Լրահոս

15.03.2013 12:40


Վրաերթից մահացած 85-ամյա տատիկի մոտից 1,5 միլիոն դրամ են գտել

Վրաերթից մահացած 85-ամյա տատիկի մոտից 1,5 միլիոն դրամ են գտել
Տատիկը ամբողջ կյանքում գումարը հավաքում եւ խնայում էր, ասելով, թե սեւ օրվա համար է: Նրա մտքով երբեք չէր անցնի, որ այդ գումարը հենց նրա սեւ օրվա համար է պետք գալու:
«aravot.am»-ի փոխանցմամբ՝ երեկ Երեւանից ոչ հեռու գտնվող Փարաքար գյուղում վրաերթի է ենթարկվել 85-ամյա Գ. Մարգարյանը: Քաղաքացին առանց ուշադրություն դարձնելու անցել է փողոցը եւ վարորդը չի հասցրել արգելակել: Վրաերթի արդյունքում մեծահասակ կինը մահացել է: Վրաերթի փաստը տխրեցրել է նրան ճանաչողներին, սակայն հագուստի տակից գտնված 1,5 միլիոն դրամն ուղղակի ցնցել է այդ կնոջ շրջապատին:
«Ամբողջ կյանքը խեղճը աշխատել է, բայց փաստորեն չհասցրեց վայելել: Իմ մտքի ծայրով անգամ չէր անցնի, որ ինքը հավաքած այդքան փող ունի: Թոշակը միշտ իրար հետ էինք ստանում. նրանը իմ թոշակի կրկնապատիկն էր, քանի որ պատերազմի վետերան էր: Ասում էր, որ փողը որդուն է տալիս, բայց էլի տան հոգսերը չեն պակասում. ո՞վ կմտածեր, որ թոշակառու մարդը միլիոնատեր կարող է լինել»,- «Aravot.am»-ի հետ զրույցում ասել է վրաերթի զոհ դարձած կնոջ հարեւանը` 81-ամյա Ս. Կարապետյանը:
«Նրա հոգին շատ խորն էր, ինքը դեռ սովետի ժամանակվանից էլ լավ փողերի տեր էր: 1,5 միլիոնը ի՞նչ փող էր որ նրա համար, եթե լավ փնտրեն՝ ուրիշ անկյուններում էլ պահած միլիոններ կգտնեն»,-նշել է մեկ այլ փարաքարցի:
Մեկուկես միլիոնի պատմությունը զարմացրել է նաեւ մահացածի հարազատներին: Այս ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում, նրանց խոսքերով, այդ գումարը մեծ օգնությունն է իրենց համար:  

Այս խորագրի վերջին նյութերը