Հարցազրույց

27.06.2009 17:02


Կարեն Մարտիրոսյան.

Կարեն Մարտիրոսյան.

Հարցազրույց Քանաքեռ-Զեյթուն բուժկենտրոնի օրթոպեդիայի և տրավմատալոգիայի բաժնի օրթոպեդիայի ծառայության ղեկավար Կարեն Մարտիրոսյանի հետ

-Մեզանում ընդունված է ասել, թե պետք է հեռու մնալ ոստիկանից և բժշկից։ Եթե հաշվի առնենք, որ ծուխն առանց կրակի չի լինում, ինչպե՞ս եք վերաբերվում նման արտահայտությանը։

-Սադրիչ հարց է։ Այո՛, առանց կրակի ծուխ չի լինում։ Եվ քանի որ ես մեր հասարակության մի մասնիկն եմ, համաձայն եմ. ավելի լավ է՝ հեռու մնալ։ Եվ եթե հանդիպենք միմյանց, ապա միայն ճաշասեղանի շուրջը, այլ ոչ թե՝ վիրահատական։

-Ընդհանրապես, ֆիզիկակական հիվանդություննե՞րն են հանգեցնում հոգեկան հիվանդությունների, թե՞ հակառակը։

-Նման հարցին չի կարելի միանշանակ պատասխանել։ «Առողջ մարմնում առողջ հոգի» արտահայտությունը խոր փիլիսոփայություն ունի։ Սակայն այն, կարծես թե, մեզ՝ հայերիս համար չէ, քանի որ մեր հոգեկերտվածքը բավական լուրջ փոփոխությունների է ենթարկվել, հեռացել մեր բուն արմատներից։ Ֆիզիկական հիվանդությունները չեն լինի, եթե ուղեղը, միտքը պայծառ են, իսկ մարդը հոգեպես հանգիստ և մաքուր է։ Դա ցանկացած փիլիսոփայության, նաև՝ հին հայկական բժշկության հիմնական սկզբունքներից է։

-Իսկ ինչպիսի՞ն է մեր այսօրվա հոգեկերտվածքը։

-Ցավում եմ, սակայն այսօր ես չեմ տեսնում ազգին բնորոշ հատուկ մենթալիտետ։

-Այսի՞նքն։

-Այսինքն՝ այն, ինչը որ ես այսօր տեսնում եմ, միգուցե ժամանակավոր, սակայն ազգի, հասարակության համար բավական վատ փուլ է։ Հասարակության ամենավառ ներկայացուցիչների, անհատականություննրի գերակշիռ մասն այսօր Հայաստանից դուրս է։ Նկատի ունեմ մեր մտավոր ներուժը։ Այսօր գիտնականների մեծ մասը Հայաստանում չեն աշխատում։ Տգեղ է նման ձևով արտահայտվելը, սակայն ես ինձ թույլ կտամ ասել՝  այսօրվա մեր մենթալիտետը չարչիությունն է։ Ա՛յն, ինչը բնորոշ է գլոբալացման ենթարկվող գրեթե բոլոր փոքր ազգերին, որոնք որ կորցնում են իրենց դեմքը, իրենց ամեն ինչը...

-Համաձայ՞ն եք այն տեսակետին, թե վերևից եկող ազդակները, նկատի ունեմ իշխանություններին, շատ բան են կանխորոշում ու թելադրում։ Եթե այո, ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն են իշխանություններից եկող ազդակները։

-Ես  մի փոքր կձևափոխեի սկզբունքային մոտեցումը. յուրաքանչյուր հասարակություն արժանի է իր իշխանություններին։

-Ծեծված արտահայտություն է...

-Քիչ առաջ Դուք ասացիք՝ չկա ծուխ՝ առանց կրակի։ Այն հասարակությունը, որն այսօր մենք ունենք, ես կբնութագրեի որպես հիվանդ հոգեկերտվածքով հասարակություն։ Իսկ նման հասարակությունը, բնականաբար, արժանի է համապատասխան իշխանությանը։ Իհարկե, դա շատ ցավալի է, սակայն միգուցե այս փուլում դա է մեզ հարկավոր։

-Երկար տարիներ Դուք հաջողությամբ աշխատել եք Միացյալ Նահանգներում։ Եթե Հայաստանում ամեն ինչ այսքան վատ է, ինչո՞ւ եք վերադարձել և փորձում եք այստեղ ինչ-որ բան ստեղծել։

