Լրահոս

13.03.2013 14:04


13.03.2013թ. «ՀայԹեք Արմենիա» բրենդը ներկայացվեց աշխարհի խոշորագույն CeBIT 2013 տեխնոլոգիական ցուցահանդեսում

13.03.2013թ. «ՀայԹեք Արմենիա» բրենդը ներկայացվեց աշխարհի խոշորագույն CeBIT 2013 տեխնոլոգիական ցուցահանդեսում

Հայկական տեխնոլոգիական ոլորտի կազմակերպություններից բաղկացած պատվիրակությունը մասնակցեց սույն թվականի մարտի 5-9 Գերմանիայի Հանովեր քաղաքում կայացած CeBIT 2013 աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսին: Պատվիրակության մեջ ներառված էին Locator, Instigate, X-Tech, LimeTech ընկերությունների, Նորաստեղծ Տեխնոլոգիական Ընկերությունների Ասոցիացիայի (ՆՏԸԱ) ներկայացուցիչները: Պատվիրակությունը համակարգում և ղեկավարում էր Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ)` ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների Զարգացման և Շուկայի Մրցունակության ծրագրի և Նիդերլանդների Արտաքին Գործերի նախարարության առանձնացված ստորաբաժանման` CBI աջակցությամբ:

Հայկական բարձր տեխնոլոգիական լուծումները ներկայացված էին ԻՏՁՄ տաղավարում, որտեղից այցելուներին տեղեկատվություն էր տրամադրվում ոչ միայն ներկա ընկերությունների մասին, այլև` ԻՏՁՄ անդամ ընկերությունների, Հայաստանի` որպես բարձր տեխնոլոգիական ներուժ ունեցող երկրի մասին:

Հայկական պատվիրակությունը գործնական հանդիպումներ ունեցավ ավելի քան 250 ընկերությունների հետ Գերմանիայից, Ռումինիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Բելոռուսիայից, Ռուսաստանից, Ղազախստանից, Նորվեգիայից, Հունաստանից, Բանգլադեշից, Չինաստանից, Ճապոնիայից և այլ երկրներից:

«Համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերվել թե՛ Հայաստանում ԻՏՁՄ կողմից կազմակերպվող միջոցառումներին (DigiTec Business Forum, DigiTec Expo, ArmRobotics) արտասահմանյան գործընկերների մասնակցության, թե՛ գործընկերների կողմից Եվրոպայում կազմակերպվելիք միջոցառումներին Հայաստանի ներկայությունն ապահովելու վերաբերյալ»,- նշեց Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության տնօրենի տեղակալ Վահան Հովսեփյանը:  ԻՏՁՄ շարունակելու է իր ջանքերն արտաքին շուկաներում հայկական տեխնոլոգիական լուծումները ներկայացնելու և իրազեկությունը բարձրացնելու ուղղությամբ:

Պատվիրակության մեջ ներառված մասնավոր ընկերությունները նույնպես ձեռք են բերել գործնական պայմանավորվածություններ, որոնց իրագործումը պետք է սկսվի անմիջապես պատվիրակության վերադարձից հետո:

«Հայկական պատվիրակության մասնակցությունը CeBIT 2013 ցուցահանդեսին հնարավոր էր դարձել ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի աջակցությամբ: ««Ի-Դի-Էմ-Սի»-ի նպատակն էր աջակցել հայ ձեռներեցներին ներկայացնելու իրենց ՏՏ արտադրանքը այդ միջազգային հեղինակավոր ցուցահանդեսում, բարելավել մասնակից բիզնես հաղորդակցության հմտությունները և խթանել գործընկերային կապերի հաստատումը»,- նշեց ծրագրի ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ավագ փորձագետ Լևոն Գալստյանը:

CeBIT ցուցահանդեսին ներկայացվում են տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտների թվային լուծումներ կենցաղային և կորպորատիվ օգտագործման համար: Ցուցահանդեսը ոլորտի միտումներին ծանոթանալու, գործնական կապեր հաստատելու և պրոդուկներ ներկայացնելու միջազգային հարթակ է: CeBIT-ի հարկի տակ 70 երկրներից ավելի քան 4 000 ընկերություն է ներկայանում, իսկ այցելուների թիվը անցնում է 310 000-ը՝ աշխարհի շուրջ 110 երկրներից: Հայաստանյան ընկերությունները 2000 թվականից ի վեր բազմիցս մասնակցել են CeBIT ցուցահանդեսին:

Այս խորագրի վերջին նյութերը