Լրահոս

12.03.2013 17:22


Ուսումնական հրդեհ` մանկավարժական համալսարանում

Ուսումնական հրդեհ` մանկավարժական համալսարանում

Այսօր ՀՀ ԱԻ նախարարության աջակցությամբ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թիվ 3 ուսումնական շենքում անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժություն` հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման թեմայով։

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԱԻ նախարարության ՓԾ Երևանի փրկարար վարչության թիվ 3 և 8 հրշեջ-փրկարարական ջոկատները, ՀՀ ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները, «Երևան-գազ», «Երևանջուր» և «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունների վթարային ծառայությունների հերթապահ խմբերը, ինչպես նաև մանկավարժական համալսարանի աշխատակիցները:

Ուսումնավարժությանը ներկա էին ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը, ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը և այլ պաշտոնատար անձինք:

Ըստ սցենարի`մանկավարժական համալսարանի 3-րդ մասնաշենքի 4-րդ հարկի խորհրդակցությունների դահլիճում հրդեհ է բռնկվում, որը տարածվում և գրավում է մոտ 100 քմ տարածք: Ներսում գտնվող դասախոսական կազմն ու 1200-ից ավելի ուսանողներ արագ կարգով տարհանվում են:

Դեպքի վայր ժամանեց երեք մարտական հաշվարկ, երկու ավտոբաք և մեկ ավտոսանդուղք: Հրշեջ-փրկարարներն արագ կազմակերպեցին ներսում մնացած մարդկանց տարհանումն ու կինոլոգների միջոցով իրականացրեցին հետախուզություն: Միաժամանակ սկսվեցին նաև հրդեհաշիջման աշխատանքները:

Հետախուզության արդյունքում պարզվեց, որ կա վեց «տուժած», որոնք ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ և այլ վնասվածքներ: Նրանցից չորսին փրկարարները պարաններով իջեցրեցին 3-րդ հարկի, իսկ երկուսին, ավտոսանդուղքի միջոցով, 4-րդ հարկի պատուհաններից։ ՀՀ ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչության աշխատակիցների կողմից «տուժածներին» առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո վերջիններս շտապօգնութան մեքենաներով տեղափոխվեցին համապատասխան բուժհիմնարկներ:

Այս խորագրի վերջին նյութերը