Լրահոս

18.03.2013 19:00


«Ազգային» արտոնագրեր շնորհվեցին թեկնածու 9 ակումբներին

«Ազգային» արտոնագրեր շնորհվեցին թեկնածու 9 ակումբներին

Ս.թ. մարտի 15-ին, ՀՖՖ-ի շտաբ-բնակարանում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը:

Նիստի ընթացքում քննության էին դրվել «Փյունիկ», «Շիրակ», «Միկա», «Ուլիս», «Արարատ», «Բանանց», «Գանձասար», «Ալաշկերտ» եւ «Էրեբունի-Դիլիջան» ակումբների արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին «Ազգային» արտոնագրերի համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում` մասնակցելու ՀՀ Բարձրագույն խմբի 2013/2014թթ-երի մրցաշրջանի առաջնությանը, որը մեկնարկելու է 2013 թվականի օգոստոսին:

Այստեղ կարևոր է նշել, որ «Ալաշկերտ» ՖԱ-ն առաջին անգամ իր պատմության ընթացքում մասնակցում էր արտոնագրային գործընթացին և հաջողությամբ հաղթահարել է իր առջև դրված բոլոր պահաջները: 

Նիստը վարում էր Արտոնագրման կոմիտեի նախագահ, Արայիկ Մանուկյանը: Նիստին ներկա էին կոմիտեի փոխնախագահ Հայկ Սարգսյանը, ինչպես նաեւ անդամներ Դավիթ Գրիգորյանը, Դավիթ Ավանեսյանը, Հակոբ Համբարձումյանը, Գագիկ Ռեչելյանը և Հայկ Կարապետյանը: ՀՖՖ Արտոնագրման բաժինը ներկայացնում էին ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանը, տեղակալ Ամալյա Գրիգորյանը, բաժնի մասնագետ Ղազար Հակոբջանյանը և ԶԼՄ-ների հետ կապերի գծով պատասխանատու Տիգրան Իսրաելյանը:

Նիստի ընթացքում քննության էին դրվել ակումբների ոչ ֆինանսական փաթեթներն ու մասնավորապես մարզական, կադրային և վարչական, իրավական և ենթակառուցվածքային չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնց հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ: Ստուգումների արդյունքները մանրամասնորեն ներկայացվեցին նիստի ընթացքում Արտոնագրման բաժնի աշխատակիցների կողմից:

Հիմնվելով դրանց վրա` Արտոնագրման կոմիտեն կայացրեց որոշում, ըստ որի «Ազգային» արտոնագրեր շնորհվեցին թեկնածու 9 ակումբներին:

Համաձայն ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի պահանջների` «արտոնագրային» որոշումների կայացումից հետո ակումբները պարտավոր են տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ (օրինակ, կադրային բնագավառում) անհապաղ տեղեկացնել ՀՖՖ-ին: Այդ պարտավորությունների վերահսկմանն ուղղված կլինի ՀՖՖ Արտոնագրման բաժնի գործունեությունը մինչև ընթացիկ տարվա դեկտեմբեր ամիսը, երբ կսկսի արտոնագրման նոր մրցաշրջանը:

Ազգային արտոնագրերի շնորհումից հետո ակումբները կմասնակցեն «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրային գործընթացին և կսկեն նախապատրաստել իրենց ֆինանսական փաստաթղթային փաթեթները վերոնշյալ արտոնագիրը ստանալու համար:  

Այս խորագրի վերջին նյութերը