Լրահոս

13.03.2013 13:02


Բաց նամակ ՀՀ նախագահին. «Խնդրում եմ Ձեր ուղղակի հորդորը որդուս՝ Սևակ Մինասյանի խափանման միջոցը օր առաջ փոխելու վերաբերյալ»

Բաց նամակ ՀՀ նախագահին. «Խնդրում եմ Ձեր ուղղակի հորդորը որդուս՝ Սևակ Մինասյանի խափանման միջոցը օր առաջ փոխելու վերաբերյալ»

 Մեծարգո պարոն նախագահ.

      Որդուս` Արմավիր քաղաքի բնակիչ, Արմավիրի քաղաքապետի 2011թ. ընտրություններում շուրջ 6 հազար ձայն (42,5%) քվե ստացած Սևակ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար, նրա նկատմամբ` որպես խափանման միջոց, ընտրվել է կալանավորումը, և ավելի քան 5 ամիս` 2012 թվականի սեպտեմբերի 26-ից նա գտնվում է կալանքի տակ:

       Դեպքը, ըստ քրեական գործի նյութերի, տեղի էր ունեցել 2012թ. սեպտեմբերի 26-ին, ժամը 12:30-ի սահմաններում: Նույն օրը հարուցվել էր քրեական գործը: Դեպից 2-3 ժամ անց, տեղեկանալով, որ հարուցվել է քրեական գործ, որդիս ինքնակամ ներկայացել էր իրավապահ մարմիններին և հավաստիացրել էր, որ ցանկանում է համագործակցել նրանց հետ` կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու համար: Նույն օրը, սեպտեմբերի 26-ին կայացվում են որոշումներ` նրան ձերբակալելու և քննչական խումբ ստեղծելու մասին: Քննչական մարմնի նման «օպերատիվությունը» կարող է փաստել և փաստում է մեկ բանի մասին. ազդեցիկ որոշ անձանց համար առիթ էր ստեղծվել որդուս «փակելու», և այն անմիջապես օգտագործվել էր: Ապօրինի, անգամ` անհեթեթ այդ գործողություններին պատշաճ կշիռ տալու համար ստեղծվել էր քննչական  խումբ` այն պատճառաբանությամբ, թե բացահայտման է ենթակա մի բարդ ու ծավալուն աշխատանք պահանջող քրեական գործ: Ինչ՞ու, մեծարգո պարոն նախագահ, ես անհրաժեշտ համարեցի հնարավորինս հակիրճ ներկայացնել Ձեզ վերոգրյալը այն դեպքում, երբ իմ խնդրանքի առարկան` արդեն դատաքննության փուլում գտնվող վարույթին միջամտելը չէ: Պատճառները երկուսն են. նախնական կալանքի տակ գտնվող որդուս առողջական վիճակն օրեցօր վատթարանում է, և նրան բարոյապես ու ֆիզիկապես ոչնչացնելու գործելակերպը որդեգրած քննչական և այլ «խմբերին» սթափեցնելու միակ միջոցն է` Ձեր ուշադրությունը գրավել զավակիս նկատմամբ ամիսներ առաջ սկսված ու առ այսօր իրականացվող բացահայտ խոշտանգումների փաստին...

    Բժշկական փաստաթղթերը վկայում են, որ որդուս` Սևակ Մինասյանի մոտ առկա են. «Ողնաշարի գոտկասրբանային բաժնի դեգեներատիվ փոփոխությունների MP պատկեր-սպոնդիլոզ, ֆորմինալ պրոտրուզիա մինչև 2մմ` համապատասխան միջողային անցքի աննշան նեղացումով, խառը պրոտրուզիա` մինչև 7մմ դուրալ պարկի դեֆորմացիայով, ներգանգային հիպերտենզիայի MP պատկեր...»: Այդ փաստաթղթերը, որոնք կազմվել էին դեռ 2012թ. մարտին, գտնվում էին և' խափանման միջոցը ընտրող քննիչների, և' դատարանների ձեռքի տակ: Այլ խոսքով, թե' իրավապահները, թե' դատավորները, մինչև շինծուգործի վերաբերյալ վերջնական դատավճիռը, գիտակցաբար դատապարտում էին որդուս դաժան տանջանքների: Հասկանալի է, որ շուրջ կես տարի բանտախցում գտնվելը էլ ավելի է ծանրացրել նրա առողջական վիճակը: 2013թ. փետրվարի 5-ին նա ստիպված է եղել ենթարկվել վիրահատության, քանի որ վերը նշված արատները, այն է ողնաշարի ճողվածքները, մեծացել էին ավելի քան 2 անգամ:

     Մեծարգո պարոն նախագահ.

     Նկատի ունենալով Ձեր վճռականությունը` իրականում բարեփոխել դատական, դատախազական, ոստիկանական համակարգերի գործունեությունը, հույսս չեմ կորցնում, որ անկողմնակալ դատաքննության արդյունքում կկայացվի օրինական ու արդարացի դատավճիռ: Սակայն դա երկար ամիսների հարց է, իսկ որդուս անհապաղ անհրաժեշտ են համալիր բուժումներ և տնային պայմաններ, այլ ոչ թե բանտախցի զուգարանները... Որդուս հակացուցված է կռանալը, անգամ չնչին ծանրություններ բարձրացնելն ու տեղափոխելը, ինչն անխուսափելի է մեկուսարանի պայմաններում: Այլապես, հիվանդությունըկառաջացնի անդառնալի հետևանքներ...

     Ես խնդրում եմ Ձեր ուղղակի հորդորը որդուս խափանման միջոցը օր առաջ փոխելու վերաբերյալ, հավաստիացնելով, որ Ձեզ դիմում է մի մարդ, ով երբևիցե չի դրժել իր խոսքը և չի խուսափել որևէ պատասխանատվությունից: Որդիս` նույնպես ...

 Սեդրակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը