Լրահոս

29.06.2009 14:01


Ազատամարտիկ. «Այսօր կեղծ ազատամարտիկները շատ են»

Ազատամարտիկ. «Այսօր կեղծ ազատամարտիկները շատ են»

Արցախյան ազատամարտի մասնակից ջոկատների հրամանատարները և հասարակական կազմակերպությունների ղեկավարները դիմելու են ՀՀ ԱԺ-ին և կառավարությանը, որպեսզի շրջանառության մեջ դրվի «Արցախյան ազատամարտի մասնակցի, հաշմանդամների, զոհված ազատամարտիկների և նրանց ընտանիքներին արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծը։

-Դեռևս 2002թ. Ազատամարտի վետերանների միությունը դիմել է ՀՀ ԱԺ-ին, որպեսզի «Արցախյան ազատամարտի մասնակցի, հաշմանդամների, զոհված ազատամարտիկների և նրանց ընտանիքներին արտոնություններ սահմանելու մասին» օրենք ընդունվի։ Վիկտոր Դալլաքյանից ստանում եմ պատասխան, թե կաշխատեն, որ շատ կարճ ժամանակում այդպիսի օրենքի նախագիծ ընդունվի։ Բայց այդ օրենքը դեռևս չկա,- «Փաստարկ» ակումբում ասել է «Սասունցի Դավիթ» ջոկատի հիմնադիր հրամանատար, ՀՀ վարչապետի խորհրդական Համլետ Հովսեփյանը։

Նրա խոսքերով՝ ինքը օրենքի նախագիծ է պատրաստել և ուղարկել ԱԺ, բայց այն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ուղարկվել։ Այնտեղից էլ պատասխանել են, թե ներկայումս նպատակահարմար չեն համարում օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնել։

-Այսօր բոլոր ՀԿ-ները, որոնք համալրված են ազատամարտիկներով, ստեղծել են կոորդինացիոն խորհուրդ, և պարտադիր պետք է ազատամարտիկների հարցը լուծել։ Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմին, իսկ դրա համար պետք է բարձրացնել ազատամարտիկի ռազմահայրենասիրական ոգին,- ասել է Արմավիրի կայազորի ռազմական ոստիկանության պետ,  «Փառապանծ մարտիկներ» միության նախագահ Գրիշա Սարգսյանը։

Նրա խոսքերով՝ իրենց  համակարգող խորհուրդը հետևողական է լինելու, որպեսզի ՊՆ սոց-վարչությունն ամեն մի պատահածի ազատմարտի մասնակցի կարգավիճակ չտա։

-Այսօր կեղծ ազատամարտիկները շատ են։ Ազատամարտին մասնակցել է 15 հազ. մարդ, հիմի միայն 70 հազ. ազատամարտի վիրավոր կա,- հավելել  է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը