Լրահոս

14.03.2013 13:41


«Վրան չենք դնում, որ բլոտ խաղանք». քաշքշուկ Ազատության հրապարակում (տեսանյութ)

«Վրան չենք դնում, որ բլոտ խաղանք». քաշքշուկ Ազատության հրապարակում (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի համար այսօր Ազատության հրապարակի կանաչապատ հատվածում վրան տեղադրելը վերաճել էր ոստիկանների հետ քաշքշուքի։

Ոստիկանների հետ առանձնանալուց և զրուցելուց հետո, «Ժառանգության» անդամները տեղեկացրել են, որ վրանի տեղադրումը տեղափոխում են մինչև այսօրվա ժամը 17։30–ը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի բացօթյա ասուլիսից հետո։

Մենք կարող ենք հենց այս պահին էլ գնալ և տեղադրել, մենք դրա իրավունքն ունենք և դա կարող ենք ապացուցել՝ հենվելով օրենքի տառի վրա։ Բայց իմանալով հանդերձ, որ օրենքը մեր կողմն է, մենք այս պահին չենք ուզում, որ լարվածություն լինի, որովհետև փորձը ունենք, թե ինչը ինչից հետո կլինի։ Մի բան էլ։ Խնդրում եմ այս հարցով Րաֆֆի Հովհաննիսյանին մի դիմեք, քանի որ նա չի ուզում վրան տեղադրվի, որպեսզի լարվածություն չստեղծվի։ Մենք վրանը տեղադրում ենք առանց Րաֆֆի Հովհաննիսյանի հետ համաձայնեցնելու,–կուսակցական ընկերների հետ խորհրդակցելուց հետո ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։

Նա վրանն անգամ կանաչապատ գոտում չտեղադրելու ոստիկանության որոշումը զուտ քաղաքական է համարում։

–Իրենք շատ լավ գիտեն՝ վրանը չենք տեղադրում, որ բլոտ խաղանք։ Կդիմենք քաղաքապետարան, եթե անհրաժեշտ է՝ նաև Մշակույթի նախարարություն։ Ֆորմալություններ կան, որոնք պետք է պահպանենք,–ասել է Ռ. Հակոբյանը։

«Ժառանգության» մամուլի խոսնակն էլ հիշեցրել է 2011թ. նախադեպը, երբ նույն Ազատության հրապարակում թույլատրել էին հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրել։

–Եթե օրենք էինք խախտել, ուրեմն այն ժամանակ վարչական տուգանքի պետք է ենթարկվեինք,–ասել է Հ. Խուրշուդյանը՝ ընդգծելով, որ եթե մինչև այսօր՝ ժամը 17։30–ը, պատկան մարմինների կողմից վրանը տեղադրելու թույլտվությունը չլինի, իրենք, միևնույն է, այն կտեղադրեն։

–Հացադուլավորն ունի այդ իրավունքը,–եզարփակել է Հ. Խուրշուդյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը