Լրահոս

15.03.2013 16:20


Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր

Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր

Մարտի 15-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկվեց «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ու հարակից 14 օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Օրենքների նախագծերի փաթեթը նպատակ ունի լրամշակելու «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում եղած հասկացությունների շրջանակը, փոփոխելու պարտադիր տեղեկացման ենթակա գործարքների վերաբերյալ հաշվետվությունների տրամադրման սահմանաչափը, հստակեցնելու գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու, կատարված վերլուծությունները փաստաթղթավորելու ու պահպանելու հարցը, փողերի լվացմանը նախորդող հանցակազմերի, բռնագրավման ենթակա գույքի շրջանակը, լիազոր մարմնի իրավասությունը, միջազգային պահանջներին համապատասխանեցնելու ահաբեկչության հետ կապված ֆինանսական միջոցների կամ այլ գույքի սառեցման մեխանիզմը, ՀՀ քրեական օրենսգրքով սահմանվող ահաբեկչության եւ ահաբեկչության ֆինանսավորման հանցակազմերը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրինագծերի փաթեթին՝ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար:

Հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերին:

Նիստում նաեւ աշխատանքային քննարկում եղավ հանձնաժողովի առաջիկա անելիքների վերաբերյալ:

Նույն օրը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցած ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեցին եւ դրական եզրակացություն ստացան մի խումբ նախագծեր, որոնք կընդգրկվեն ԱԺ գարնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Մինչ նախագծերի քննարկմանն անցնելը՝ հանձնաժողովի անդամները լսեցին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ՀՀ Ազգային ժողովին աջակցման ծրագրի տնօրեն Շոն Մակնելիի զեկույցը «Թեմատիկ խորհրդարանական լսումների» վերաբերյալ:

Շոն Մակնելին ներկայացնելով ծրագիրը՝ նշեց, որ հիմնական նպատակը ԱԺ աշխատանքների արդյունավետության բարձրացումն է: Մասնավորապես՝ ԱՄՆ ՄԶԳ այս ծրագրի նպատակներից մեկը խորհրդարանական լսումների ինստիտուտի արդյունավետության բարձրացումն է եւ նոր ձեւաչափով անցկացումը: Քառամյա ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը:

Այնուհետեւ հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց պատգամավորներ Ստեփան Դեմիրճյանի, Լեւոն Զուրաբյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Նիկոլ Փաշինյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Արամ Մանուկյանի հեղինակած «2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագծին:

Հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանը տեղեկացրեց, որ նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած քննարկման ընթացքում ստացված առաջարկներից գրեթե բոլորն ընդունվել են, կատարվել են խմբագրական եւ բովանդակային փոփոխություններ: Ըստ այդմ՝ ժամանակավոր հանձնաժողովը կազմված կլինի 7 պատգամավորից, ՀՀԿ խմբակցությունը կունենա երկու պատգամավոր, մեկական պատգամավոր կունենան ԱԺ մյուս խմբակցությունները: Առաջարկ էր եղել, որ ժամանակավոր հանձնաժողովի կազմում ընդգրկված լինի նաեւ մեկ անկախ պատգամավոր, ինչը դեռեւս քննարկման փուլում է:

Ժամանակավոր հանձնաժողովն իր գնահատականի վերաբերյալ մինչեւ տարեվերջ Ազգային ժողովին կներկայացնի գրավոր եզրակացություն:

Առաջին ընթերցամբ հանձնաժողովը քննարկեց «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության ներկայացրած օրինագիծը, որով առաջարկվում է քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումների քննարկման համար ներկայում գործող մեկ տարի ժամկետը դարձնել վեց ամիս: Առաջարկվում է նաեւ սահմանել նոր դրույթ, ըստ որի՝ քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումների, միջնորդությունների, ինչպես նաեւ անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկությունները կհամարվեն անձնական կյանքի գաղտնիք:

«Վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած օրինագիծը վերաբերում է անձի դատական պաշտպանության իրավունքի հետ կապված հարցերին: Առաջարկվում է ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի որոշ հոդվածներ համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը եւ վերացնել հակասությունները:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Էդուարդ Շարմազանովի, Մնացական Մնացականյանի, Ռուզաննա Մուրադյանի, Հերմինե Նաղդալյանի եւ Արփինե Հովհաննիսյանի հեղինակած « Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» լրամշակված օրինագծերը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց նաեւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի բարեփոխված փաթեթը: 

Այս խորագրի վերջին նյութերը