Լրահոս

13.03.2013 11:25


Ամերիկաբնակ իրավապաշտպանի նամակը Օբամային. «Սերժ Սարգսյանին ուղղված Ձեր շնորհավորանքը հիասթափեցնող էր»

Ամերիկաբնակ իրավապաշտպանի նամակը Օբամային. «Սերժ Սարգսյանին ուղղված Ձեր շնորհավորանքը հիասթափեցնող էր»

Ամերիկաբնակ իրավապաշտպան, ակտիվիստ և լրագրող Արա Մանուկյանը Հայաստանում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ բաց նամակ է հղել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային, որում ասված է.
«Հարգելի՛ պրն նախագահ,
Կուզենայի իմ մտավախությունները հայտնել Հայաստանի Հանրապետության գործող նախագահ Սերժ Սարգսյանին այդ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ ուղղված Ձեր շնորհավորական ուղերձի վերաբերյալ, որը ստացվել է նախագահական ընտրություններից 12 օր անց։ Այժմ հարց եմ Ձեզ ուղղում. ի՞նչ փոխվեց փետրվարի 18-ի և մարտի 2-ի ընթացքում, որ ստիպեց Ձեզ համոզվել, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները հուսալի են։ Ձեր շնորհավորական ուղերձի հետ զուգահեռ ներկայացվել են բազմաթիվ զեկույցներ, որոնք վկայում են ընտրակեղծիքների, այդ թվում նաև ընտրատուփերի լցոնման, ընտրակաշառք բաժանելու,հանգուցյալ անձանց անվան ներքո և մեկից ավելի անգամ ընտրելու մասին։ Հասարակության դժգոհությունն այս կեղծված ընտրությունների վերաբերյալ արտահայտվել է Հայաստանում և աշխարհի տարբեր հայկական համայնքներում իրականացվող զանգվածային բողոքի ցույցերի միջոցով։
Ես մշտապես մեծ հարգանք եմ տածել Ձեր անձի նկատմամբ, քանի որ Դուք հավատարիմ եք եղել ժողովրդավարական արժեքներին և օրինականությանը։ Սակայն ես գտնում եմ, որ 2013թ. մարտի 2-ին Սերժ Սարգսյանին ուղղված Ձեր շնորհավորանքը հիասթափեցնող էր և չէր համապատասխանում Ձեր սկզբունքներին։ Միացյալ Նահանգների պես հզոր պետությունից ստացված շնորհավորական ուղերձը պարզապես օրինականացնում է ընտրակեղծիքներն ու օգտագործվում Սերժ Սարգսյանի և իշխող էլիտայի կողմից նախագահի վերընտրման ծաղրական արդյունքները որպես ընդունելի ամրագրելուն։

ԱՄՆ-ում ծնված, նախագահական ընտրություններին մասնակցած Րաֆֆի Հովհաննիսյանն ընթացիկ տարվա մարտի 4-ին դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել փետրվարի 18-ին կայացած ընտրությունների արդյունքներն ու իրեն որպես նախագահ ճանաչել։ Այնուհետև մարտի 10-ին նա հացադուլ է հայտարարել այնքան ժամանակով, քանի դեռ Սահմանադրական դատարանը չի ընդունի այն հանգամանքը, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները փոփոխվել են հօգուտ Սերժ Սարգսյանի։ Բացի այդ, Հովհաննիսյանը պահանջում է, որ Սարգսյանն ընդունի տեղի ունեցած ընտրակեղծիքներն ու հրաժարական տա։
Բաց նամակիս չպատասխանելու կամ Ձեր շնորհավորական ուղերձը ետ չվերցնելու դեպքում ես հացադուլ կհայտարարեմ։ Ես համեստորեն խնդրում եմ Ձեզ հարգել հայ ժողովրդի ընտրությունն ու կամքը, ինչպես նաև մեր Սահմանադրական դատարանի անկախությունը՝ ետ վերցնելով ժամանակից շուտ հղված Ձեր շնորհավորական ուղերձը, քանի դեռ ՀՀ քաղաքացիներն անձամբ չեն լուծել առկա քաղաքական ճգնաժամը։
Հարգանքներով Ձեր՝ Արա Կ. Մանուկյան»։

Այս խորագրի վերջին նյութերը