Լրահոս

15.03.2013 12:14


ՊՃՀ դասախոսն ի նշան բողոքի՝ հրաժարվում է մարտ ամսվա իր աշխատավարձից

ՊՃՀ դասախոսն ի նշան բողոքի՝ հրաժարվում է մարտ ամսվա իր աշխատավարձից

ՊՃՀ Գյումրու մասնաճյուղի դասախոս Տիգրան Պետրոսյանին խիստ մտահոգել է ՀՀ կրթական համակարգում տեղ գտած «մեղմ ասած կամայականությունների պրակտիկան», և նա իր զորակցությունն է հայտնում Արարատ Միրզոյանին։

«Նրան անձամբ չեմ ճանաչում։ Բայց գործընկերոջս շուրջ իրավիճակը չշտկվելու դեպքում, ի նշան բողոքի, հրաժարվում եմ մարտ ամսի ինձ հասանելիք աշխատավարձից և վերադարձնում այն պետբյուջե»։

ԵՊՀ դասախոս Արարատ Միրզոյանը խստորեն դատապարտել էր 2013թ. փետրվարի 27-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց դասադուլի կոչով հանդես եկող ուսանողների նկատմամբ ԵՊՀ որոշ պաշտոնյաների, ուսխորհդի, արհմիության և/կամ այլ կառույցների ներկայացուցիչների պահվածքը, և ՀՀ ԿԳ նախարարից ու ԵՊՀ ռեկտորից  պահանջել պաշտոնապես պարզաբանել միջադեպն ու պատժել իրենց պաշտոնը չարաշահած և լիազորությունները գերազանցած անձանց։ Այս պահանջից հետո ԵՊՀ–ն հրաժարվել է երկարացնել Ա. Միրզոյանի հետ ավելի վաղ կնքած պայմանագիրը։

Հիշեցնենք նաև, որ 2013թ. փետրվարի 18–ի նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով սկսված դասադուլի օրերին Տիգրան Պետրոսյանը հայտարարել էր.

«Եթե որևէ մեկը, կապ չունի ով, պաշտոնյա, սուտի գողական ու դրա հակառակը, հարցեր ունենա իմ ուսանողների հետ իրենց դիրքորոշումն արտահայտելու իրավունքի վերաբերյալ, անկախ այն բանից, թե ուսանողներս դասադուլով են այն արտահայտում, թե դասի հաճախելով, ավտոմատ կերպով հարցեր կունենա ինձ հետ: Չհասկացա, ստրուկների սերունդ եք ցանկանո՞ւմ էս երկրին.. կզացրած հպարտությամբ զինվոր եք ուզո՞ւմ խրամատում... Միայն կահույքի կարգավիճակով մայրեր եք տեսնո՞ւմ Հայի ընտանիքում... Եվ եթե այդքանը չեք հասկանում, ուրեմն ԱԶԱՏԵՔ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ՁԵՐ ՆԵՂԱԾ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԹՈՂԵՔ ՃԱԽՐԵԼ ՍՈՎՈՐԵՆ:  Որ հետո ստիպված չլինեն ձեր նման սողալ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը