: Այդ դեպքերից որևէ մեկն առկա չէ: Ես ինչպե°ս դա անեմ: Ասաց` Դուք կարող եք: Կարող եք բոլորին հրավիրել և ստիպել, որ նրանք հրաժարվեն պատգամավորությունից: Ես ասացի, որ նախ` դա անօրինական ճանապարհ է, և անօրինականությամբ երբեք չի կարելի ո՛չ արդարություն, ո՛չ օրինականություն հաստատել: Երկրորդ` իսկ եթե այդ պատգամավորներից մի 10, 20, 30 հոգի, մի մասը, իմ այդ պահանջը չկատարի և ասի` պարո՛ն Նախագահ ես Ձեզ շատ եմ հարգում, բայց ելնելով մեր երկրի շահերից, ժողովրդավարությունից, նախադեպ չստեղծելու հանգամանքից և այլն, չեմ կարող հրաժարականի դիմում գրել: Րաֆֆին ասաց` ոչ, որևէ մեկն այնտեղ չի կարող Ձեր խոսքը օդում թողնել: Հարցրեցի՝ ինչպե՞ս է ստացվում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է դա անել, իսկ ողջ Ազգային ժողովում չի գտնվի 1, 2 կամ 5 մարդ, ով այդպես չի վարվի: Այսինքն, Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկությունն է՝ խարխլել քաղաքական հենարանը, մեր երկրի ամենակարևոր հաստատություններից մեկը միայն նրա համար, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 37 տոկոս ձայն: Ասացի` լավ, այս հանգամանքները մի կողմ դնենք: Եթե ինչ-որ մի հրաշքով մենք արձակում ենք խորհրդարանը և անց ենք կացնում խորհրդարանական ընտրություններ, Դուք վստա՞հ եք, որ 5 տոկոսը կհաղթահարեք: Ասաց` միասին գնանք Հանրապետականի հետ: Շատ տարօրինակ մի բան էր: Ասացի` ուրեմն Դուք առաջարկում եք, որպեսզի ես «միացնեմ» պետական, ոստիկանական ողջ մեքենան, մենք միասին մեծամասնություն ստանանք և ձևավորենք նոր խորհրդարա՞ն: Բա, եթե ես այդ մեքենան միացնող լինեի, կմիացնեի նախագահական ընտրությունների ժամանակ և կտանեի առնվազն 80 տոկոս: Ինչի՞ մասին է խոսքը: Ինչպե՞ս կարելի է այդպես վարվել: Ասաց` ուրեմն սա է՞լ է բացառվում: Ասացի` այո, սա էլ է բացառվում: Ասաց` ուրեմն պետք է պատժել բոլոր ընտրակեղծարարներին: Ասացի` այստեղ ես Ձեզ հետ 100 տոկոսով համաձայն եմ, և անկախ նրանից` պահանջեք, թե չպահանջեք`մենք դա անելու ենք: Ասաց` բա էլ ի՞նչ անենք, մի համապետական միջոցառում է պետք: Ասացի` խնդրեմ, մտածեք, ինչ համապետական առաջարկություն կարող է լինել, հանձնեք թղթին և բերեք տեսնեմ ի՞նչ եք ասում: Կաշխատեմ ես էլ մտածել, ես էլ իմ մտքերը թղթին հանձնել ու փոխանցել Ձեզ: Պատասխանեց՝ լավ, իսկ ի՞նչ ենք հիմա ուրիշներին ասելու: Ասացի` ես կարծում եմ, որ ընդհանուր գծերով, մանրամասների մեջ չմտնելով, պետք է առնվազն սա ներկայացնենք մեր թիմակիցներին: Ասաց` իսկ չի՞ լինի, որ չասենք ոչինչ: Ասացի` ոչ, որովհետև եթե դու կարող ես քո թիմակիցներին ասել, որ գաղտնիք է, չեմ կարող ձեզ հաղորդել, ապա ես չեմ կարող իմ թիմակիցներին ասել, թե՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ոչինչ չխոսեցի մեկ ժամից ավելին տևած հանդիպման ժամանակ: Եվ ընդհանրապես` չի եղել մի կարևոր որոշում կամ մի կարևոր իրադարձություն, որի մասին գոնե Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամները չիմանային: Հանուն ինչի՞ ես հիմա պիտի դա խախտեմ: Ասաց՝ այդ դեպքում, ես պետք է դուրս գամ և ասեմ, որ ոչինչ չստացվեց: Ասացի` խնդրեմ: Ասաց` բա հիմա ի՞նչ ենք անելու: Ասացի` Րաֆֆի՛, ես տեսնում եմ ընդամենը երեք տարբերակ. տարբերակ համար մեկ` հիմա այստեղից դուրս ես գալիս, գնում ես հրապարակ և նորից կրկնում ես այն, ինչ դու այնտեղ ասել ես` որ դու ստացել ես ձայների 80 տոկոսը, իսկ Հանրապետության նախագահը հիմա իր լիազորությունները ինձ չի հանձնում: Շարունակում ես ձևավորել դաշտային դատարաններ, ինչպիսին արդեն սկսել ես ձևավորել, նշանակում ես նախարարներ և հայտարարում, որ այս երկրում դու պետք է հասնես իշխանության, այսինքն՝ պետք է հեղաշրջում իրականացնես: Այս պարագայում երկու բան կարող եմ խոստանալ. մեկ` ոստիկանությունը, բոլոր իրավապահ մարմինները, իշխանության բոլոր օղակները գործելու են օրենքի սահմաններում: Եվ երկրորդ` ոստիկանությունը, բոլոր իրավապահ մարմինները, իշխանության բոլոր օղակները 100 տոկոսով օգտագործելու են այն լիազորությունները, որ տրված է նրանց սահմանադրական կարգը պաշտպանելու, պահպանելու համար: Այդ դեպքում՝ պատասխանատվությունը լինելու է միայն քեզ վրա: Եթե պատրաստ ես այդպիսի պատասխանատվություն կրելու` խնդրեմ: Տարբերակ համար երկու`դուրս ես գալիս այստեղից, գնում ես հրապարակ և այնտեղ հայտարարում ես, որ դու ստացել ես ոչ թե ձայների 37 տոկոսը, այլ՝ ավելին, բայց այնուհանդերձ, ելնելով Րաֆֆի Հովհաննիսյանի սիրուց առ Հայաստան, առ հայ ժողովուրդ, նրա հավատարմությունից ժողովրդավարության արժեքներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը օրինականության սահմաններում ստիպելու է այս իշխանություններին, որպեսզի դադարեցնեն արտագաղթը, պայքարեն կոռուպցիայի դեմ, վերացնեն ատկատները, այսինքն այն բոլորը, ինչ դու հայտարարել ես քարոզարշավի ընթացքում: Այս պարագայում, ես` որպես Հանրապետության նախագահ, ի պաշտոնե էլ պարտավոր եմ աջակցել ընդդիմությանը, ես կաջակցեմ ձեզ: Ձեր ստացած 500.000-ից ավելի ձայները դարձրեք ձեր կապիտալը, ձեր սեփականությունը: «Ժառանգություն» կուսակցությունը դարձրեք 500 հազարանոց: Ընդամենը երկու ամիս հետո Երևանի ավագանու ընտրություններն են լինելու, մասնակցեք այդ ընտրություններին, նախ հաղթեք և սկսեք կառավարել հանրապետության 1/3-րդ բնակչությանը, ապա պատրաստվեք խորհրդարանական ընտրություններին, որոնք սարերի ետևում չեն` ընդամենը 4 տարի հետո լինելու են խորհրդարանական ընտրությունները, կստանաք մեծամասնություն, կձևավորեք կառավարություն և այսպիսով` իշխանությունը կանցնի «Ժառանգություն» կուսակցությանը: Տարբերակ համար երեք` այստեղից դուրս ես գալիս, գնում ես հրապարակ և ժողովրդին հայտարարում ես, որ Սերժ Սարգսյանն առաջարկել է ինձ՝ ներգրավվելու իշխանության մեջ և համատեղ ջանքերով լուծելու մեր երկրի առջև ծառացած խնդիրները: Ասաց` Դուք կոալիցիա՞ նկատի ունեք: Պատասխանեցի՝ ոչ: Ասացի` հիմա էլ եմ ազնիվ քեզ հետ և չեմ ուզում քննարկել որևէ դետալ, մանրամասնություն, որովհետև երկու ժամ հետո հրապարակում խոսելու են, որ Րաֆֆին ծախվեց, պաշտոն էր ուզում և այլն: Այ, երբ այդ հայտարարությունը կանես, կգաս և մենք միասին կորոշենք ձեր ներգրավվածության հարցը: Բայց այս դեպքում պետք է մոռանաք ընդդիմադիր լինելու հանգամանքը: Ես իրեն չեմ ասել, բայց ուզում եմ այս առիթով մեկ անգամ ևս կրկնել այն, ինչ ես բազմաթիվ անգամներ ասել եմ՝ ինձ համար անհասկանալի են ոմանց այն մոտեցումները, որ լինելով իշխանության մեջ` ընդդիմություն են խաղում: Իշխանության մեջ գտնվողները չեն կարող անել հայտարարություններ, որոնք հակասում են իշխանությունների քաղաքական գծին: Իշխանության մեջ գտնվողը չի կարող