-Վերադարձել եմ, որովհետև իմ կոչումը բժիշկն է։ Մեր հասարակությունը, միանշանակ, առողջ չէ։ Իսկ եթե ես բժիշկ եմ, պետք է լինեմ հիվանդի կողքին։

-Ե՞րբ կառողջանա Ձեր նշած հիվանդը։

-Ինձ չի թվում, թե մոտակա երկու սերունդ կտեսնի ցանակալի փոփոխությունները։ Հիշենք Աստվածաշունչը։ Ինչո՞ւ էր Մովսեսը 40 տարի դեգերում անապատներում. որպեսզի անցնի երկու սրունդ, մինչև ազգի միջից դուրս հանվի ստրուկի հոգեբանությունը։ Գաղափարը միայն դա էր։

-Փաստորեն, սխալվո՞ւմ են բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե իշխանություններին փոխելով՝ շատ խնդիրներ կլուծվեն։ Հասարակության մտածողությունը՞ պետք է փոխվի։

-Այո։ Նախ և առաջ, այսօրվա դրությմաբ, իշխանություններին փոխող ուժ ես չեմ տեսնում։ Ասեք ինձ՝ ո՞վ կարող է այսօր վերցնել իշխանությունը։ Արդյոք ունե՞նք խարիզմատիկ գործիչներ, արդյոք կա՞ ուժեղ քաղաքական ուժ...

-Որքանո՞վ է հիմնավորված այն դիտարկումը, թե սահմանափակ հնարավորություններով պետությունը սահմանափակում է նաև հասարակության մտածողությունը։ Օրինակ, ԱՄՆ-ի հնարավորությունները այնքան էլ սահմանափակ չեն, սակայն ասվում է, թե նրա հասարակությունը ռոբոտացված է։

-Չէի ցանական անդրադառնալ ԱՄՆ-ի հասարակությանը, քանի որ չեմ կարծում, թե այն նորմալ է։ Դա աննորմալ հասարակություն է։ Ճիշտ է, նրանք 19-րդ դարի վերջից վերացրեցին ստրկությունը,  սակայն ԱՄՆ հասարակությունը պլանտատորի մտրակը փոխարինել է կրեդիտ քարտերով։ Իրականում ոչինչ չի փոխվել. դա ստրուկների երկիր է։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա փոքր և ռեսուրս չունեցող երկիրը կարող էր օգտագործել իր մենտալ ռեսուրսները։ Եթե չեմ սխալվում, խորհրդային ճամբարի երկրների մեջ Հայաստանը տոկոսային հարաբերությամբ ուներ ամենաբարձր գիտական ներուժը՝ սկսած գիտնականներից, վերջացրած կատարած աշխատանքով։ Այսինքն, մենք կարող էինք զարգանալ որպես գաղափարների բանկ։ Ցավոք, միայն կարող էինք։ Ճապոնիան ևս շատ սահմանափակ ռեսուրսներ ունի։ Բնականաբար, չեմ համեմատում մեզ Ճապոնիայի հետ, սակայն Հայաստանը չի օգտագործում այն հնարավորությունները, որոնք ունի։ Անընդհատ սպասում ենք, թե ինչ-որ մեկը կգա և ինչ-որ մի բան մեզ կտա։

-Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ տարածաշրջանում դառնալու ենք առողջապահական կենտրոն։ Այդ որակի բժշկություն ունե՞նք։

-Անհատները բավական բարձր մակարդակի վրա են գտվում։ Սակայն քանի որ Հայաստանը աղքատ երկիր է, և չկան լուրջ առողջապահական ծրագրեր, ապա սուտ է, թե Հայաստանում բժշկությունն ամբողջովին բարձր մակարդակի վրա է։ Հնարավոր չէ ցածր կենսամակարդակով երկրում ունենալ բարձր մակարդակի բժշկություն։ Ինչ-որ բանի հասնելու համար անհրաժեշտ են լուրջ ծրագրեր, խոշոր ներդրումներ և այլն։ Ես չեմ գտնում, թե բժշկությունը եկամուտ բերող բիզնես է։  Բժշկությունն իր առաքելությամբ չի կարող լինել եկամտաբեր, դա հնարավոր չէ։

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը