Լրահոս

14.03.2013 15:03


Հստակեցվելու են անշարժ գույքի գնահատման ընթացակարգերը

Հստակեցվելու են անշարժ գույքի գնահատման ընթացակարգերը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքների նախագծերին, որոնց ընդունմամբ նման գործունեություն իրականացնող անձանց և ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման հսկողությունը լիարժեք կիրականացվի, կվերացվեն խնդրի կարգավորումը խոչընդոտող օրենսդրական բացերը։ Նիստում հավանության են արժանացել ՀՀ դատական օրենսգրքում և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, որոնք նպատակ ունեն բարձրացնել դատավորների ընտրության գործընթացի օբյեկտիվությունն ապահովող երաշխիքները, դատավորի թեկնածուների համալրման ցուցակի, ինչպես նաև հավակնորդների անունների հրապարակայնությունը և այլն։
Քննության առնելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Հարությունյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ ընտրական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքների նախագծերի փաթեթը` կառավարությունը դրա հանդեպ սկզբունքային առարկություն չի ներկայացրել։ Հեղինակն առաջարկում է վերացնել երկու օրենսգրքերի որոշակի անհամապատասխանությունները, որոնք վերաբերում են սոցիոլոգիական հարցման արդյունքները հեռուստատեսությամբ և ռադիոյով հրապարակելուն ներկայացվող պահանջներին և դրանց խախտման համար նախատեսված տուգանքներին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի հետ քննարկել օրինագծի մանրամասները, հանդես գալ միասնական դիրքորոշմամբ։
Գործադիրը քննարկել է «Բազմազավակ ընտանիքների աջակցության և բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանը և Հովհաննես Մարգարյանը։ Ըստ կառավարության եզրակացության, օրինագիծը չի համապատասխանում «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված հիմնական սկզբունքներին, ինչպես նաև կպահանջի լրացուցիչ ֆինանսական միջոցներ։ Ողջունելով նախագծի հեղինակների նպատակադրումը` կառավարությունն առաջարկում է խնդրին անդրադառնալ «ՀՀ բազմազավակ ընտանիքների աջակցության պետական ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման ընդունումից հետո` դրա համատեքստում։ Այս երկու պատգամավորները հանդես են եկել նաև «Հուղարկավորության կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ, որի նպատակն է ներմուծել մասնավոր գերեզմանատների ինստիտուտը, ինչն օրինական հիմքի վրա կդնի դրանց գործունեությունը։ Գործադիրն սկզբունքորեն ընդունելի է համարում առաջարկվող գաղափարը` հայտնելով, որ ՀՀ կառավարությունում մշակվել և այժմ քննարկման փուլում է համանման օրենքի նախագիծը։ Վերջին երկու օրինագծերի վերաբերմամբ նույնպես վարչապետը կարևորել է համագործակցությունը դրանց հեղինակների հետ` փոխադարձ ընդունելի փաստաթուղթ ստեղծելու և Ազգային ժողով ներկայացնելու համար։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

Այս խորագրի վերջին նյութերը