ասել, որ մենք պետք է ճանաչենք ԼՂՀ անկախությունը: Ես 10 րոպե հետո նրան աշխատանքից կազատեմ: Իշխանության մեջ գտնվողը չի կարող տարածքային պահանջներ ներկայացնել որևէ հարևան երկրի: 10 րոպե հետո ես նրան աշխատանքից կազատեմ: Ընդհանրապես` իշխանության մեջ գտնվողը իրավունք չունի որևէ քաղաքական գծի նկատմամբ վերադասի հայտարարություններ անել: Բոլոր այն մարդիկ, ովքեր գտնվում են իշխանության մեջ և ցանկանում են քննադատել իրենց վերադասներին, պարտավոր են դիմում գրել, ներկայացնել հրաժարական, այնուհետև գնալ, քշտել թևքերը և անխնա քննադատել բոլորին: Սա իրենց իրավունքն է: Իշխանության մեջ գտնվողը չի կարող անձնական վիրավորանքներ հասցնել որևէ երկրի, նույնիսկ Ադրբեջանի նախագահին: Չի կարելի, անթույլատրելի է: Ի՞նչ է նշանակում անձնական վիրավորանքներ հասցնել Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահներին: Ինչպե՞ս կարելի է: Ինչպե՞ս կարելի է ընկնել ադրբեջանական ուղեգիծ և պայքարել Մինսկի խումբը ցրելու, համանախագահներին ցրելու համար: Մենք շատ երկար տարիներ պայքարում ենք, որ ձևաչափը չփոխվի, որովհետև այդ ձևաչափը ճիշտ է ընտրված: Այդպես մենք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ավարտեցինք մեր հանդիպումը: Իսկ մնացած բոլոր բաները` սկսած նրանից, թե իբր մենք այդ խոսակցությունը ձայնագրել ենք և պատրաստվում ենք հանրության սեփականությունը դարձնել, իբր, ես նրանց առաջարկել եմ Երևանի քաղաքապետի տեղակալ, իբր, ես առաջարկել եմ մեկ-երկու նախարարի պաշտոն` իրականությանը չեն համապատասխանում: Եվ ես բարոյական չեմ համարում խոսակցության խեղաթյուրումը` ով էլ դա կատարի:

Հրայր Թամրազյան, Ազատություն ռ/կ – Պարո՛ն Նախագահ, ըստ պաշտոնական տվյալների, հենց քիչ առաջ էլ Դուք ասացիք՝ ավելի քան կես միլիոն մարդ քվեարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին և նրանք հիմա ուղղակի հավատացած են, որ իրենց թեկնածուն է հաղթել ընտրություններում և կանգնել են նրա մեջքին՝ հանրահավաքային պայքարի տեսքով պաշտպանում են իրենց թեկնածուին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես գիտեք, արդեն քանի օր է նստած է հացադուլի և գնալով, գուցե, առողջական վիճակն այնքան էլ լավ չէ:

Սերժ Սարգսյան - Դուք այդպիսի տեղեկություննե՞ր ունեք առողջական վիճակի մասին:

Ազատություն ռ/կ, Հրայր Թամրազյան - Ոչ, չունեմ:

Սերժ Սարգսյան - Ինչի համար եմ ասում, որովհետև մենք ինչպես նախընտրական շրջանում, կարծում եմ, բոլորդ տեսաք, այնպես էլ հիմա՝ այս դեպքում, շատ ուշադիր ենք նման հարցում: Եվ պետական պաշտոնյաները, ովքեր պատասխանատու են այս խնդրի համար` ունեն շատ խիստ հանձնարարական:

Ազատություն ռ/կ, Հրայր Թամրազյան – Ուղղակի, հարցս չվերջացրեցի: Դուք պատրաստվո՞ւմ եք արդյոք այցելել նրան Ազատության հրապարակում և եթե այո, ապա ինչպիսի՞ առաջարկներով:

Սերժ Սարգսյան- Ես չեմ պատրաստվում Ազատության հրապարակ գնալ: Պատճառները բազմաթիվ են և բազմապիսի: Նախ ուզում եմ որոշակի ճշգրտում կատարել Ձեր ասածի մեջ: Բայց նախքան այդ, ցանկանում եմ Ձեզ շնորհավորել ձեր տոնի`«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության 60-ամյակի կապակցությամբ: Կարծում եմ, որ «Ազատություն» ռադիոկայանն էլ է տոնում ամյակները: Նախ պետք է ասեմ, որ իմ ճշգրտումը կայանում է հետևյալում` Դուք ասում եք, որ 500 հազարից ավելին կանգնած են նրա թիկունքին և հրապարակներում են: Ես, ուրեմն, տեսողության հետ կապված խնդիրներ ունեմ և ոչ միայն ես, այլ երևի մեր բնակչության մեծ մասը, որովհետև այնտեղ ես չեմ տեսել ոչ 500 հազար, ոչ 50 հազար: Եվ երբ ասում են, որ ժողովուրդը հրապարակներում է, ինձ համար շատ տարօրինակ է: Միջին հաշվով, այս հանրահավաքներին, որ տեղի են ունենում Ազատության հրապարակում, մասնակցում է 3000 մարդ: Նախ՝ ես վստահություն չունեմ, միգուցե, Դուք ունեք, որ նրանք բոլորը` մինչև վերջին մարդը, քվեարկել են Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին և երկրորդ` 3000 մարդը, թեև մեզ համար յուրաքանչյուր մարդու կարծիք շատ էական է, կազմում է մեր քաղաքացիների 0,1 տոկոսը: Մենք մոտ 3 մլն ենք: Ուրեմն, խոսել այն մասին, որ ժողովուրդը հրապարակներում է, առնվազն, ինչ ասեմ, կոռեկտ չի:

Ազատություն ռ/կ, Հրայր Թամրազյան – Պարո՛ն Նախագահ, խոսքը նաև մյուս քաղաքների մասին է:

Սերժ Սարգսյան- Պարո՛ն Թամրազյան, ես այս հարցին ուշադրություն եմ դարձնում, որովհետև այնտեղ հարթակում էլ ասում են` ժողովուրդ, հանուն ժողովրդի և այլն: Այս կապակցությամբ իմ հիշողության մեջ դառը պատկերներ են արթնանում, որովհետև աշխարհի և՛ բոլոր բարեգործները, և՛ բոլոր չարագործները միշտ խոսել են ժողովրդի անունից ու իրենց գործողությունները միշտ զարդարել են խոսքերով, թե իբր դա անում են հանուն ժողովրդի: Չեմ ուզում օրինակներ բերել, կարծում եմ ամբողջովին ձեզ համար հասկանալի է: Բոլորդ գիտեք մեր հարաբերությունների մասին ՀԱԿ-ի հետ և բոլորդ գիտեք մեր քաղաքական բանավեճի և այլնի մասին: Սա ասում եմ նրա համար, որպեսզի որևէ մեկն ասվածը երբեք չընկալի որպես հաճոյախոսություն: Եթե հիշում եք, 2008թ. մինչև 30 հազար մարդ հավաքվեց Ազատության հրապարակում՝ լսելու այն թեկնածուի ճառը, որը տարել էր 300 հազար ձայն կամ դրա սահմաններում՝ ինչ-որ տարբերությամբ: Այսինքն, գոնե այս դեպքում հավաքվեց քվեարկողների, ընտրողների 10 տոկոսը: Բայց խնդիրը դրանում չէ: Ես սա ասում եմ ուղղակի, որպեսզի ճշգրտումներ մտցնեմ ժողովրդի անունից և հանուն ժողովրդի գործելու մարդկանց ասածների մեջ: Իմ խորին համոզմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարելով՝ գործընթացները դուրս դրեց քաղաքական պրոցեսից: Ես գնամ ի՞նչ խոսեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Ինքս ինձ եմ հարցնում՝ գնամ ինչի՞ մասին բանակցեմ. աշխարհի վրա դառնացած և արդեն 8 օրը լրացած սոված մարդու հետ: Ինչպես Դուք եք ասում՝ հնարավոր է նաև առողջական վիճակը շատ գերազանց չլինի: Որովհետև բանակցություններ` չի նշանակում հաճոյախոսություններ փոխանակել, չէ՞: Չեմ տեսնում դրա արդյունքը, չեմ տեսնում դրա իմաստը: Եթե ես գնալու լինեի այնտեղ, միայն պետք է գնայի մի նպատակով`մեկ անգամ ևս հորդորելու, խնդրելու Րաֆֆի Հովհաննիսյանին՝ հացադուլ չանել, ընտրել պայքարի (դիտավորյալ եմ այստեղ բաց թողնում քաղաքական բառը) այլ ձևեր: Ես դա հիմա եմ անում՝ Րաֆֆի՛ Հովհաննիսյան, հորդորում եմ դադարեցրեք հացադուլը, ես Ձեզ աղաչում եմ, խնդրում եմ: Գիտեք, բայց մի կարևոր շատ էական հանգամանք էլ կա. ես չգիտեմ, թե ի՞նչ պայմանով է Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարել, կարո՞ղ եք ասել, հուշեք ինձ: Դուք ինֆորմացիայի տիրապետող մարդ եք, հուշեք` ի՞նչ պայման է դրել Րաֆֆի Հովհաննիսյանը: Ես շատ ուշադիր ծանոթացել եմ նրա ելույթին, որ, ցավոք, ապականված էր հայհոյանքներով, անձնական վիրավորանքներով, ինչը սազական չէ Րաֆֆի Հովհաննիսյանին: Բայց ես այնտեղ մի բան եմ տեսել. Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է` եթե Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին կեղծ, ընդգծում եմ` կեղծ երդում տա Ավետարանի և Սահմանադրության վրա, ապա … ապա … ապա … Ես երբեք, որևէ անգամ ի տարբերություն շատ-շատերի ո՛չ կեղծ երդում եմ տվել, ո՛չ կեղծ բարևներ եմ շռայլել, ո՛չ կեղծ դիրքորոշումներ եմ ընդունել, ո՛չ կեղծ ժպիտ եմ հաղորդել իմ դեմքին: Ես բազմաթիվ անգամներ երդվել եմ, երդվել եմ շատ լուրջ գործերի համար: Եվ ապրիլի 9-ի իմ երդումը լինելու է իմ սրտից բխող և ամբողջովին անկեղծ, որովհետև ես համարում եմ, որ ես հաղթել եմ ազնիվ պայքարում: Գոնե համակարգված որևէ բան չի եղել, որովհետև ես համարում եմ, որ այդ հարյուր հազարավոր մարդկանց վստահությունը պետք է արդարացնեմ, որովհետև ես համարում եմ, որ պատասխանատու եմ այս երկրի և ժողովրդի համար: Նախագահական ընտրությունները, այլ առիթներ պետք չէ օգտագործել և խոսել տղամարդկության մասին: Տղամարդկությունը կոնկրետ դրսևորում ունի: Տղամարդկության մասին ոչ թե պետք է խոսել, այլ պետք է տղամարդ լինել: Հայրենասիրության մասին շատ պետք չէ խոսել` պետք է հայրենասեր լինել: Եվ երբ հայրենիքը վտանգի մեջ է լինում, դու պետք է կանգնած լինես իրադարձությունների կիզակետում: Այդ ժամանակ դու իրավունք կունենաս մտածելու, այն էլ հազվադեպ, որ դու հայրենասեր ես: Եվ ոչ թե տեղին-անտեղի, թանկ ու էժան խոսել հայրենասիրության մասին, բարեպաշտության մասին, համերաշխության, ժողովրդավարության մասին: Ժողովրդավար պետք է լինել, այլ ոչ թե ներկայանալ: Հարցիս պատասխանը` ո՛չ, չե՛մ գնալու: Մի բան էլ հավելեմ՝ հաշվետվությունները հրապարակներում չեն տալիս: Գերակշիռ մասով հաշվետվությունները պետք է լինեն հրապարակային, այլ ոչ թե հրապարակներում: Մենք հրապարակներն էլ ենք օգտագործել: Մեկ տարվա ընթացքում ես այդպիսի հարյուրավոր հաշվետվություններ եմ տվել, եթե հաշվի առնենք խորհրդարանական, տեղական ինքնակառավարման մարմինների և նախագահական ընտրությունները: Շուտով Երևանի ավագանու ընտրություններն են լինելու: Մենք երբեք չենք խուսափել հանրահավաքներ կազմակերպելուց կամ հանրահավաքներում ելույթներ ունենալուց: Երբեք չենք խուսափել մարդկանց հետ շփվելուց: Ճիշտ է, իմ թերությունն է, որ չեմ կարողանում, չեմ հասցնում, ֆիզիկապես ի վիճակի չեմ գոնե մի 500-600 հազար մարդու ձեռքով բարև տամ: Բայց մեզնից յուրաքանչյուրը իր առավելությունները, իր թերություններն ունի:

Հովհաննես Գալաջյան, «Իրավունք» թերթ – Պարո՛ն Նախագահ, միտինգային ժողովրդավարությունը կարևոր բան է: Բայց, արդյո՞ք, երբ բանը հասնում է արդեն 5-րդ շարասյուների ելույթներին, հակապետական, հակաբա-րոյական ելույթներին՝ սահմանափակումներ պետք չեն: Վառ օրինակը, որ շատերի վրդովմունքը առաջացրեց` Ռուբեն Հախվերդյանի այդ համեմատությունն էր՝ Ադրբեջանի հեռավոր գավառի հետ: Արդյո՞ք ինչ-որ սահմաններ այդ ամենում դնել պետք չէ:

Սերժ Սարգսյան- Իհարկե, պետք է: Բայց մենք երբեք մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն չպետք է գնանք: Ռուբեն Հախվերդյանը, իմ կարծիքով, ես մասնագետ չեմ, տաղանդավոր երգիչ ու երգահան է: Բայց պետք է ասեմ, որ նա հավասարապես կամ հավասարաչափ տաղանդավոր չէ քաղաքականության մեջ, առավել ևս՝ մարդկային հարաբերություններում: Պիտի ավելացնեմ նաև, որ Ռուբեն Հախվերդյանին հաճախ է դավաճանում իր հիշողությունը և ես կարող եմ բազմաթիվ փաստեր բերել: Բայց կբավարարվեմ մեկով. ես երբեք Բորիս Կևորկովի օգնականը չեմ եղել: Դա փաստ է, որ գիտեն հազարավոր մարդիկ, հարյուր հազարավոր մարդիկ: Ես եղել եմ Հենրիկ Պողոսյանի օգնականը: Նրանք տարբեր մարդիկ են: Գոնե անուն, ազգանուններից կարելի է տարբերակել: Սա` մեկ: Եվ երկրորդ` նա ինձ մեղադրում է սովետական տարիներին կոմունիստ լինելու, կոմսոմոլ լինելու և աշխատելու մեջ: Գիտեք, չի կարելի երախտամոռ լինել և առաջին հերթին՝ նախորդ սերունդների նկատմամբ: Որևէ մեկն այսօր ճշգրտությամբ չի կարող ասել՝ եթե Հայաստանը չխորհրդայնանար, ի՞նչ կլիներ մեր ճակատագիրը: Եթե որևէ մեկը գիտի` թող ասի: Այսինքն, մենք արդյո՞ք իրավունք ունենք ելնելու այն տեսակետից, որ Խորհրդային Հայաստանում որևէ լավ գործ չի կատարվել: Այսինքն, եթե մենք փնովում ենք խորհրդային ժամանակներում աշխատած մարդկանց աշխատանքը, հավասարապես պետք է փնովենք Արամ Խաչատրյանի երաժշտությո՞ւնը: Մենք պետք է փնովենք ընդհանրապես մեր ձեռքբերումները և՞ս: Եվ թող ինձ ներեն մարդիկ՝ այդ շարքում Ռուբեն Հախվերդյանին էլ դասելու համար, փաստորեն մենք պետք է փնովե՞նք Ռուբեն Հախվերդյանին՝ նախկինում ստեղծած երգ- երաժշտության համար: Արդյո՞ք սա մոտեցում է: Ես հպարտ եմ, որ այն ժամանակ էլ հնարավորություն եմ ունեցել ծառայելու իմ ժողովրդին: Թե ինչպես եմ ծառայել, կարող են վկայել այդ Ադրբեջանի «հեռավոր գավառի բնակիչները»: Ինչևէ, տա Աստված, որ Ռուբեն Հախվերդյանը շուտով վերադառնա այն գործին, որից նա հասկանում է և մեզ ուրախացնի իր նոր ստեղծագործություններով: Իսկ հավաքները, ելույթները սահմանափակելը մեզ ոչինչ չի տա: Մենք շատ տևական ժամանակ, նաև անկախ Հայաստանի պայմաններում, ապրել ենք այդ վիճակում: Արդյո՞ք այն ժամանակ լավ էր վիճակը: Կարծում եմ` ոչ: Հիմա ավելի լավ է: Ոչինչ, որ հրապարակային վիրավորանքները, հայհոյանքները մի քիչ շատացել են: Ոչինչ, որ ամենահեշտ գործը դարձել է Նախագահին հայհոյելը: Այս երկրում շատերը վախենում են միջին կարգի գործարար հայհոյելուց, բայց չեն վախենում Հանրապետության նախագահին հայհոյելուց: Իմ համբերությունը մեծ է: Մենք պետք է անցնենք այս ճանապարհը: Եվ երբ մեր դատարաններն իրոք արժանանան մեր ժողովրդի վստահությանը, այն ժամանակ հենց այդ դատարանների միջոցով այս հարցերն էլ կլուծենք: Եվ ոչ միայն դատարանների միջոցով: Վստահ եմ, որքան զարգանա մեր հասարակությունը, այնքան այսպես խոսողները քիչ են լինելու: Որովհետև գտնվելու են մարդիկ, ովքեր ոչ թե փողոցի անկյուններում կամ իրենց տների խոհանոցներում են քննադատելու այն մարդկանց, ովքեր չափն անցնում են, այլ հրապարակավ են դա անելու: Այն ժամանակ նրանք էլ մի քիչ կզգուշանան: Գործընթացը նորմալ է գնում, մի անհանգստացիր: Որևէ բան մեր երկրի, հիմա դժվար է անդորր ասել, բնականոն կյանքը չի կարող խանգարել:

Շավարշ Գևորգյան, Հ2 հ/ը – Պարո՛ն Նախագահ, թերևս շատերին է հետաքրքրում ապագա կառավարության հարցը: Հետաքրքիր է իմանալ` կառավարության կազմը փոխվելու է, թե՞ փոփոխվելու: Վարչապետը նշանակվելո՞ւ է թե՞ վերանշանակվելու:

Սերժ Սարգսյան – Գիտեք, եթե ամեն ինչ ասելու լինեի` վաղուց արդեն հայտարարած կլինեի: Ոչ միայն այն պատճառով, որ դա գաղտնիք է, այլ որովհետև դա լուրջ գործընթաց է և այդ գործընթացին պետք է լրջությամբ մոտենալ: Ցավոք, երբ մեր երկրում խոսում են փոփոխությունների մասին, առաջին հերթին՝ խոսում են մարդկանց փոփոխությունների մասին: Բայց մեկ տարի է, որ մի տարօրինակ երևույթ էլ կա: Մարդկանց փոփոխությունների մասին ամենաշատը խոսում են նախկին պաշտոնյաները: Գործող պաշտոնյաների փոփոխության մասին խոսում են հենց գործող պաշտոնյաները: Առաջինները խոսում են այն ակնկալիքով, որ այդ փոփոխությունների պատճառով հանկարծ կարող է իրենք հետ գան: Երկրորդները խոսում են, որ այդ փոփոխությունների արդյունքում իրենք կարող են ավելի բարձր պաշտոն ստանալ: Փոփոխությունների մասին խոսում են նաև այն մարդիկ, ովքեր ակնկալիքներ ունեն, որ ապագայում կարող են պաշտոն ստանալ: Բայց մի վերապահումով, ով խոսում է` նկատի ունի բոլորին, բացի իրենից: Ասածս չի նշանակում, որ փոփոխություններ չեն եղել կամ չպետք է լինեն: Պետք է ջարդել կարծրատիպը: Ես հիմա թիվ կասեմ` բոլորդ կզարմանաք: Հինգ տարվա ընթացքում, ինչ ես ձևավորել եմ կառավարություն, իսկ մեր կառավարությունը բաղկացած է 19 հոգուց` 18 նախարար, գումարած վարչապետ, ես 20 փոփոխություն եմ արել: Օրինակ, որևէ մեկը մտածում էր, որ այդքան փոփոխություններ են եղել: Ոչ: Ինչո՞ւ, որովհետև առավոտից երեկո բոլոր լրատվամիջոցներն ասում են, որ մեր երկրում կադրային փոփոխություններ չեն լինում: Գնացեք, ստուգեք, տեսեք` 20 փոփոխություն: Մեր կառավարության պաշտոնյաների՝ նախարարների պաշտոնավարման միջին ժամկետը 3 տարի է: Դա համարում եք շա՞տ: Երեք տարում նորմալ մասնագետ չեն դառնում, երեք տարում մարդ չի կարողանում նորմալ վարորդ դառնա, որպեսզի կառավարի մի փոքրիկ մեքենա: Երեք տարում մարդը հազիվհազ նոր հասկանում է, թե որտեղ է ինքը աշխատում և ընդհանրապես ինչ է նշանակում նախարար: Ասածս չի նշանակում, որ փոփոխություններ չեն լինելու: Ընդհակառակը` ես մի անգամ հայտարարել եմ, հիմա էլ հայտարարում եմ`որևէ պետական պաշտոնյա չի կարող երաշխավորված լինել, թե նրան երբեք որևէ մեկը պաշտոնից չի ազատելու: Եվ հիմա, եթե դուք ինձ ցանկացած պաշտոնյայի մասին հարցնեք, իմ պատասխանը հետևյալն է՝ այսօրվա դրությամբ ես այդպիսի միտք չունեմ: Բայց դա չի նշանակում, որ այդ նույն պաշտոնյան վաղը չէ մյուս օրը չի թերանալու, որի համար համարեմ, որ նա պետք է պաշտոնից հեռանա: Ասածս հետևյալն է` կադրային փոփոխությունները մշտական գործընթաց են: Երևի թե, մեր սխալն է, մեր մեղքն է, որ այս ուղղությամբ լուսաբանումը լավ չենք իրականացնում, բայց իրականությունը դա է: Ընդհանրապես մեր երկրում չկան շատ երկար աշխատող պաշտոնյաներ` նկատի ունեմ նույն պաշտոնում՝ ես ինձ նկատի չունեմ: Բայց նայեք հարևան երկրներին, տեսեք՝ մարդիկ կան, որ 20 տարուց ավելի նախարարներ են: Ուրեմն, մի բան կա այստեղ: Հիմա ես ձեզ չեմ կարող պատասխանել, որ կառավարությունն ամբողջ կազմով փոխվելու է: Իմ պատասխանը հետևյալն է` այսօր դեռևս ես պատճառ չեմ տեսնում կարդինալ փոփոխություններ անելու, բայց դա չի նշանակում, որ կառավարության անդամները երաշխավորված են այդպիսի փոփոխություններից կամ ես նրանց ինչ-որ արտոնություն եմ տալիս: Գիտեք, կառավարությունը