Լրահոս

13.03.2013 12:29


Արմեն Մարտիրոսյան. «Պուտինը կարող էր ասել՝ 90%–ով ես հաղթել»

Արմեն Մարտիրոսյան. «Պուտինը կարող էր ասել՝ 90%–ով ես հաղթել»

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հանդիպմանը։ Մարտիրոսյանը բնական է համարել Պուտինի խոսքերը, թե Սերժ Սարգսյանը շուրջ 60% ձայնով վերընտրվել է։

Պուտինը կարող էր ասել՝ 90%–ով ես հաղթել։ Բայց արդյոք իրե՞նք են Հայաստանում իշխանություն ձևավորում։ Մեր Սահմանդրությունում գրված է, որ հայ ժողովո՛ւրդն է ձևավորում,–ասել է Մարտիրոսյանը՝ Պուտինի նման դիրքորոշումը պայմանավորելով զուտ սեփական երկրի քաղաքական շահերով։

–Կա Եվրասիական միության խնդիր, կա ղարաբաղյան տարածքների զիջման խնդիր, կա հայ–թուրքական արձանագրությունների հարց,–ասել է նա։

«Ժառանգություն» վարչության փոխնախագահը նաև կարծում է, որ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը մինչև ապրիլի 9–ը կլինի.

–Գործը ապրիլի 9–ին չի հասնի, որովհետև իշխանության մեջ ոչ միայն քրեաօլիգարխներն են, այլև քաղաքականապես ողջախոհները, և հույս ունեմ, որ երխոսության մեջ կմտնեն։ Մենք պաշտոնների համար չենք պայքարում, առևտրի մեջ չենք մտնում, մենք առևտրական չենք։

Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ–ի առանձին մասնակցելու հնարավորությանը, Ա. Մարտիրոսյանը դա նորմալ է համարել.

–Եթե ՀՅԴ–ն որոշի առանձին գնալ, խնդիր չկա, կարող են մասնակցել առանձին ցուցակով՝ Արմեն Ռուստամյանի գլխավրությամբ։ Բայց «Ժառանգությունը» կողմ է ավելի լայն ֆորմատին, քանի որ սա այլևս համազգային պայքար է, «Ժառանգության» խնդիր այլևս չկա։ Միասնական չգնալու հարցը ամբիցիաները չեն, այլ խնդիրներ կան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը