Լրահոս

13.03.2013 14:46


Շուշան Պետրոսյանի՝ Գյումրիի համերգը հետաձգվել է անհայտ ժամկետով

Շուշան Պետրոսյանի՝ Գյումրիի համերգը հետաձգվել է անհայտ ժամկետով

Մարտի 13-ին ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի՝ Գյումրիում նախատեսված ջազային համերգը հետաձգվում է անհայտ ժամկետով: Պատճառն այն է, որ երգչուհին չի ցանկանում անախորժ դեպքեր գրանցվեն, քանի որ նախապես տեղյակ է, որ համերգը բոյկոտել կամեցող գյումրեցիները բողոքի ակցիա էին նախատեսել: «Ջազ Գյումրի» նախագծի հիմնադիր և համերգի կազմակերպիչ Մկրտիչ Մանուկյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է, որ Շուշան Պետրոսյանի ցանկությունն ու կամքն է եղել հետաձգել համերգը.

«Մանրամասները Շուշանից հարցրեք, ես էլ նրա հետ զրուցելու եմ, բայց տեղյակ եմ, որ հետաձգում ենք, ու պատճառն էլ մոտավորապես գիտեմ: Տեղյակ եմ, որ Շուշանը չի ուզում բոյկոտողների հետ միջադեպեր լինեն, բոյկոտողներ կլինեն, ոստիկաններ, չի ուզում անախորժ դեպքեր տեղի ունենան»։

Թե մինչև երբ է հետաձգվում Շուշան Պետրոսյանի ջազ համերգը, կազմակերպիչը առայժմ տեղյակ չէ:

«Կրքերը մի քիչ թուլանան, իրա հետ պիտի զրուցեմ, կրքերը հանդարտացնելու համար է՝ օր չենք որոշել, բայց հետաձգվում է»,- ասաց Մկրտիչ Մանուկյանը:

ԳԱԼԱ-ն փորձել է զրուցել նաև երգչուհու հետ, սակայն Շուշան Պետրոսյանը հեռախոսազանգերին չի պատասխանել:

Նշենք, որ «Բարև, Գյումրի» նախաձեռնող խմբի ակտիվիստները որոշել էին վաղը «Հոկտեմբեր» կինոթատրոնի դիմաց խաղաղ բողոքի ցույց իրականացնել՝ «Էրթաս բարով» խորագրով: Գյումրեցի ակտիվիստներին բարկացրել էր Շուշան Պետրոսյանի որոշ արտահայտություններ, որոնք նա հնչեցրել էր «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ» հաղորդման եթերից, որից հետո ձևավորված «Բարև, Գյումրի» խումբը որոշել էր բոյկոտել Շուշան Պետրոսյանի համերգը Գյումրիում: Հավելենք նաև, որ դեռ երեկ տարբեր լրատվամիջոցներ հրապարակում էին, որ համերգը կայանալու է, և Շուշան Պետրոսյանի հետ Գյումրի են ժամանում նաև ՀՀԿ կարկառուն մի քանի ներկայացուցիչներ՝ Հովիկ Աբրահամյանի և Գալուստ Սահակյանի գլխավորությամբ: Համաձայն այդ հրապարակումների՝ նաև պատրաստվում էին ավտոբուսներով հանդիսատես բերել Գյումրի:

Այս խորագրի վերջին նյութերը