նրա համար է, որպեսզի կարողանա զարգացնել մեր տնտեսությունը: Կառավարությունը նրա համար է, որպեսզի կարողանա ընդհանրապես մեր երկիրն առաջ տանել: Ես վերջին անգամ կառավարություն եմ ձևավորել ընդամենը մի քանի ամիս առաջ` խորհրդարանական ընտրությունների արդյունքով: Անձամբ մասնակցել եմ առաջին նիստին և խնդիր եմ դրել այդ կառավարության առջև: Ասել եմ, որ այս կառավարությունը Հայաստանի Հանրապետությունում պետք է ապահովի տնտեսական աճ` նվազագույնը 7 տոկոս: Եվ ասել եմ, որ աշխատավարձերի աճը պետք է ավելին լինի, քան գնաճը: 2012թ. արդյունքներով մեր տնտեսական աճը կազմել է 7,2 տոկոս, այն դեպքում, երբ Եվրամիության տնտեսությունը աճել է 0,2 տոկոսով, իսկ մասնագետների գնահատ¬մամբ`համաշխարհային տնտեսությունն աճել է 3,5 տոկոսով, միգուցե և պակաս: Ես չեմ ասում, որ 7,2 տոկոսը շատ մեծ ձեռքբերում է, բայց մի անգամ էլ պետք է կրկնեմ, որ ամեն ինչին պետք է նայենք համեմատության մեջ: Հայաստանի Հանրապետությունում միջին աշխատավարձի աճը գերազանցել է գնաճին: Հիմա ես ո՞ր բարոյական իրավունքով կանչեմ այդ կառավարությանը և ասեմ՝ գնացեք հրաժարական տվեք: Մարդիկ դրված խնդիրը կատարել են: Հազարավոր թերություններ կան, բացթողումներ կան: Իսկ ո՞վ է երաշխավորելու, որ նոր մարդիկ ավելի լավ կանեն դա: Իհարկե, մեծախոսներ կան: Իհարկե, իրականությունից կտրված մարդիկ կան և նրանց թվում է, թե ամեն ինչը հեշտ է, ասացիր` արվեց, վերջացավ, դարձավ դրախտ: Այդպես չէ: Կառավարության անդամի աշխատանքը տքնաջան, չարքաշ աշխատանք է: Ես ձեզ հավաստիացնում եմ: 15 տարի աշխատել եմ, գիտեմ դա ինչ է: Բայց այդքանով հանդերձ, հիմա մի կարևոր բան էլ պետք է ասեմ: Հայաստանի Հանրապետության այն կառավա-րությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ` այդ կառավարությունը պետք է հրաժա-րական տա: Եվ Հայաստանի այն կառավարությունը, որը չապահովի աշխատա-վարձի առաջանցիկ, այսինքն ավելի մեծ աճ, քան գնաճն է հանրապետությունում` պետք է հրաժարական տա: Մյուս կողմից, կարելի է մտածել` բա վերը բերված արգումենտնե՞րը: Այո, այդ արգումենտներով հանդերձ: Որովհետև մեր կառավարությունն արդեն բավականաչափ փորձ ունի: Եվ երբ ես ասում եմ, որ պաշտոնավարման ժամկետի միջինը 3 տարի` նախարարներից մեկի համար դա 6 տարի է, մեկի համար 2 տարի: Այսինքն, ընդհանրական առումով մեր կառավարությունը փորձ ունի, կարողություն ունի, և պետք է փոխել ոչ թե կառավարության անդամներին, այլ նրանց վերաբերմունքը նաև գործի նկատմամբ: Ասածս հետևյալն է, որ փոփոխություններն առաջին հերթին պետք է լինեն մարդկանց գիտակցության մեջ: Եթե մենք կարողանանք այդ գիտակցության մեջ փոփոխություններ անել` ձեզ համար ի՞նչ տարբերություն կառավարության անդամն ո՞վ է: Եթե ձեր թոշակները ժամանակին վճարում են, եթե ձեր թոշակները պարբերաբար ավելանում են, ձեր կենցաղը կամաց-կամաց բարելավվում է, ձեզ համար ի՞նչ տարբերություն ո՞վ է սոցիալական ապահովության նախարարը: Այ, եթե այստեղ լինի որևէ խաթարում` արդեն ձեզ պետք է հետաքրքրի: Կարծում եմ, մոտեցումն այսպիսին պետք է լինի: Իհարկե, գոյություն ունեն բարոյական խնդիրներ, գոյություն ունեն հասարակական հնչեղություն ունեցող հարցեր, բայց ես ասում եմ ընդհանուր մոտեցումը:

Հարցզրույցի շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Այս խորագրի վերջին նյութերը