Լրահոս

18.03.2013 13:37


«ԷկոԼուր»–ի բաց նամակը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին

«ԷկոԼուր»–ի բաց նամակը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ–ն բաց նամակով դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին։ Նամակում ասված է.

«Հարգարժան պարոն Կարեն Անդրեասյան,

Բնապահպանության նախարարությունը խախտել է մամուլի եւ հասարակայնության՝ էկոլոգիական կարեւոր որոշումների ընդունման գործընթացին մասնակցելու իրավունքը: Բնապահպանության նախարարությունը մարտի 15-ին Կառավարության 3-րդ մասնաշենքում կազմակերպեց  «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի նախագծի հասարակական լսումները հատուկ ռեժիմով, որտեղ կարելի էր մուտք գործել միայն անցագրով կամ հատուկ թույլտվությամբ, ինչը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի խախտում է: 3-րդ հոդվածն ասում է. «…ապահովել հասարակության ներգրավումը եւ մասնակցությունը փորձաքննության բոլոր փուլերում»:  Դրա հետ մեկտեղ նախարարության աշխատակիցները,  ովքեր ապահովում են նախարարության հրավիրած անձանց մուտքը, հրաժարվեցին անցագրեր տրամադրել «Շանթ», «Իջեւան», «Սիվիլնեթ» հեռուստաընկերությունների, «Լրագիր» տեղեկատվական կայքի, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի լրագրողներին: Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանի հետ կապվելու բոլոր փորձերն ապարդյուն անցան, քանի որ նրա հեռախոսն անջատված էր: Այդպիսով, Բնապահպանության նախարարությունը խախտեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 4-րդ հոդվածի (Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի ապահովման երաշխիքները) 3-րդ կետը. «Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը»: Նախարարության պարզաբանումը, որ բոլոր նրանց մասնակցությունը, որոնց թույլ չի տրվել մասնակցել լսումներին, ապահովված է lifestream-ով, որեւէ քննադատության չի դիմանում:

Նշենք, որ lifestream-ը չի ապահովում մասնակցություն, այլ ապահովում է կողքից հետեւելու հնարավորություն: Ի տարբերություն դիտորդների` մասնակիցները, այդ թվում եւ լրագրողներն իրավունք ունեն հարցեր տալու, արտահայտելու իրենց կարծիքը, աշխատելու հասարակական լսումների մյուս մասնակիցների հետ: Այս հնարավորություններից նրանք զրկվեցին նախարարության մեղքով: Խնդրում ենք Ձեզ իրավական գնահատական տալ նախարար Արամ Հարությունյանի  եւ նախարարության մյուս իրավասու անձանց գործողություններին, ովքեր պատասխանատու էին մարտի 15-ի միջոցառման կազմակերպման համար, որոշել, թե որքանով են այդ գործողությունները ենթակա վարչական կամ այլ պատասխանատվության` համաձայն ՀՀ ազգային օրենսդրության եւ միջազգային կոնվենցիաների  պահանջով Հայաստանի ստանձնած պարտավորությունների»:

 

18.03.2013թ.

Հարգանքներով՝

 «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը